воскресенье, 28 марта 2010 г.

ՅԱՂԱԳՍ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՈՒ ՊԱՏՈՒԱՐԺԱՆՈՒԹԵԱՆ ՄԵՐՈՅ

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՈԽԵՐԻՄ ԵՂԲԱՅՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՆՐԱ ՆՈՒԻՐԵԱԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆԸ

Ջա՜ն, Ազրբէյջա՚ն, Հէյ ջա՜ն,
Սաբահ խէ՚յր,
Սալա՚մ, բարե՚ւ...
Ջա՜ն։

Մղձաւանջային ժամանակների մի հայ բանաստեղծ


«ՀԱՅ ԿՈՉԵՑԵԱԼՆԵՐԻ ՔՕՂԱՐԿՈՒԱԾՆ ՈՒ ԲԱՑԱՅԱՅՏԸ»
Ադրբեջանական «Նաշ Վեկ» («Մեր Դարը») հասարակական քաղաքական թերթը իր 331-րդ թուի մէջ այսպէս է վերնագրել մի յօդուած որ կարելի է ամբողջութեամբ ընթերցել նաեւ համացանցային http://nashvek.media-az.com/331/sled.html կայք մտնելով։
Յօդուածը սկսւում Է այսպէս.
«Նալբանդեանի գաղափարը մեկնաբանելով՝ նրա վարքագիր Կարէն Ա. Սիմոնեանը ընդհանրացնում է. "Անհրաժեշտ էր շօշափելի, տեսանելի մի բան... Ասենք, հէնց քարտէզ... Հայաստանի քարտէզը, որի վրայ լինէին այս հրաշք գետակները եւ կիրճերը, հարթավայրերն ու լեռները (անշուշտ, Արեւմտեան Ադրբեջանի - Ա.Ի.), Սեւանայ (այսինքն Գէյչա– Ա.Ի) ու Վանայ լճերը, հինաւուրց Նախիջեւանը, Տիգրանակերտը (տարբեր ժամանակներ Մարիտրոպոլիս եւ Մայաթորիկին) , Վաղարշապատը, Կարսը եւ միւս (աւելացնենք Ադրբեջանի եւ Թուրքիայի - Ա.Ի) քաղաքները, Հայկական բարձրավանդակը (նկատի ունի ամբողջ Փոքր Կովկասը - Ա.Ի.), Եփրատն ու Արածանին (...), Արաքսն (Արազ) ու Հրազդանը, Նեմրութայ սարն ու Արարատը (Աղրիդաղ), որ վաղնջական ժամանակներից ի վեր իր ձիւնոտ երկու գագաթները երկնքի մէջ մխրճած, պահել–պահպանելու է իրեն վստահուած Արարատեան աշխարհը, Հայոց աշխարհը (Կարէն Ա. Աիմոնեան, Միքայէլ Նալբանդեան, Մատենաշար «Նշանաւոր Մարդկանց Կեանքը», Մոսկուա, 1984, էջ 206, ռուսերէն թարգմանութիւն)։
Այսպիսով,— շարունակում է «Ա.Ի.» ստորագրող հեղինակր,— 19-րդ դարի կէսերին հայերի համար գաղափարական ու քաղաքական առումով արդիականացուել է իրենց տարածքային նկրտումների «նիւթական» հիմնաւորումի հարցը։
...Աւելին, աշխարհագրական կեղծ քարտէզներով եւ հնէաբանական կասկածելի գտածոներով հայերն սկսեցին զեղծարարական աշխոյժ մի գործունէութիւն՝ գողանալով ու իւրացնելով ոչ միայն ուրիշի մշակոյթր, այլեւ ուրիշի պատմութիւնը»։
Քիչ անց հեղինակը պատմում է մի քարի մասին, որի վրա «արձանագրուած են ինչ որ հայկական տառեր... եւ իբր այդ արձանագրութիւնր վկայում է Էրեբունիի հիմնադրման թուականը եւ իբր հնագոյն ժամանակներին Էրեբունի է կոչուել ադրբեջանական քաղաք Իրավանը»։
Ի դէպ, հէնց միայն Արարատը կամ Երեւանը թուրքերէն անուանափոխութեամբ՝ դրանք Արեւմտեան Ադրբեջան համարելը ինքնին անհեթեթութիւն է։ Թէկուզ այն պարզ պատճառով որ «Ադրբեջան»ը ոչ թէ էթնոսի անունով է հաստատւում, ինչպէս, օրինակ «հայ–աստան»ը կամ «յոյն-աստանը», այլ ինքնին տեղանուն է եւ նշանակում է «ատրուշանների երկիր» եւ այսպէս կոչւում է Հիւսիսային Պարսկաստանը։
Նաեւ, հայերը «քարթվելի» ժողովրդին ի սկզբանէ անուանել են «վրացի», այսինքն «վիրքի բնակիչներ»։ Եւ գիտեն որ այս հայերէն անուանումը բնաւ չի նշանակում, թէ քարթվելիները հայեր են։
Այսքանով կարելի էր «Նաշ Վեկ»ի հեղինակի իսկական կամ միտումնաւոր տգիտութիւնը արձանագրելով՝ հարցը գոցել։
Բայց այդ յօդուածը վերոյիշեալով չի սահմանափակւում։ Պարբերականը շարունակում է եզրակացութիւններ կատարել՝ այս անգամ արդէն խարդախելով ոչ հեռաւոր անցեալի իրադարձութիւնները։
