среда, 11 августа 2010 г.

«ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ...»

 Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ

Մի քանի էջ ամարնային յուշատետրից
Օգոստոս, 2008. Կանն

20 Օգոստոս, չորեքշաբթի.
...Ծովափին սովորական, արդէն մեքենական դարձած գործողութիւններից զատ, երբ պառկում ես աւագին, մի քիչ տապակւում բարկ արեւի տակ, յետոյ շտապում ես ջուրը մտնել, լողում ես՝ յիշելով եւ մտովի համեմատելով բոլոր այն ծովափերը որտեղ երբեւէ եղել ես. երբ ամէն կերպ փորձում ես փախչել քո մտորումներից, քո չգրուած գործերից, որոնք փորձում են շեղել նախաստեղծ ծովից, կապոյտ երկնքից ու շիկացած արեւից. երբ փորձում ես մտածել թէ ինչպէս կարելի է չմտածել, ուշադրութիւնդ գրաւում են երկու մանչուկ։ Նրանք ամբողջ օրը խուզարկում են ծովափնեայ վիթխարի ժայռաբեկորների մամռակալած կնճիռները եւ փոքրիկ դոյլերը ձեռքին՝ որոնում են... Ի՞նչ են որոնում... [...]
...Ուշ երեկոյեան Փարիզից հեռաձայնեց Լիլիթը։ Յուզուած էր։ Առաջին պահին անհանգստացայ... Բայց նա շտապեց յայտնել նորութիւնը։ Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հաւաքական խումբը պարտութեան էր մատնել Թուքիայի խմբին։
Ես մեծահոգաբար ժպտացի։ Մարզական յաղթանակներն ու պարտութիւնները բնաւ ինձ չեն յուզել։ Իմ խորին համոզմամբ այդ յաղթանակներն ու պարտութիւնները իրենց՝ մարզիկների գործն է։ Երբեմն միայն գնահատել եմ մարզական մրցումների գեղեցկութիւնը, եթէ անշուշտ, եղել է այդ գեղեցկութիւնը։
«Գիտեմ, թէ ինչ ես մտածում»,— բարկացաւ Լիլիթը։ Ստիպուած ասացի՝ «Լաւ է... Հիմա Երեւանի մէջ երեւի մեծ տօնախմբութիւն է...»։ «Ափսոս հեռատեսիլ չունես,— ասաց Լիլիթը։— Հիմա այդքան անտարբեր չէիր խօսի»։ «Իսկապէս լաւ է,— շտապեցի վերաբերմունք դրսեւորել։— Շատ աւելի լաւ, քան երբ պարում են Արագածի շուրջ կամ փղերի հարսանիք են անում հայկական ադաթներով ու կարմիր խնձորներով, որոնք ապացուցում են թէ մոսկովեան հարսնացու փիղը մինչեւ Հայաստան գալը իր կուսութիւնը չի կորցրել...»։ «Կատակի մի՛ վերածիր,— խնդրեց Լիլիթը։— Լուրջ բաներ են եղել»։ «Այո՛, ի յարկէ, ֆուտբոլի յաղթանակը աւելի գերադասելի է, քան քուրմերի օրհնած հարսանիքը, երբ ոչ ոք չի համարձակւում ճշտել, թէ հայ-հեթանոսական ադաթով առաջին գիշերուայ իրաւունքը քրմապետի՞նն է, թէ ամենատարեց քուրմինը»։ «Հայլուրն եմ միացրել... Լսի՛ր,— ասաց Լիլիթը։— Լսո՞ւմ ես... Մարզադաշտում եռագոյնն է բարձրացուել... Լսո՞ւմ ես... Մեր ֆուտբոլիստները "Մեր Հայրենիք..." են երգում՝ աջ ձեռքը սրտներին դրած... Լսո՞ւմ ես, ամբողջ մարզադաշտն է ոտքի կանգնած երգում»։
Կոկորդս սեղմուեց։ Աչքերս թրջուեցին։ «Ուրեմն, ոչ թէ զգաստ են կանգնել, այլ աջ ձեռքը սրտներին... Յետոյ՞»,— հարցրեցի ես։ «Յետո՞յ... Ես լաց եմ լինում»,— ասաց աղջիկս։
«Ես էլ,— խոստովանեցի ես։— Ոչ թէ յաղթանակի համար... Շա՜տ, շատ ապրեն մեր երիտասարդ ֆուտբոլիստները... Բայց երանի՜ ամէն մարզի մէջ մեր կիրակոսները նոյնպիսի պատասխանատուութիւն ունենան «Մեր Հայրենիք...»-ի նկատմամբ։
«Ի՞նչ ես ուզում ասել»,— հարցրեց Լիլիթը։
«Կը գրեմ՝ կ՛իմանաս»,— պատասխանեցի ես եւ փղձկացի։


21 Օգոստոս, հինգշաբթի.
Մանչուկները ջրասուզակի խողովակներով են շարունակում իրենց որոնումները։ Նրանք որոնում են, իսկ միւսները գտնում են։ Ծովային ոզնի, ծովաստղ, արծաթափայլ ձկնիկներ... Ծովային խեցգետին... Եւ ամէն անգամ երիտասարդ ու տարեց կանայք ոտքի են ցատկում իրենց լուսանկարչական գործիքներով։