«Ստեղծել կեղծ պատմութիւն, եւ յետոյ պարծենալ այդ պատմութեամբ՝ հայերի գործելակերպն է... Ապացոյցը ՝ արտաքին աշխարհի համար հայկական արշիվների փակ լինելը»— յայտարարում է յօդուածագիրը եւ շարունակում. «Կովկասի ժողովուրդների պատմութեան զեղծարարութեան ոչ պակաս կարեւոր ուղղուածութիւնը հանդիսանում է հայերի ճիւղաւորուած եւ լաւ կազմակերպուած գործունէութիւնը ադրբեջանական, վրացական եւ այլ ժողովուրդների պատմութեան իրադարձութիւններն ու փաստերը արտացոլող պատմական փաստաթղթեր եւ արշիվային կարեւոր նիւթեր գողանալր։ Նմանօրինակ գործունէութիւնը մի նոր մոլեգնութեամբ թարմացուեց 80-ականների վերջին ու 90– ականների սկզբին, երբ բազմաթիւ հայեր որոշեցին կամովին է ( ՞ - Կ.Ա.Ս.) լքել Բաքուն եւ Ադրբեջանի միւս քաղաքները։ Այդ ժամանակ էր որ հայերը բառիս բուն իմաստով կողոպտեցին մեր գրադարանները. ոչնչացրեցին բազմաթիւ գրքեր, որոնք ճշմարտացի պատմութիւն էին պարունակում հայ ֆաշիստների արարմունքի մասին Ադրբեջանի տարածքի վրայ 20-րդ դարասկզբին։ Աովետական տարիներին Բաքուի՝ առանց բացառութեան բոլոր արշիվներում նպատադրուած կերպով տեղաւորուել էին հայ ազգի անձինք։ Նրանց օգնութեամբ աղքատացան մեր արշիւները, անհետացան թանկ արժէք նիւթերը»։
...«Նաշ Վեկ»ի հեղինակը մի իւրայատուկ, բայց արդէն բաւականին մաշուած «տրամաբանութեամբ» մեկնաբանում է Հայ ժողովրդի նկատմամբ իրականացուած Ցեղասպանութիւնը Թուրքիայում։ «Հայերի եւ հայամոլութեան պատմութեան վրայ նետուած նոյնիսկ թռուցիկ հայեացքը հնարաւորութիւն է տալիս որսալ մի հաստատուն եւ պատմականօրեն կրկնուող միտում — իրենց իւրաքանչիւր հերթական խոշոր ոճրագործութիւնից առաջ հայերը թուրքերին եւ ադրբեջանցիներին սադրել են պատասխան գործողութիւնների, որոնց հետեւանքով զոհուել են մի քանի հայ, հաճախ գաղտնաբար սպանուած լինելով հէնց իրենց՝ հայերի ձ եռքով։ Բազում անգամ այդպէս է եղել Թուրքիայում, եւ հայերը նոյն միջոցը կիրառել են Ադրբեջանում։ Այդ սադրանքներից յետոյ ստանալով խոշոր պետութիւնների եւ առաջին հերթին Ռուսաստանի ռազմական, դիւանագիտական եւ դրամական զօրակցութիւնր՝ հայերը իրականացրել են տեղի բնիկ ազգաբնակչութեան կոտորածը, քաղաքներն ու գիւղերը աւերելը, եւ կողոպտել են իրենց զոհերի ունեցուածքը»։
Յիրաւի, նորութիւն չէ կատարուած ոճիրը «բացայայտելու» այսօրինակ մօտեցումը որ թափառական կարծիք է դարձել՝ այս կամ այն ժողովրդի նկատմամբ կիրառուած ցեղասպանութեան փաստը մերժելու նպատակով։ Այն համոզումը, թէ մարդը կարող է սպանել իր զաւակին որպէսզի հարեւանին մեղադրի մարդասպանութեան մէջ ու դեռ փոխ-յատուցում էլ պահանջի՝ մեզ թւում է հիւանդ ուղեղի հետեւանք։ Բայց նաեւ նկատի ունենանք որ մարդու մտածողութիւնը ընդհանրապէս պայմանաւորուած է նրա քաղաքակրթութեան եւ բարեկրթութեան մակարդակով։ Դեռ այսօր էլ գոյութիւն ունեցող մարդակեր ցեղերը իրենց անտառներում համոզուած են, թէ ամենուրէք մարդիկ սնւում են մարդկային մսով։ Այս համոզումն ունեցող մարդակերը բնաւ էլ չի տառապում ուղեղի հիւանդութեամբ, այլ պարզապէս հաւատարիմ է իր ապրելակերպին ու կենսափորձին։
Յօդուածի հեղինակը բերում է ամենաթարմ փաստը.
«1988 թուականի Սումգայիթի բռնարարքը հանդիսանում է ճիշտ նոյն կարգի գործողութիւն որ պատմական յիշողութեան մէջ քաոս ստեղծելու ՝ հայերի պատմական ոճրագործութիւնների շղթայի բնօրոշ մի օղակն է»։
Եւ յօդուածի մէջ հէնց այս կէտից կիառւում է խարդախելու այն հնարամտութիւնը, երբ կեղծիքը զարդարւում է ճշմարիտ դրուագներով։ Կամ պարզապէս անդամահատւում է ճշմարտութիւնը...