22 Օգոստոս, ուրբաթ.
...Ինչո՞ւ փղձկացի։ Ի վերջոյ, մարզական այս յաղթանակը ոչինչ է մեր այն խոշոր հաշիւների մէջ որպիսին ունենք Թուրքական տէրութեան հետ։
Հաշիւներ՝ որոնց նկատմամբ ո՛վ ասես կեցուածք չունի։
Կեցուածքի տէր են առանց վերապահութեան հաշտարարները եւ սրանց հետ նաեւ «անցուկ-մոռցուկ» գետնաքարշ խելացիութեան քարոզիչները... Կեցուածքի տէր են մեծահոգի ժխտողականները՝ իրենց բազմախորհուրդ թուաբանութիւններով։ Եւ կեցուածք ունեն պահանջատիրականները, որոնք իրենց հերթին բաժանուած են զանազան ենթակեցուածքների։ Ենթակեցուածքային պահանջատիրականներ կան որ պատրաստ են բաւարարուելու Թուրքական կառավարութեան կողմից ներողութիւն խնդրելու բարեհաճութեամբ. եւ կան ենթակեցուածք ունեցողներ որոնք յորդորում են երկու ժողովուրդների անխախտ դաշինք պրոլետարական համերաշխութեան կարմիր դրօշի տակ... Նրանց, անշուշտ, այս պարագային սոսկալի խանգարում է մէջտեղ ընկած եռագոյնը։ Առայժմ...
Հաշիւներ մաքրելու մէջ իրենց աշխոյժ մասնակցութիւնն են բերում երեկուայ ծաղրածուների այսօրուայ սերունդները եւ համիդեան ջարդերը, Ստամբուլն ու արեան ծով դարձած գետերը անպատկառօրէն ներկայացնում են իբրեւ սոսկ սրամիտ մի զուարճախօսութիւն։ Ծաղրածուների մի խումբ էլ կայ որ պատրաստակամ է ազգային մեր ողբերգութիւնը վերջնականապէս յիշողութիւնից ջնջելու նպատակով, իբրեւ արտաշիրմած դիակ մեծահոգաբար մի նոր հերձումի յանձնել պատմաբաններին։ Այո՛... Թուրք եւ հայ պատմաբաններին, ովքեր համաշխարհային յեղափոխութեան եւ երբեմնի կայսրութիւնները վերականգնելու գործին երկուստէք ծառայել են պատմութիւնը զեղծելու հետեւողականութեամբ։
Այս ամէնին աւելացել են մերձգրական ու մերձմշակութային հտպիտներ որ լիուլի շահարկում են 1915-23-ի ազգային ողբերգութիւնը։ Իրաւունք ունեն... Քանի որ մեր կիրակոսների համար արուեստի գործի արժէքը դադարում է Գեղեցիկը լինել։ Եւ Ցեղասպանութիւնը նրանց ձեռքին դառնում է գաղափարախօսութիւն։ Ես բնաւ չեմ սխալւում պնդելով, թէ առաձնակի մի աշխուժութիւն է ծայր առնում այն ստեղծագործութիւնների նկատմամբ որտեղ շահարկուած է Ցեղասպանութեան մխացող մեր ցաւը։ Այլ կերպ ասած՝ ոչ ոք չի համարձակւում թոյլ գնահատել մի գործ՝ վէպ, ներկայացում կամ շարժապատկեր, որտեղ հեղինակը իր շատ կասկածելի յաջողութեան նախապայման է ընտրած լինում մեր բաց Վերքը։

24 Օգոստոս, կիրակի.
Կաննը զարդարուած է ֆրանսական եռագոյներով։ Անպայման տօնական օր է։ Փորձեցի քրքրել յիշողութիւնս։ Եւ չկարողացայ կռահել։ Մտմտուքների մէջ էի, երբ փողոցի ոլորանից յայտնուեց յիրաւի նախնադարեան մի հրասայլ... Վրան քօղարկող խայտաբղետ համազգեստ հագած երիտասարդներ ու աղջիկներ։ Յետոյ մի քանի «վիլլիս» եւ նոյնքան նախնադարեան։ Յետոյ զրահապատ որ յետեւից քարշ էր տալիս մի թնդանոթ։ Զինուորական համազգեստներով երիտասարդները ուրախ էին, նրանք բնաւ ռազմաշունչ տեսք չունէին... Պարզապէս Երկրորդ Աշխարհամարտից յետոյ մնացած ռազմական մեքենաներով դուրս էին եկել Կաննի փողոցներ նշելու համար քաղաքի ազատագրութեան տարեդարձը […]
...Երկիքը կապոյտ է։ Առանց ամպի փաթիլի նշոյլի։ Աչքերս կկոցած՝ նայում եմ վեր՝ անսահմանութեանը եւ լսում եմ ափին փշրուող ալիքներին։ Այդ անսահմանութեան մէջ շարունակում եմ տեսնել աջ ձեռքը սրտներին դրած եւ Հայաստան պետութեան փառերգը երգող երիտասարդ մարզիկներին։
Մինչ փառերգ դառնալը ազգային մեր մարտակոչը Միքայէլ Նալբանդեանը գրեց արտասահմանեան երկարատեւ իր երկրորդ1 ուղեւորութեան օրերին՝ 1859 թուականին։
Մեր զեղծուած եւ պոչատ ազգային պատմութեան խորքերը թաքնուած ժամանակներն էին, երբ հայ մարդու գիտակցութեան մէջ ծնւում եւ ձեւաւորւում էր ազատագրութեան հեռանկարը։ Հայաստանը թէեւ բաժանուած էր երկու վայրագ կայսրութիւնների միջեւ, սակայն ազատագրութեան նոյն հեռանկարով էին ապրում թէ՛ թուրքահայերը եւ թէ՛ ռուսահայերը։
Այս էր պատճառը որ Միքայէլ Նալբանդեանին Պոլիսը դիմաւորեց բացառիկ խանդավառութեամբ՝ իբրեւ ճանաչուած ու վստահելի համազգային գործիչի։ Չեմ ուզում յիշողութեամբ մէջբերել այն հրապարակումները որ նուիրուած էին Նալբանդեանի այցելութեան։ Պոլսահայերը վստահ էին թէ Միքայէլը մօտից ճանաչելով ազգային գործիչներին՝ միջնորդ պէտք է լինի Ռուսաստանի հայութեան եւ իրենց համար, որպէս զի... այս յանգամանքը երբէք պէտք չէ մոռանալ... որպէսզի «եթէ չկարողանային միանալ միեւնոյն հողի վրայ, գոնէ միայնային սրտով ու իղձերով... Քանի որ պէտք է բոլորը տեսնեն թէ մի հայ ազգ կայ որ թէեւ ցրուած ու աստանդական, սակայն բարոյապէս միասնական է ու անբաժանելի»։
Միքայելը հիմնադրեց մի կազմակերպութիւն որ կոչուելու էր Բարեգործական։ Հաւատարիմ բազկակիցներն էին Մկրտիչ Պէշիկթաշլեանը, Յովհաննէս Քեատիպեանը, Յովսեփ Նուրիջանեանը, Միքայէլ Ռափայէլեանը, Տիգրան Փեշտիմալջեանը եւ, անշուշտ, Յարութիւն Սւաճեանը... Ընկերութեան ժողովները Պոլիս գտնուելու ընթացքին գլխաւորում էր Միքայել Նալբանդեանը։ Այդ ժողովները տեղի էին ունենում Մեծ Նոր Քարւանսարայի վերի եւ վարի դռների միջեւ գտնուող սենեակի մէջ։ Ուստի առ ժամանակ անց դրանք յայտնի դարձան իբրեւ «Դռնամիջեան ժողովներ»։
«Այդպիսի մարդ մենք այլեւս չտեսանք»,— տարիներ անց խոստովանում էին Պոլսոյ մտաւորականները։ Իսկ թերթերից մէկը գրեց «Այդ ժամանակներից ի վեր պոլսեցիները աւելի նպաստաւոր կարծիք կազմեցին ռուսահայերի մասին»։
Այս մանրամասները միշտ պէտք է յիշել, քանի որ «Դռնամիջեան ժողովների» ընթացքին ծրագրւում էր Զէյթունի ապստամբութիւնը։ Բայց ազատագրական այդ վիթխարի ծրագիրը անկատար մնաց, քանի որ դէպքերը զարգացան մէկ այլ ուղղութեամբ... Եւ 1862-ին Միքայէլն արդէն կալանուած էր Ս.Պետերբուրգի Պետրոպաւլովեան ամրոցի մէջ։
Եւ «Մեր Հայրենիք...»ը հէնց այդ շրջանին էր որ դարձաւ համազգային ազատագրութեան խորհրդանիշ, այնուհետեւ՝ ազատագրութիւնը մարմնաւորելու տանող ոգեղենութիւն։
[…] Երեկոյան թնդացին համազարկեր եւ երկինքը հրավառուեց։ Մտքովս անցաւ, թէ ինչ հրաշք կը լինէր, եթէ համազարկերը տրւէին նախնադարեան թնդանոթով որ կէսօրին քարշ էր տալիս զրահապատը։ Բայց գուցէ ի զուր էի կասկածում։ Աւանդապաշտ եւ իր պատմութեան ամէն դրուագը յիշող ֆրանսացուց միանգամայն սպասելի է Առաջին Աշխարհամարտի օրերին կրակող թնդանոթը նորէն գործի դնելը։
Յիշողութիւնը է՛լ աւելի ամրապնդելու նպատակով։