...ԻՍԿ ՊՈՉԱՏ ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆԸ ԿՐԿՆԱԿԻ ԿԵՂԾԻՔ է
1988-ին, առաւել եւս քան երբեւէ, կոմունիստական վարչակարգը իր քաղաքական ոստիկանութեամբ (KGB) արտակարգ զգօն էր երկրում զարգացող իրադարձութիւնների նկատմամբ։ Եւ ինքնապաշտպանութեան համար ինչպէս միշտ՝ 1917-ի հոկտեմբերեան յեղաշրջումից յետոյ, կիրառում էր բոլոր միջոցները՝ առանց խտրութեան։ Հանրայայտ են 20-30-ականների զանգուածային գնդակահարութիւնները, ԳՈՒԼագն ու ժողովուրդների տեղահանութիւնները, բայց քչերը գիտեն որ խրուշչեւեան «ձնհալը» սկսուեց Նովոչերկասկ քաղաքի բնակչութեանը տանկերի տակ տրորելով։
Յօդուածի հեղինակի հետ մենք էլ չենք կասկածում որ Սումգայիթի ջարդերը մտայղացուեցին Կրեմլի մէջ։ Աւելին, 1988-ի փետրուարեան մէկ շաբաթ տեւող շուրջօրեայ ցոյցի հէնց առաջին օրուանից ինձ եւ իմ համախոհներին յայտնի էր որ Կրեմլը ծրագրուած ոճրագործութիւն է իրականացնելու։ Եւ այն ժամանակ, երբ ցոյցի առաջին օրն իսկ Վիկտոր Համբարձումեանի հեղինակութիւնը շահագործելով ԿԳԲ-ի ստեղծած «Ղարաբաղ կոմիտէ»ի երկու անդամները զարմանալի դիւրութեամբ մեկնեցին Կրեմլ ու յաջորդ օրը վերադառնալով՝ հարթակից տասնեակ հազարաւոր ցուցարարներին սկսեցին յորդորել պարպել հրապարակը, քանի որ իրենց գործողութիւններով «հայերը դաշիւն են մխրճում Գորբաչեւի թիկունքին», մենք զգուշացնում էինք, թէ ցոյցը ցրուելուն պէս Սումգայիթ քաղաքում ջարդեր են սկսուելու։
Ցուցարարները հաւատացին Կրեմլից յետ դարձած աղաւնիներին (նրանց «հայրենասիրական հեղինակութեան» ակունքը դեռ չէր բացայայտուած) եւ հրապարակը դատարկուեց։ Յաջորդ առաւօտ ծէգը ծէգին Երեւանի վրայ յայտնուեցին ռազմական ուղղաթիռները որոնց երեւանցիները անուանեցին «գարնանային ծիծեռնակներ»։ Իսկ օրուայ ընթացքին արդէն լուրեր հասան որ Սումգայիթում սկսուել է նախճիրը որն էլ չարագուշակ մի ազդանշան էր. եւ Ադրբեջան ապրող հայերը ոչ թէ կամովին լքեցին Բաքուն եւ Ադրբեջանի միւս քաղաքները, այլ մազապուրծ փախուստի դիմեցին դէպի Հայաստան եւ Ռուսաստան։ Անշուշտ, բացայայտ էր որ Կրեմլի այդ ծրագիրն իրականացրել է ադրբեջանցի տականքը։ Բայց Հայաստանի մէջ շատ լաւ գիտէին որ Կրեմլը փորձում է կոմունիստական վարչակարգի դէմ ուղղուած քաղաքական գործողութիւնները աշխարհին ներկայացնել իբր ազգամիջեան բախումներ որոնք կանխելու նպատակով Այսրկովկասեան երեք հանրապետութիւններում իրականացնելու էր ոչ թէ սոսկ ռազմական բացայայտ հսկողութիւն, այլեւ ռազմական դրութիւն ու բռնաճնշումներ։
Բնական է, սկսեցին տարածուել փոխ-վրէժի սադրանքներ որոնք գալիս էին կոմկուսակցութեան վերնախաւից եւ ԿԳԲ-ից։ Բայց դժուար չեղաւ կանխել այդ դրդումները, քանի որ ինքը՝ հայ հասարակութիւնը բարեբախտաբար հասկացաւ Կրեմլի «թղթախաղերը»։ Հայաստանի մէջ բնակուող ոչ մի ադրբեջանցի այդ առիթով նեղութիւն չունեցաւ։ Երեւանի թաղերով շրջում էին մեր երիտասարդները հսկելու համար որ յանկարծ որեւէ սադրանքի փորձ չլինի։ Յետագայ երկու տարիների ընթացքին ադրբեջանցիները վաճառեցին իրենց տները ժամանակի գներով եւ դուրս ելան Հայաստանից։ Յամենայն դէպս, ես քաջատեղեակ եմ Հրազդանի շրջանի Մեղրաձոր գիւղի ադրբեջանցիների վաճառքին, ի տարբերութիւն Բաքուի եւ Ադրբեջանի միւս քաղաքների հայերի, որոնք տունն ու տեղը թողած, մի կերպ կարողացան փախչել Հայաստան։
Նաեւ յայտնի փաստ է որ, իբր հայերին պաշտպանելու պատրուակով, սովետական բանակը ներխուժեց Բաքու եւ իրականացրեց ազգաբնակչութեան կոտորածը։ Նոյնպիսի կոտորած կազմակերպուեց նաեւ Թիֆլիսի մէջ, իսկ Երեւանի մէջ մի քանի հրապարակների վրայ շրջանաձեւ կանգնած էին սովետական բանակայինները իրենց սակրաւորական բահերով։ Ես զարմանում էի, թէ ինչու նրանք չեն զինուած։ Եւ մէկ տարի անց, արդէն Կրեմլի Գէորգիեւեան սրահի մէջ դիտելով վրացի դեպուտատ, կինոբեմադրիչ Շենգելայայի ներկայացրած թիֆլիսեան եղերական գիշերուայ տեսագրութիւնը, հասկանալի դարձաւ թէ ինչպէս զինուորի գօտուց կախուած սակրաւորական փոքրիկ բահի մէկ հարուածով հնարաւոր է մէջտեղից կիսել մարդու գլուխը։