25 Օգոստոս, երկուշաբթի.
Մինչեւ ծովափ իջնելը, սովորականի պէս, նստեցինք սուրճ խմելու։ Իսկ քովի սեղանին գարեջուր էին խմում։ Ռուս նաւազներ էին։ Միջին տարիքով եւ մօրուքաւոր նաւազը անգլերէնով խնդրեց լուսանկարել ինձ ու Անահիտին։ «Пожалюста»,— ասացի ես։ Նաւազը անակնկալի եկած՝ չկարողացաւ զսպել իրեն։ «Твою мать» գոչեց նա անսահման իր ուրախութեամբ որ սովորաբար արտայայտւում է նոյն բառերով, որոնք նայած յուզականութեան որակին՝ տարբեր են լինում երանգներով։ Եւ ես, բնական է, պատասխանեցի նոյն ուրախութեամբ եւ յուզմունքով՝ « Мать твою»։
«Վլադիմիր»,— մօտեցաւ ու ներկայացաւ նա։
Սեղմեցի նրա ձեռքն ու ես էլ ներկայացայ։
«Ուրեմն, հայ ես,— իմ անունից կռահեց նա եւ անմիջապէս ենթադրեց, որ յեղափոխութիւնից գլուխներն ազատածների սերնդից եմ։— Արքայակա՞ն տնից էք, թէ նախարարական»,— փորձեց կռահել Վլադիմիրը՝ հաստատ ինչ որ բաներ շփոթելով։
— Նախարարակա՛ն,— խօսքի մէջ մտաւ Գրիգոր թոռնիկս որ մասնագիտանում է ծինաբանական ճարտարագիտութեան մարզի մէջ։
— Գրիգորը իրաւացի է,— ասացի։— Միայն թէ մենք չհասցրեցինք 17-ից փախչել։ Մազապուրծ եղանք 15-ի Աղէտից։
— Ձերոնք կարողացան ազատուել սովետից,— ասաց Վլադիմիրը։— Մենք մի քանի տուփ ծխելիք ունենք։ Աժան ենք տալու...
— Ծխողներ չենք,— պատասխանեցի։
— Սովետից ազատուելը դժուար բան էր, չէ՞։
— Ի յարկէ... Հիմա ազատագրուել ենք ինչպէս Հունգարիան իր 1956-ով, Չեխոսլովակիան իր 1968-ով...
— Ամէն ինչ հասկանալի է,— ասաց Վլադիմիրը։— Ասում են իբր մենք էլ ենք ազատագրուել։
Մօտեցաւ մատուցողը որին բացատրել էի մեր նորածանօթ նաւազների ծխելիքի խնդիրը։ Երեք խոշոր տուփ վերցրեց։ Վճարեց։ Հեռացաւ։
— Շնորհակալ եմ,— ձեռքը նորէն ինձ պարզեց Վլադիմիրը։
— Մի՛ հաւատաք, դեռ ոչ ոք չի ազատագրուել։
— Твою мать — հրաժեշտ տուեց Վլադիմիրը։— 1956-ն ու 1968-ը ի՞նչ են 1937-ի դիմաց։ Մենք դեռ 37-ի Չէկիստականն ենք։
— Мать твою,— ասացի ես։— Բարեյաջող նաւարկութիւն եմ մաղթում։
[…] Ի յարկէ, օրինաչափ էր ու բնական, երբ 1918-ին Սարդարապատի ճակատամարտին թուրքական կանոնաւոր բանակը որ զինուած էր Լենին փաշայի ուղարկած ռազմամթերքով ու զէնքով, այնուհանդերձ ջախջախիչ պարտութիւն կրեց։ Մինչեւ հիմա Կարսի թանգարանում ցուցադրւում է ռուսական ռազմական օգնութիւնը թուրքերին հասցրած վագոններից մէկը՝ համապատասխան մակագրութեամբ։
Սարդարապատի ճակատամարտին թուրք-ռուսական յեղափոխական կարմիր չարորակ ուռուցքը կտրելով՝ հաստատուեց Հայաստանի Հանրապետութիւնը։
«Մեր Հայրենիք...»ը առանց այլ եւ այլի ազատագրութեան մարտակոչից դարձաւ միակ Ազատ ու միակ Անկախ մեր հանրապետութեան փառերգը։
Իբրեւ փառերգ՝ նրա կեանքը տեւեց երկու տարի միայն։ Վերականգնուեց ռուս-թուրքական յեղափոխութեան առանցքը եւ Սմոլնին իր բարեկամ թուրքական ուժի սպառնալիքով աքցանի մէջ առաւ մեր արարատեան հանրապետութեան օրինական իշխանութիւններին եւ նրանց ստիպեց երկիրը յանձնել կոմունիստ «հայերին»։ Այդ տեղի ունեցաւ 1920 թուականի Դեկտեմբեր 3-ին եւ սովետահայ պատմագրութեան կողծիքների շարքը սկսւում է մի յօրինուածքով, թէ Հայաստանը իր կամքով է վերստին յայտնուել գաղութային երբեմնի կարգավիճակի մէջ։
«Մեր Հայրենիք...»ն անցաւ ընդյատակ եւ շարունակեց ապրել ազգային յիշողութեան եւ մարդկանց սրտերի մէջ։ 1940-ականներին, երբ մի մատ երեխայ էի, իմ մեծ մայրերը ինձ համար երգում էին Ռափայէլ Պատկանեանի «Օրօրոցային»ը եւ «Մեր Հայրենիք...»ը։ Յետոյ... յետոյ յատնուեցին ոմանք եւ փորձեցին ընդյատակից էլ կորցնել երբեմնի պետական մեր փառերգը, վերջնականապէս թաղել այն, փոխարէնը վարժեցնել որ պատանիներս, երիտասարդներս, ապա հասուն մարդիկ՝ զգաստ կանգնենք գաղութային խայտառակ հիմնը հնչելիս։ Ոչ ոք չէր երգում։ Փոխարէնը բարձրախօսներից էին սփռում ձայնագրուած երգը, եւ ներկաները պարզապէս բաց ու խուփ անում բերանները [...]:
Իսկ ես չկարողացայ զսպել արցունքս, եւ փղձկացի, քանի որ 1988-ը դառնում էր «Մեր Հայրենիք...»ի եւ եռագոյնի վերահաստատման տարի։ Երկուսն էլ դուրս ելան խորը ընդյատակից... Բանից պարզուեց որ սերունդները բերել ու մինչեւ 21-րդ դարաշեմին են հասցրել իրենց սրտի խորքերում անթեղուած ազատութեան ոգին... Ազգային մեր գիտակցութեան մէջ արդէն գերիշխում էր այն ճշմարտութիւնը, թէ 1920-ը եղել է բարբարոս կայսրութիւնների փոխադարձ շահերի հաստատման եւ իրար մէջ մեր երկիրը բաժան-բաժան անելու տարի։
Ռուսաստանը եւ Թուրքիան բզիկ-բզիկ արեցին մեր արարատեան Հայաստանի Հանրապետութիւնը։ Ամենամեծ պատառը՝ Կարսի նահանգը նուիրաբերուեց յեղափոխական կարմրադրօշ Թուրքիային... Ինչո՞ւ... Կարծում եմ այն պատճառով որ Թուրքիան իր վրայ վերցրեց Անատոլիայի եւ Հայկական Տաւրոսի վրայ Հայ էթնիկ խնդիրը յաջողութեամբ եւ սպառիչ լուծելու գործը։ Երկու խոշոր պատառ էլ նուիրաբերուեց մինչ այդ ընդհանրապէս գոյութիւն չունեցող եւ սովետածին ու յօրինուած ժողովրդով մի հանրապետութեան... Կարող էր յօշոտուած լինել նաեւ հինգերորդ մի կտոր, եթէ Գարեգին Նժդեհը չջախջախէր Աիւնիք ներխուժող ռուսական բանուորա-գիւղացիական կարմիր բանակը։ Հայաստանը ընդհանրապէս երկրի երեսից վերացնելու ծրագիրը խափանող այդ յաղթանակի գնահատականը նրա համար եղաւ կոմունիստների օրոք ամբողջ կեանքը մինչեւ մահ ԳՈՒԼագ-ում տառապելը։ Ինչպէս նաեւ յետմահու նրա յիշատակի նուստացումը... երբ իր անունով կոչուող հրապարակի վրայ տիրակալութիւն է անում բոցավառ յեղափոխական եւ լենինեան Աուրէն Սպանդարեանի արձանը։ Այս մէկն էլ «բացարձակ դեմոկրատիա» եւ նոյնքան «բացարձակ անկախութիւն» ունեցող այսօրուայ հանրապետութեան իրականութեան մէջ։