Երեւանի մէջ բացայայտ արիւնահեղութիւն չեղաւ։ Փոխարէնը... փոխարէնը օգտագործուեց այսպէս կոչուած գեոֆիզիկական զէնքը, որպիսին չօգտագործելու մասին Սովետական Միութիւնը միջազգային պայմանագիր էր ստորագրել դեռեւս 1972 թուականին։ Այդ զէնքը յաջողութեամբ կիրառեցին Հայաստանի մէջ եւ մենք ունեցանք նախ «Լենինականի երկրաշարժը», ինչը հետագայում ճշտուելով ստացաւ «Սպիտակի երկրաշարժ» անունը։
Սակայն «Նաշ Վեկ» պարբերականի յօդուածի հեղինակը երեւոյթն այնպէս է ներկայացնում, կարծէս 1988-ին հայերն էլ, վրացիներն էլ, կովկասի թաթարներն էլ գաղութային նոյն տէրութեան մէջ չէին. կարծէս Կարպատներից մինչեւ Խաղաղ Ովկիանոս եւ Սառուցեալ Ովկիանոսից մինչեւ Արաքս գէտը նրանք մնացեալ հարիւրից աւելի ժողովուրդների հետ նոյն ռազմական ուժի, նոյն քաղաքական ոստիկանութեան եւ նոյն ոճրագործ վարչակարգի մէջ չէին գտնւում։ Ուստի իր տրամբանութեամբ հիացած՝ կատարում է հետեւեալ եզրակացութիւնը, թէ Սումգայիթի նախճիրը հայերի եւ հայ գաղափարախօսների կողմից արդէն իսկ
կանխամտածուած էր հայերին իւրայատուկ մի «ալիբի ապահովելու նպատակով, քանի որ հէնց նրանք՝ հայերն էին ադրբեջանցիներին, լեզգիներին եւ այլ ամբոխների սանդրել կոտորածի»։
Յօդուածի հեղինակը վկայակոչում է. «Լսենք հայ Ռոբերտ Առաքելովին. "Ստեփանակերտում (Խանքենդի) քաղաքային գործադիր կոմիտէում... ոչ յետին կարգի մի պաշտօնեայ տիկին բառացիօրէն ինձ հետեւեալն ասաց. "Սումգայիթը այնպիսի՜ մի յաջողութիւն էր, բայց, աւա՜ղ, մենք չկարողացանք լիակատար կերպով օգտագործել այդքան բարենպաստ պահը"»։
Սումգայիթեան եղեռնից մազապուրծ ազատուածների հարիւրաւոր վկայութիւնները տեսագրեց եւ ապա վերծանուած շարագրութիւնները հրատարակեց Սամուէլ Շահմուրադեանը՝ բացառիկ մի մտաւորական. քաղաքական գործիչ եւ զինուոր որ իսկապէս ազգային հերոսի կոչմանն էր արժանի, բայց «դժբախտաբար» զոհուեց պատերազմի դաշտում եւ ոչ թէ Ազգային ժողովի նախագահական սեղանի առաջ։
Ա.Ի. ստորագրութեամբ յօդուածագիրը անպայման հետազօտող գիտնականի հաւակնութիւններ ունի եւ այս պարագան յուշում է նրա հետեւեալ տողերը. «.Քիչ է ուսումնասիրուած հայկական յանցագործութիւնների կառուցուածքը եւ դրանց ընդհանուր ուղղուածութիւնր։ Դեռեւս չենք ուսումնասիրել եւ մեր դիրքորոշումը փաստարկելու համար դեռեւս չի օգտագործւում այս շղթան՝ գաղափար — "նախնական" յանցագործութիւնը իբրեւ աւելի լայնածաւալ յանցագործութիւնների առիթ որ հաշուարկուած է համաշխարհային հասարակայնութեան ապատեղեկացնելու համար (սումգայիթեան իրադարձութիւններ, 1968 թուականին Ստեփանակերտի մէջ հէնց հայերի կողմից հայ պատանու սպանութիւնը, ոչ մի յանցանք չունեցող թուրք ազգաբնակչութեան ջարղը եւ այլն) — այդ գաղափարի իրականացումը (լայնածաւալ յանցագործութիւններ) — մեղադրական գործունէութեան նոր ալիք։ Եւ առաւել եւս այն պատճառով որ հայկական յանցագործութիւններին վերաբերող մի շարք հարցերի, այդ թւում պատմութեան զեղծարարութիւնն ու օտարի մշակոյթր իւրացնելուն վերաբերող հետազօտութիւնը իրականացւում է ոչ թէ համապարփակ ընդգրկումով, այլ առանձին պատմական փաստերի եւ իրադարձութիւնների նկարագրութեամբ միայն, այսինքն պատմաբանների հնարաւորութեան սահմանների մէջ, որոնք նոյնիսկ այնքան էլ լաւ չեն պատկերացնում թէ ինչ բան է տրամաբանականն ու պատմականը, ինչպէս են դրանք համապատասխանտւմ տեսութեանը, ինչ բան է համակարգումը, կառուցուածքը, կառուցուածքի տարրը, ենթակառուցուածքըր եւ դերակատարումը։ Մինչեւ հիմա մեր հեղինակները չեն նկատում որ հայերը զեղծում են ոչ միայն ժողովուրդների ու հասարակութիւնների պատմութիւնր, այլեւ բնութեան պատմութիւնը»։
Իսկապէս, այս հեղինակը ինչ որ հպանցիկ տեղեկութիւններ ունի «տրամաբանականի ու պատմականի», ինչպէս նաեւ դրանք մշակուած «տեսութեանը» համապատասխանեցնելու «գիտութեան» մասին։ Այն «գիտութեան» որ մշակուել է կոմունիստական տիրակալութեան շրջանին եւ ծառայել է, այո՛ը, ամենալկտի զեղծարարութիւններին... Եւ զեղծարարներից է ոչ միայն Ա.Ի.–ին, այլեւ նրա յիշատակած «հայ Ռոբերտ Առաքելովը» եւ մէկ ուրիշ «խայ՝ Այւազեան ազգանունով»։ Սա արդէն Սուրէն Այւազեանն է որ, հայերէնին չտիրապետելով, սակայն, հայերէն եւ այն է գրաբարով է կարգում սեպագրերն ու գաղափարագրերը։ Ընդ որում, չկռահելով նոյնիսկ որ գրաբար նշանակում «գրաւոր լեզու» եւ այդ լեզուն եւս ստեղծուել է Սուրբ Սահակի եւ Սուրբ Սեսրոպի ջանքերով՝ այբուբենը յօրնուելուց յետոյ։

«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔ»
...Այս խօսուն խորագրով Մոսկուան հրատարակել է մի խոշոր հատոր որի հեղինակ Ս. Այւազեանը չորս տասնամեակ ի վեր «տրամաբանականն ու պատմականը սովետական վարչակարգի մշակած ու հաստատած տեսութեանը» համապատասխանեցնելու «գիւտեր» է կատարում։
Ահաւասիկ մի հատուած այդ գրքից, որ լաւագոյնս բացայայտում է հեղինակի հերիւրելու անամօթութիւնը. «Երեւան լոյս տեսնող "Ուրարտու" անկախ շաբաթերթի մէջ հրատարակուեց իմ յօդուածը "Արարատը՝ ռուսների օրրան" խորագրով: Այն տեղ համառոտակի շարադրել էի իմ վարկածը ռուսների ու հայերի ծագումի եւ նրանց հնագոյն պատմութեան մասին։ Վարկածը՝ որի էութիւնն այն է, թէ ռուս եւ հայ ժողովուրդների ծագումը այնքան խորն ու ընդհանուր արմատներ ունի որ նրանցից մէկի պատմութիւնը չի կարող հասկանալի լինել առանց միւսի պատմութեան, ձեւաւորուել է աստիճանաբար, բազմաթիւ լեզուաբանական, մշակութաբանական, մարդաբանական փաստերով, որոնք եղել են անբացատրելի, բայց միանգամայնբացատրւում են իմ վարկածի ենթաշարադրանքով»։
Հեղինակի «բազմաթիւ լեզուաբանական» յայտնագործութիւն-փաստերից գլխաւորը վերաբերում է էտրուսկներին։ Բոլոր հանրագիտարանների մէջ այդ ժողովրդի մասին լուսաբանւում է հետեւեալը, «Էտրուսկներ — etruschi (իտալ.), tusci (լատ.), rasna («Ազատներ» ինքնանունը) — Ք. ա. առաջին հազարամեակին Ապենինեան թերակղզու հիւսիս-արեւելքում (հին Էտրուրիա շրջան, ժամանակակից Տոսկանա) բնակուող, հռոմէականին նախորդող ու հռոմէականի վրայ խոշոր ազդեցութիւն թողած եւ զարգացած քաղաքակրթութիւն ստեղծած հնագոյն ցեղախմբեր»։
Իսկ նրանց երկիրը կոչուել է մի քանի տարբերակով՝ Etruria, Tuscia, Tyrsema, Tyrrhenia (տե՛ս նաեւ J. Martha, L'Art etrusque, Փարիզ, 1889)£ Այս «շուռ տուած խայը» չտիրապետելով հայերէնին, սակայն, լեզուաբանական փաստեր է յայտնագործել։ Նա պնդում է, թէ «ռուս» էթնոնիմը՝ ցեղանունը, հանդիպում է Ք.ա. 8-րդ դարի հայերէն ( ՞ - Կ.Ա.Ս.) սեպագրի մէջ։ «Հայոց լեգուով "էտրուսկ" բառեզրի ծագումը ծիծաղելու աստիճան պարզ է. հայերէն «էտ»–ը ինչպէս եւ ռուսերէն «էտո»–ն նշանակում է «այդ»։ «կ»–ն՝ հայերէնի մէջ հոգնակին է արտայայտում, հնչելով «Kհ» (ասել կ՛ուզի՝ «ք» — Կ.Ա.Ս.). իսկ «րուս»–ը արմատն է։ Այլ կերպ ասած՝ «էտրուսկ» հայերէն նշանակում է «էդ ռուսք» ՝ «այդ ռուսներն են»։
Դժուար չէ կռահել որ այս «լեզուաբանը» լողում է հայերէնի եւ ռուսերէնի հնչիւնների աւազանում եւ իր համոզմամբ որսում է ոսկի ձկնիկներ։
Իր իսկ բնորոշումով՝ ծիծաղելի է ոչ միայն «էտրուսկ» ցեղանունի ծագումը, այլեւ շուրջ 450 էջանոց մանրագիր ամբողջ «աշխատութիւնը»։
Չեմ կարող զսպել գայթակղութիւնս եւ չյիշել մէկ այլ զաւեշտ։ Երբ խմբագրում էի ռուսաց լեզուով «Լիտերատուրնայա Արմենիա» հայկական ամսագիրը, հաճախ էի նամակներ եւ նոյնիսկ խոշոր ծրարներ ստանում ռուսացած հայերի լեզուաբանական յայտնագործութիւններով։ Դրանցից մէկի հեղինակը իր բազմաթիւ ստուգաբանութիւնների մէջ «յատնաբերել» էր, թէ «Ամազոն» գետի անունը որ ռուսերէն կոչւում է «Ամազոնկա», հայերէնի ծագում ունի եւ նշանակում է «Ամենէն զորբա գետ»։
Այս երեւոյթը իր բացատրութիւնն ունի։ Կորցնելով Ինքնութիւնը, օտարին ձուլուած հայազգիները ձգտում են գոնէ այդ կերպ պահպանած լինել իրենց կորցրած ազգային արժանապատուութիւնը։ Բայց այս արդէն ուրիշ նիւթ է։
Գալով «էդ ռուսք»–ին, որոնց մասին վկայում են «հայերէն» սեպագրերը, բանից պարզւում է որ ոչ թէ նրանք են սլաւոնական ցեղերից մէկը, այլ «էդ ռուսք»–ից են
ստեղծուել սլաւոնական ժողովուրդները՝ լեհերը, սերբերը, չեխերը, բուլղարները եւ այլն...