26 Օգոստոս, երեքշաբթի.

[...] Ծովափի արմաւենիների շուքի տակ նստած՝ իմ մտորումների մէջ էի, երբ քովս նստեց ճերմակազգեստ ու շա՜տ ծեր մի կին։ Ձեռնափայտը ծալեց ու դրեց պայուսակը։ Ինչ որ բան խօսեց քթի տակ։ Մտածեցի ոտքի ելնել ու հեռանալ, բայց կարող էի վիրաւորել այդ կնոջ ինքնասիրութիւնը։ Նորէն ամփոփուեցի մտքերիս մէջ։
Իսկ ես մտածում էի, թէ ինչպէս եղաւ որ 1988-ը կարողացան կաթուածահար անել։
Մոսկովեան սատրապը արգելեց թէ՛ այն ճշմարտութիւնը որ «Հայրենիքը մերն է...» եւ թէ՛ մէր եռագոյնը։ «Ամենայն հայոց» յորջորջուող մէկը հեռատեսիլով ժամ ու կէս բացատրում էր, թէ ինչո՞ւ չի կարելի եռագոյն դրօշ ունենալ։ Եռագոյնը իբրեւ կրծքանշան կրողներին սկսեցին ձերբակալել ու քաղաքական ոստիկանութեան քննչական մեկուսարաններում «բացատրական աշխատանք տանել» ձերբակալուածների հետ։ Եւ սովորական մի ապիկար սատրապ, որ չուզեց գոնէ իր հնարաւորութեան սահմանների մէջ կանգնել ժողովրդի կողքին, լինել ազգային ոգեղենութեամբ ապրող ժողովրդի հետ, մի քանի տարի անց հռչակուելու էր իբրեւ նոյն այդ ժողովրդի ազգային հերոս...
Եթէ սա յաջողութեամբ կաթուածահար արեց 1988-ը, ապա նրան փոխարինած նորանոր սատրապներ ընդհանրապէս սպանեցին 88-ը։
— Ca va, monsieur?
Առանց պատասխանի սպասելու հարեւանուհիս ներկայացրեց իր բոլոր հիւանդութիւնները, հետաքրքիր դատողութիւններ արեց օդեղանակի մասին, պատմեց որ գոնէ շաբաթը երեք անգամ բարձունքի վրա գտնուող իր տնից ծով է գալիս, բայց միայն օդ շնչելու համար։ Յետոյ յանկարծ ինքն իրեն ընդհատեց ու հարցում արեց, թէ ինչո՛ւ չեմ արձագանգում իրեն։ Ասացի որ իրեն շատ լաւ հասկանում եմ, բայց խօսելու վարժութիւն չունեմ։ Իսկ անգլերեն գիտե՞մ արդեօք, հետաքրքրուեց շա՜տ ծեր կինը։ Վիճակը նոյնն է, խոստովանեցի ես։ «Ես ընդհանրապէս չգիտեմ»,— ուրախացած ասաց կինը։ Յետոյ պատմեց որ Մարսէյլից երեսուն տարի առաջ տեղափոխուել է Կանն. որ զաւակներն ու թոռները հաճախ են այցելում իրեն... Բայց ինչ որ մի լեզու գոնէ գիտե՞մ, նորէն հետաքրքրուեց նա։ «Ռուսերէն,— պատասխանեցի։— Կարողանում եմ նաեւ խօսել որոշ չափով»։ «Ուրեմն, ոչ մի լեզու չգիտես»,— եզրակացրեց նա։ Ես իմ լեզուն գիտեմ, բացատրեցի ես։
Նա ծալած ձեռնափայտը ուղղեց, պայուսակը վերցրեց ու ոտքի ելաւ։ Շա՜տ ծեր, փոքրացած կին էր։ «Գնամ,— ասաց նա։— Կը տեսնուենք»։ «Ցտեսութիւն,— ասացի։— Եւ առողջութիւն եմ մաղթում»։
Երկու քայլ արեց, կանգնեց, ձեռնափայտը ուղղեց վրաս ու կշտամբեց. «Չասացիր, թէ որն է քո լեզուն... Դու լեզու չունես, չէ՞...»
«Իմ լեզուն հայերէնն է»,— վրդովված պատասխանեցի ես։
Կինը չարացած նայեց վրաս։
— Ինչո՞ւ մէկէնէ մէկ չըսիր,— հայերէն ասաց նա։— ժամանակ կորսնցուցինք... Ըսածներս մոռցի՛ր... Ես շատ առողջ եմ... Մորալս տեղն է,— նա ցոյց տուեց գլուխը։— Աչքերս կը տեսնեն... Սիրտս բան մը չունի... Իննսուն երկու տարեկան եմ... Ամէն բանս տեղն է... Au revoir,— ֆրանսերէն հրաժեշտ տուեց եւ թեթեւաքայլ հեռացաւ։
...88-ը սպանուեց։
Թէեւ հանրապետութեան նախագահը փարիսեցու իր ամբողջ էութեամբ չկարողացաւ խոչընդոտել մեր եռագոյնը, փառերգն ու զինանշանը վերականգնելուն, բայց նրան յաջողուեց ընտանեկան իր «առաջադիմական» դաստիարակութեամբ հասարակութեան որոշակի շրջանակների մէջ ատելութիւն ներարկել ազգային պետութեան խորհրդանիշերի նկատմամբ։
Առաջին հարուածն ստանալու էր զինանշանը։ Եւ «մտաւորական» զանգուածը նետուեց մի նոր զինանշան յօրինելու անպարկեշտ գործը գլուխ բերելու։ Մեր փարիսեցին հայրական պատգամին հաւատարիմ՝ ամէն կերպ ձգտում էր պահպանել սովետահայ գաղութային զինանշանը որ կոմունիստական ռուսական իմպերիայի համար սոսկ կեղծիքը քօղարկելու միջոց էր ծառայել։ Ուստի նա փորձեց կառչել Մարտիրոս Սարեանի հեղինակութիւնից։ Թէ ընտանեկան եւ թէ՛ հանրային դաստիարակութեան ընթացքին որեւէ եզր չունենալով Գեղարուեստի հետ, պատմական յիշողութիւնից մեր առաջին հանրապետութիւնը ջնջելու փորձ կատարող հերթական սատրապը անտեղեակ էր, որ Սարեանի «Փիւնիկեան արմաւենին», «Բորենիներ» կամ «Կոստանդնուպոլիս. Շներ» կտաւների դիմաց նկարիչի գծած զինանշանը լումայի արժէք չունէր ո՛չ իրբրեւ արուեստի գործ եւ ո՛չ էլ իբրեւ ազգային պետութեան խորհրդանշան։
Այնուհանդերձ, մենք անցանք այդ փորձութիւնը եւ ազգային զինանշանը առայժմ մերն է, մեր հայրենիքինը...