Յիրաւի, երեւոյթը տխուր է։ Թէ «Նաշ Վեկ»–ի ադրբեջանցի յօդուածագիրը, թէ «խայ» Ս. Այւազեանը, թէ սրանց նման շատ-շատերը որոնք դպրոցական դասագրքերի տեղեկութիւններով զինուած վարձում են կերտել իրենց եւ օտար ժողովուրդների պատմութիւնը գուցէ նոյնիսկ ուշադրութեան արժանի չեն... Վերջապէս, ո՞վ չգիտէ...
Այստեղ ես մի պահ դադարում եմ ու մտածում...
Իսկ ո՞վ գիտէ...
Նրանք՝ ովքեր արդէն քանի տասնամեակ իրենց գիտելիքները, իրենց ճաշակը, իրենց մտածելու կարողութիւնը նուիրել են զանգուածային տեղեկատուութեան հրաշագործների՞ն... Մեր «խայ» լեզուաբանների՞ն՝ որ լեզու չգիտեն, պատմաբանների՞ն՝ որ տրամաբանականն ու պատմականը ենթարկում են վերուստ յանձնարարուած տեսութեանը. լսողութիւն եւ ձայն չունեցող երգիչ– երգչուհիների՞ն. անկիրթ ճաշակով արուեստաբանների՞ն. գեղարուեստի նկատմամբ խուլ գրականագէտների՞ն եւ ճարտարապետների՞ն. անաստուած հոգեւորականների՞ն...
Հեւոեւաբար, գուցէ իսկապէ՞ս պէտք չէ գործ ունենալ, նոյնիսկ պէտք չէ նկատել անբուժելի հիւանդութեւսմբ տառապող այդ մարդկւսնց ու նրանց յօրինուածքները։ Այն հիւանդութիւնը որ անուն էլ ունի՝ «ուղեղի մորմոք» (Ե. Չարենց)։
Սակայն բանն այն է որ «Նաշ Վեկ»–ի յօդուածագիր Ա.Ի.–ն իր խարդախումները հաստատելու նպատակով վկայակոչում է «ադրբեջանցի պատմաբաններ Զ. Բունիաթովին, Ի. Ալիեւին, Ֆ. Մասմեդովային, Թ. Քոչարլիին» եւ այլոց... Մենք քաջատեղեակ ենք ոչ միայն շարքի առաջին այս ազգանուններին, այլեւ նրանց բազմաթիւ հրապարակումներին որոնք առաւել աշխուժութեամբ լոյս էին տեսնում յատկապէս անցեալ դարի 70-ականների կէսերից, երբ Ադրբեջանի կուսակցապետ Հէյդար Ալիեւը սկսել էր պտտուել էր Քաղբիւրոյի շրջանակի մէջ։ Եւ մենք որեւէ կասկած չունէինք որ պատմութիւնը խարդախող այդ հրապարակումները փաստօրէն խրախուսւում են Կրեմլից։ Մեզ միայն անյայտ էր որ այդ պատմաբանների ձեռքին արշիւային փաստեր ընդհանրապէս չկան, քանի որ «խորամանկ հայերը խցկուելով զանազան արշիւային հաստատութիւններ, կողոպտել են թանկարժէք փաստաթղթերը», ինչպէս «Նաշ Վեկ» պարբերականն է գրում։
Զ. Բուբիաթովը, Ֆ. Մամեդովան եւ այլոք, բնական է, նոյն այդ 70-ականների կէսերից մեզնից ոմանց ուշադրութեան կենտրոնին էր։ Բայց միայն բանաւոր զրոյցների կամ գրական ժողովների ընթացքին։ Ոչ աւելին։

ՏԽՈՒՐ ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱԿՑԱՊԵՏԻ ԵՒ ՍՈՎԵՏԱՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԶՐՈՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Այդ նոյն տարիներին Հայասւոանի կոմկուսի կուսակցապետը «աւելի սերտ» հարաբերութիւններ ստեղծելու նպատակով երբեմն հրաւիրում էր գրողների շուրջ երեք տասնեականոց մի խումբ։ Մի քանի նման զրոյցների ներկայ գտնուելու առիթ ունեցել եմ։ Զրոյցները սկսւում էին կէսօրից առաջ եւ աւարտւում աշխատանքային օրուայ վերջին։ Կուսակցապետը մի քանի ժամ «մտերմիկ» երանգներով, երբեմն հայերէնով, հաճախ անցնելով ռուսերէնի, պատմում էր տնտեսական յաջողութիւնների, ինչ-ինչ հեռանկարների, նաեւ զարգացման ընթացքը խաթարող բացասական երեւոյթների մասին՝ որոնց դէմ պէտք է գործէին գրողները, բնական է, դրանով թեթեւացնելով կոմկուսակցութեան ծանր բեռը։ Բայց ինչո՞ւ... Որովհետեւ սովետական գրողները կոմկուսակցութեան վստահելի օգնականներն են, նրա, կարելի է ասել՝ աջ ձեռքը իշխանութիւնների նկատմամբ հասարակութեան հաւատն ու յարգանքը սերմանելու եւ սերմանուածն էլ աճեցնելու հայրենասիրական գործի մէջ։ Մի խօսքով՝ ճիշտ ինչպէս այսօր...
Զրոյցի երկրորդ մասի երկու-երեք ժամը նուիրուած էր լինում իրենց հայրենասիրական գործը գլուխ բերելու պատրաստ գրողների հարցումներին, որոնց կուսակցապետը իր՝ համեմատաբար երիտասարդական աւիւնով պատասխանում էր շա՜տ յանգամանօրէն, բացատրում էր գիտական ու ճարտարագիտական նրբութիւններ, որոնք տիրապետել էր մեքենագիտական մասնաճիւղում ուսանելիս եւ, անշուշտ, զարմացնում էր ներկաներին, քանի որ նախկին կուսակցապետերը ընդհանրապէս բարձրագոյն կրթութիւն չունենալով, աւելի շատ ապաւինում էին իրենց դիմաց դրուած թիւերին ու փաստերին։
Բայց ընդհանուր մթնոլորտի մէջ զգացւում էր կողմնակի դիտողին թերեւս բոլորովին անհասկանալի մի լարուածութիւն։
Եւ ահա տրւում էր առաջին ճակատագրական հարցը։ «Բա էս կաշառակերութեան դէմ ի՞նչ ենք անելու... նոյնիսկ օրինական հարց լուծելու համար ներքեւից մինչեւ վեր, դատաւոր լինեն թէ շրջանային խորհրդի պաշտօնեայ, կաշառք են ուտում»։ Մէկ ուրիշն էլ ճշտում էր. «Հարցն ապօրինի չեն էլ լուծում... անմիջապէս կը բռնուեն»... Ընդհանուր ժխորը շարունակւում էր մի քանի րոպէ եւ ընդհատւում կուսակցապետի միջամտութեամբ։ Յետագայ քառորդ ժամուայ ընթացքին նա կարողանում էր զարմանալի ճկունութեամբ հարցը դարձնել պաղպաղակ վաճառողների վրայ որոնք 9 կոպեկանոց պաղպաղակը վաճառում են 10 կոպեկով եւ 1 կոպեկ մանրը չեն վերադարձնում։ Բանից պարզւում էր որ մարդիկ իրենք են յանցաւոր այդ 1 կոպեկ մանրը վաճառողի կոկորդից բռնած՝ չպահանջելու համար։ Բայց այսքանով հարցը չէր փակւում եւ աւելի համարձակ մէկը կրկնում էր կաշառակերութեան չարիքի պատճառած բարոյական վնասները։ Այս արդէն չափազանց էր։ Կուսակցապետը ձեռքը զարկում էր սեղանին եւ խոստանում. «Էդ կաշառակերին բռնէք, բերէք էստեղ՝ որ պատժեմ»։ Երրորդ հանդիպման ժամանակ, քանի որ արդէն կարողացել էի վախս չափել տալ, կիսաձայն ասացի. «Գրողները իրաւապահ մարմինների ծառայողներ չեն»։ Սրահի մէջ մի քանի վայրկեան ծանր լռութիւն իջաւ եւ լսուեց կուսակցապետի ուրախ ծիծաղը. «Տեսնո՞ւմ էք ի՜նչ կադրեր է տալիս մեր պոլիտեխնիկը»։ Իմ թշնամիները հաճոյքով ժպտում էին, միանգամայն վստահ որ ստիպուած եմ լինելու նորէն վախս չափել տալ...
Ես նիւթից չեմ շեղւում։ Միայն կամենում եմ ներկայացնել այն անլուրջ մթնոլորտը որ գոյութիւն ունէր նման հանդիպումների ժամանակ։ Քանի որ արդէն աւարտին հնչելու էր աւելի ճակատագրական մի հարց։
Եւ երբ ոտքի ելաւ Բագրատ Ուլուբաբեանը սրահի վրայ նորէն իջաւ պայթուցիկ մի լռութիւն։ «Զիա Բունիաթովը մի նոր յօդուած է հրապարակել...»— շարունակութիւնը յայտնի էր եւ կուսակցապետի դէմքը լարուեց։ Բագրատին զօրաւիգ լինելու համար տեղից խօսեց Զարզանդ Դարեանը։ Ներկաները ցաւակցական հայեացքով նայում էին նրանց ու եւս երկու-երեք հոգու՝ որոնք պատրաստ էին հարկ եղած դէպքում պաշտպանելու նետուել հարցապնդողներին։
«Պոլիտեխնիկի կադրերը» յիրաւի բացառիկ էին, բայց այն դէպքում միայն, եթէ թրծուած էին լինում կոմկուսի հնոցի մէջ։ Այլապէս, առանց այդ հնոցի, նրանք ոչինչ չարժէին կուսակցութեան համար։ Այնպէս որ կուսակցապետը անմիջապէս կողմնորոշուելով սկսեց երկար-բարակ բացատրել, համաձայնել, յորդորել, կոչեր անել... Հաւատացնել որ պատմութեան փաստերն աւելի զօրաւոր են։ Եւ ի՞նչ կարիք կայ եղբայրական ժողովուրդի հետ հարաբերութիւններ լարել, երբ ինքներս լաւ գիտենք, թէ ովքեր են հայերը եւ ովքեր ադրբեջանցիները։ Կարեւորը՝ գիտութիւն կայ... Եւ այդքան դիւրին չէ գիտութիւնը աղաւաղել։ Եթէ բացայայտ է որ երկու անգամ երկուսը հաւասար է չորսի, էլ ի՞նչ կարիք կայ նորից ապացուցել, թէ ոչ հինգի է հաւասար եւ ոչ էլ երեքի կամ ութի։ Եւ այդ ամէնից յետոյ դարձեալ ուրախ ծիծաղով աւելացրեց. «Մի, արմեանէ, ասում եմ՝ մենք, հայերս, մի շատ լաւ խօսք ունենք՝ սաբակա լայետ... Շունը հաջում է՝ քամին տանում"»։
Ներկաները անկեղծօրէն ուրախացան այդքան համարձակ խօսքի վրայ եւ իրենք էլ քրքջացին, միաժամանակ գլուխներն օրորելով Բագրատի ու Զարզանդի կողմը։ Իսկապէս, հրաշալի պատասխան էր... Կուսակցապետը օրը ցերեկով, իր ժողովների սրահի մէջ ադրբեջանցի գիտնականներին... չէ, ինչո՞ւ որ... հէնց իրենց ադրբեջանցիներին «շուն» անուանեց... էլ ի՞նչ էք ուզում ա՛յ Բագրատ, ա՛յ Զարզանդ...