27 Օգոստոս, չորեքշաբթի.
[...] Չեմ կարողանում որեւէ խնդրի վրայ կենտրոնանալ։ Որոշել էի հանգստեան այս շաբաթներին մտմտալ «Եզնարածի լաւասունգը» վէպի շուրջ եւ նախապատրաստուել Ասպուրակէս դպիրի ձեռագիրը ժամանակակից գրական լեզուի թարգմանեութեան գործին։ Շարունակ իմ դիմաց հառնում են աջ ձեռքը սրտների դրած մարզիկները. տարօրինակ է... Չեմ տեսել, բայց մտապատկերներիս մէջ նրանք հանդիստ չեն տալիս ինձ։
Եւ «Մեր Հայրենիք...»ը...
Նրան էլ հասաւ բոլշեւիկեան լաւատեսութեան շորշոփը։ Սրբագրուեցին փառերգի խօսքերը։ Եւ զրկուեցինք ոչ միայն մեր երազած ազատութիւնից, այլեւ յայտնուեցինք 1993 թուականի քարանձաւային իականութեան մէջ։ «Սովետական ազատ աշխարհ Հայաստանը» այնպէս էր մթագնել մեզ որ չուզեցինք ընդունել ազգային փառերգի անձեռնմխելիութիւնը։ Ինչպէս 1568-ից ի վեր անձեռնմխելի է մնացել Նիդերլանդների փառերգը, կամ «La Marseillaise»ը որ արգելուեց միայն նացիական ներխուժման տարիներին, բայց անձեռնմխելի մնաց մինչեւ այսօր։
Մեր փառերգի բոլշեւիկեան ոգով կատարուած սրբագրութիւնը ընդամէնը սկիզբն էր։ Եւ երբ իրենց ջրի երեսին պահող «մտաւորականները» երբեմնի դաստիարակութեան ու փորձին հաւատարիմ դաստաներով դարձան արքունի ծաղրածուներ, իշխանութեան ոլորտը համարձակուեց մի նոր ու վճռական հարձակում սկսել «Մեր Հայրենիք...»ի դէմ։ Եւ ինչե՜ր ասես չյօրինուեցին Երեւանից մինչեւ Լոս Անջելէս, Դիթրոյթից մինչեւ Փարիզ, Բէյրութից մինչեւ Մոսկուա եւ Սիդնի «ապացուցելու» համար, թէ հիւանդ ուղեղների արտավիժումները բաւարար հիմք են կոմունիստական ներխուժման տարիներին արգելուած ազգային-պետական փառերգը ընդհանրապէս ջնջելու համար։
«Պաշտօնական հայրենասէրներն» ու «պետական մտաւորականները» մրցակցութեան մէջ մտան ցուցադրելու համար թէ՛ իրենց հաւատարմութիւնը Չարիքի կայսրութեան նկատմամբ, որտեղ արդէն վերականգնուել էր ստալինեան փառերգը, թէ՛ դրսեւորելով իրենց մտքի ծուլութիւնը ազգային-քաղաքական Գերագոյն Շահի նկատմամբ եւ թէ՛ իրենց անտարբերութիւնն ու ամէն հրահանգի «այո» ասելու պատրաստակամութիւնը։
«Մեր Հայրենիք...»ը այս փորձութեան եւս դիմացաւ։ Արամ Խաչատրեանի հեղինակութիւնը չէր կարող եւ «չփրկեց» սովետա-գաղութային Հայկական շինծու «հանրապետութեան» համար յօրինուած փառերգը։
«Մեր Հայրենիք...»ի cadenza-ի շուրջ զարգացուող իմաստակութիւնները որեւէ փաստարկ չէն կարող լինել Արամ Խաչատրեանին Բարսեղ Կանաչեանից գերադասելու համար։
Յետին թւով սոսկում եմ այն մտքից որ մարզական, թէկո՛ւզ մարզական մի յաղթանակ թուրքական ֆուտբալային խմբի նկատմամբ կարող էր յաջորդել ոչ թէ «Մեր Հայրենիք...»ին, այլ «Սովետական ազատ աշխարհ Հայաստանին»։
Ուստի ինձ համար բոլորովին այլ խորհուրդ ունի Օգոստոս 20-ի մարզադաշտային յաղթանակը։ Իմ յուզմունքն ու ոգեւորութիւնը սահման չունի, բայց նորէն շշուկներ են տարածւում Հայաստանի պետութեան փառերգը ջնջելու մասին՝ իրբրեւ «պատմական անհրաժեշտութիւն»։
Եւ որքան շա՜տ են «պատմական անհոաժեշտութիւննեոով» պատմութեան հետ որեւէ եզր չունեցող աճպարարները։
Այդ ձեռնածուները որ ընդհանրապես անտեղեակ են պատմութեան ինչ լինելուց, անհրաժեշտութիւն են համարում այն ամէնը, ինչը կարող է երաշխաւորել որկորը կուշտ պահելը, պարանոցը հաստացնելը եւ աւատատիրական նկրտումները։

28 Օգոստոս, հինգշաբթի.
Մանչուկները, որ շարունակ որոնում էին ու չէին գտնում, մամռակալած քարաբեկորների մօտ յանկարծ սկսեցին ճչալ։ Նրանց հայրը ափից նետուեց ծով։ Երբ հասաւ տղաներին, ինչ որ բան տեղի ունեցաւ եւ հիմա էլ հայրը գլխապատառ աղաղակով շտապեց դէպի լողափ ու սկսեց ցատկոտել... Չգիտես ինչու, նա ուզում էր ազատուել լողավարտիքից։ Բայց քանի որ շուրջը կանայք էին՝ միշտ պատրաստ իրենց լուսանկարչական գործիքներով, նա առայժմ միայն պտտւում էր կանգնած տեղը։
[...] Շարունակ իմ կոպերի տակ տեսնում եմ աջ ձեռքը սրտների դրած մեր ֆուտբոլիստներին, որոնք դէմքով դէպի Սրբազան մեր լեռը դարձած՝ երգում են «Մեր Հայրենիք...»ը։
Աջ ձեռքը՝ սրտներին.
Որովհետեւ ուժը ներդաշնակող, յաղթանակի հաւատ ներշնչող, ազգային համախմբութեան կանչող աղօթ էր այդ պահերին դառնում «Մեր Հայրենիք...»ը։
Դառնում էր Ի խորոց սրտի խօսք րնդ Աստուծոյ։ Այնպէս, ինչպէս ազգային բոլոր փառերգները։
Ստանում էր Աղօթքի այն նշանակութիւնը որ երբեւէ ունեցել էր «Մեր Հայրենիք...»ը վերահաստատելով դարերի հեռուների մէջ ընդմիշտ կորսուած թուացող թագաւորութեան, տէրութեան, հիմա արդէն հանրապետութեան իրականութիւնը 1918-20 թուականներին։ Իրականութիւն, որտեղ Հայը ապրելու էր իր իսկ երբեմնի արժէքներով. Այդ իրականութեան մէջ օրէնքն ու իրաւունքը լինելու էին գերագոյն ճշմարտութիւններ։ Մարդու ազատութիւնը եւ արժանապատւութիւնը դառնում էին հոգեւոր-բարոյական ներդաշնակութիւն.
[...] Լողափին իրեն կորցրած հայրը պտտուելով ու ցատկոտելով՝ յաջողացրեց լողավարտիքից քաշել-հանել փոքրիկ կալմարը որ չարաճճի զաւակներն էին գտել։ Շոշափուկները չէին ուզում բաց թողնել խելագարուող մարդուն։ Իսկ կանայք վեր թռան, շրջապատեցին նրան ու դարձան իսկական պապարացցիներ։

29 Օգոստոս, ուրբաթ.
Տարակոյս չկայ որ մեր փարիսեցիները, իրենց տղամարդկային բացառիկութեամբ բարձրաձայն հպարտացող անկարողներն ու զանազան գոյնի «ազգի փրկիչներ» չեն հանդուրժում «Մեր Հայրենիք.»ը հէնց այդ սրբագործուած ոգեղենութեան համար։
Ոգեղենութիւն, որ ի մէջ պարփակում է ազգային ապագայի ծրագիր եւ ուրեմն երբեւէ ճակատագրական յաղթանակ կը տանի այլադաւան (աթեիստ) իւրայինների, «շքեղ շենքերի հայրենիք դարձնող» (Վ. Տէրեան) հոգեզրկուած փերեզակների, ազգային մարմնի մէջ բնագռած ռուսական անցագրերով տասնեակ հազարաւոր «օտար քաղաքացիների» հինգերորդ շարասեան դէմ։
Ես բնաւ չեմ անհանգստանում, առաւել եւս յուզումներ չունեմ, թէ ինչպէս են աւարտուելու ֆուտբոլային առաջիկայ մրցումները թուրքական խմբերի հետ։ Անշուշտ, հրաշալի բան կը լինեն մարզադաշտային յաղթանակները... Բայց մեր յաղթանակների ասպարէզը մի՞թէ սոսկ ֆուտբոլն է եւ ընդհանրապէս սպորտը։
Վստահ եմ որ «Մեր Հայրենիք.»ով ճշմարիտ յաղթանակներ ենք ունենալու մշակութային դաշտի վրայ. յաղթանակներ ենք ունենալու հասարակական մեր կեանքի ասպարէզի վրայ, քաղաքական ասպարէզի վրայ. Մեր արդար պահանջի մէջ ենք յաղթելու... ճշմարտութեան յաղթանակն է լուսաւորելու մեր խաւարող մտքերը... Մեր Հաւատքի եւ Ինքնութեան մէջ են ծայր առնելու մեր յաղթանակները.