Բայց հարցապնդողներին միացան նաեւ միւս երկու-երեք հոգին... «Ուրեմն թողնելու ենք անպատասխա՞ն»։
Կուսակցապետը իրեն բնաւ չկորցրեց. «Կարծում էք ես խմբագի՞ր եմ... Ռուսերէն էք պատասխանելու չէ՞... Խմբագիրը ձեր մէջ չէ՞... Չասացի՞ լաւ կադրեր ունենք...»
(Շարունակութիւնը նորից այլ պատմութիւն է եւ բաւականին տխուր վախճանով, ինչը թողնենք մէկ ուրիշ առիթի)։
Ահաւասիկ այսպէս, արդէն քանի տասնամեակ մենք լռում ենք... Աւելի ճիշտ՝ լռեցնում են։ Նաեւ այսօր։ Քանի որ չի կարելի խափանել բարեկամական սիրոյ այն հարաբերութիւնները որ գոյութիւն ունեն քրիստոնեայ ռուսների եւ անտէր– անտիրական հայերի միջեւ։ Ահա թէ ինչու ոչ միայն բունիաթովների ու մամեդովաների, այլեւ զանազան «խայ»–երի «գիւտարարական վարկածներն» են մնում անպատասխան։
Իսկ մենք դեռ կարծում ենք, շարունակում ենք համոզուած մնալ թէ Հայ լինելու համար կարեւորը ոգին է եւ ոչ բնաւ այս Ոգու միակ կրողը՝ Լեզուն։ Կարծում ենք որ իրենց Ինքնութիւնը կամ իրենց ինքնահաստատումը ոչ թէ աւելի քան մէկ եւ կէս հազարամեակի հոգեւոր-մշակութային արժէքներին հաղորդակցուելով է դառնում իրականութիւն, այլ, օրինակ, դեռեւս տասը հազար տարի առաջ «հայկական սեպագրեր», առաւել եւս «հայկական այբուբեն» ունենալու կեղծիքը տարփողելով... Կամ սեփական յիրաւի տաղանդաւոր մի բուռ գրողներին ու արուեստագէտներին լուսանցքի մէջ թողած՝ գեղարուեստի հետ կասկածելի առնչութիւն ունեցող մի հեղինակի վէպ հրատարակելով, նաեւ այդ հեղինակին հրաւիրելով ու շքահանդէսներ կազմակերպելով... Քանի որ, գիտէ՞ք, այդ հեղինակի գրքերը շատ են թարգմանւում եւ եթէ նա մի տեղ գոնէ մէկ անգամ Հայաստանի անունը տայ՝ մեծ բան է։
Ես չեմ զարմանում գաւառական այս մարտնչող խաւարամտութեան վրայ։ Հայն այսօր որեւէ եզր չունի այն վիթխարի ժառանգութեան հետ որ ստացել ենք մեր նախորդներից։ Եւ կա՞յ հոգեզրկութիւնն ու անգիտութիւնը աւելի բացայայտող մի փաստ, քան այն ծաւալուող կարծիքը թէ «Ակսել Բակունցը հնացած գրող է»։
«Նաշ Վեկ» պարբերականի «Հայ կոչեցեալների քողարկուածն ու բացայայտը» յօդուածը սկսւում է իմ «Միքայէլ Նալբանդեան» վարքագրութիւնից բերուած մէջբերումով, որ նաեւ փակագծային սրբագրումների է ենթարկուել։ Այդ վէպը ռուսերէն թարգմանութեամբ, խմբագիր Վիկտոր Կալուգինի՝ պաշտօնից հեռացնելու գնով, լոյս տեսաւ Մոսկուա, 1984 թուականին։ Հայերէն հրատարակութիւնը արգելուեց (ինչո՞ւ...) եւ միայն քսան տարի անց, 2004-ին սիրայօժարութեամբ հրատարակեց Մկրտիչ Կարապետեանը որին ճանաչել եմ դեռ այն ժամանակներին, երբ նա Բիւրականի աստղադիտարանի գիտաշխատակից էր։ Եւ երախտապարտ եմ նրան։
Անշուշտ, վիրաւորական շատ բան կայ, երբ ադրբեջանցին ռուսերէն 150 000 տպաքանակով լոյս տեսած գրքից մէջբերում է կատարում պատմութիւնը հերթական անգամ խարդախելով ու ինձ մեղադրելով տեղանունների չարամիտ փոփոխութեան մէջ, իսկ հայ ընթերցողը հնարաւորութիւն չունի հաղորդակցուելու այն պատմութեանը, ինչը Ինքնութեան ճամբան գտնելու գլխաւոր միջոցներից մէկն է։
Նաեւ մտածում եմ. գոնէ մեր պատմութիւնը մեր ձեռքով կեղծողների՞ն կարողանայինք բացայայտել ու խարանել։ Այլապէս ի՞նչ է մնում մեզ. ընդունե՞լ, թէ այդ մենք ենք անարմատ ու դաշտագլոր մի ուղտափուշ, հանդուրժէ՞լ այն լկտիութիւնը, թէ մենք ենք սրի քաշել թուրք խաղաղ ազգաբնակչութեանը. համաձայնե՞լ թէ զբաղուած ենք մշակութային կողոպուտով, իսկ երբ չի յաջողւում՝ մշակութային արժէքների ջարդարարութեամբ։
Վերջապէս, հրաժարուե՞լ Հայերէն ապրելու այն երջանկութիւնից որ Աստուած է տուել մեզ...

Փարիզ
2007

1 комментарий:

  1. dorogoj Karen, spasibo sa statju. S interesom prochla,s bolju duschi, vnovj vosstanovilisj v mojej pamjati tjazhelije din 90-x.
    Rusanna
    Berlin

    ОтветитьУдалить