30 Օգոստոս, շաբաթ.
Չէ՛, չի կարելի հանդուրժել որ մեր քաղաքականութիւնն ու դիւանագիտութիւնը հիմա էլ տեղափոխուի ֆուտբոլի մարզադաշտ։ Այս միտքը յանկարծ ծնուեց այսօր։ Կարծէս թէ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հաւանական ցաւքաշութիւնը իրենց ֆուտբոլային խմբերի համար, դառնալու է դիւանագիտական նորութիւն, որին տալիս եմ «ֆուտբոլային դիւանագիտութիւն» անունը։ Այս պարագային մեր պարտութիւնները կը լինեն հետեւողական եւ անխուսափելի։ Քանի որ առանց այդ էլ մենք մինչեւ հիմա չունենք սեփական, Ազգային Գերագոյն շահից բխող դիւանագիտութիւն եւ շարունակ թելադրւում ենք առնուազն երկու ուժերի կողմից։ Աստուած չանի որ «Մեր Հայրենիք...»ը հիմա էլ ենթարկուի մի երկրի թելադրանքի, որի հետ հաշիւներ ունենք մաքրելու։ Մենք հաշիւներ ունենք մաքրելու նաեւ այն տէրութիւնների հետ ովքեր առանց մեր ներկայութեան եւ կամքի իրենց շնական պայմանագրերով բզկտեցին Հայաստան Հանրապետութիւնը եւ մեծահոգաբար անուանեցին Հայկական հանրապետութիւն, ինչը նոյնն է թէ՝ հայկական գաւառ, հայկական գաղութ. Այլ կերպ ասած՝ հայ-թուրք հարաբերութիւնները կարող են վերաճել դիւանագիտական-մարզադաշտային ցուցքի։ Եւ շատ հնարաւոր է որ այդ ցուցքի աղմուկի տակ մենք աննկատելիօրէն այնպիսի զիջումներ կատարենք, որպիսիք կարող են ընդհանրապէս մեզ զրկել «Մեր Հայրենիք...»ից։
Կ.Ա.Ս.

Յ.Գ. Օրագրային այս մի քանի էջերը տպագրութեան պատրաստելիս թուրքական լրատուութիւններից տեղեկացայ (Day.az), թէ Հայաստանի ֆուտբոլի դաշնակցութիւնը թուրքական կողմի պահանջով փոխել է իր լօգոտիպը՝ պատկերաբանը սրբագրելով Արարատ (Աղրիդաղ) բիբլիական լերան խորհրդանիշը։ Իսկ ՀՖԴ ներկայացուցիչը «պարզաբանել» էր, թէ Արարատ սրբազան լերան պատկերը հանուել է հայ հասարակութեան ու յատկապէս մարզիկների պահանջով։
10-ով 0 — յօգուտ թուրքերի։
Բայց արդէն ասել էի որ մեր հայկական բացառիկ մենթալիտետի համար դիւանագիտական բնականոն հարաբերութիւնները ընկալւում են միայն ու միայն զիջումներ ու նահանջներ։ Դիւր գալու համար։ Որպէս զի աշխարհը տեսնի եւ ուրախանայ, թէ որքա՜ն տաղանդաւոր ու բացառիկ ժողովուրդ են հայերը։
Մէկ անգամ եւս հասկանայ, թէ որքան լաւն ենք մենք։
Բոլորի համար պատրաստ ենք…
[...] Բայց երեւի պէտք է ամուր կենանք «Մեր Հայերնիք...»ով՝ որ մեր Ազատութեան, Արժանապատուութեան եւ Ինքնութեան միակ գրաւականն է։
Հայ Քրիստոնեայի միակ Տիեզերքը։
Նոյն

1 Տե՛ս Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ, «Միքայէլ Նալբանդեան», Մատենաշար՝ Համաշխարհային պատմութեան ականաւոր մարդիկ։ Ռուս. թարգմ., «ՄԳ», Մոսկուա, 1984

5 Սեպտեմբեր, 2008 Փարիզ

Յ.Յ.Գ. Օրագրային այս նոթերը Փարիզի «Յառաջ» եւ Լոս Անջելեսի «Նոր Կեանք» պարբերականների մէջ լոս տեսնելուն պէս «ֆուտբոլային դիւանագիտութիւն» բնորոշումը անմիջապէս մտաւ գործածութեան մէջ եւ օգտագործւում է մինչեւ հիմա։ Բայց որքան էլ հաճելի է որ իմ հղացած բնորոշումը մտել է լեզուական հասկացութիւնների գանձարան, մեւնոյն ժամանակ ես աղօթում եմ Աստծուն, որ գոնէ շատ մօտ ժամանակներում այդ բնորոշումը մոռացութեան տրուի իշխանութիւնը զէնքով ու զեղծարարութիւններով Հայաստանի մէջ նուաճած փարիսեցի նախ-Ագահի (այս բնորոշումը բանաստեղծ Գարուշ Հարեանցինն է), ապա առիւծների որսի գնացող քաջ-նազարի եւ յետոյ դիւանագիտական դաշտն էլ ֆուտբոլի դաշտի հետ շփոթող քաղաքական չարչիի հետ մէկտեղ։

10 Օգոստոս, 2010
Նոյն