суббота, 20 ноября 2010 г.

HOMO DEI կամ ԲԻԲԼԻԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ


Երկու յատւած  HOMO DEI կամ ԲԻԲԼԻԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ վէպից, որ գրել եմ 1994 թ. Վիէն, լոյս է տեսել 1996-ին, Երեւան եւ վերահրատարակւել է 2006-ին, Երեւան:

Չուզենալով պրպտել ողջակէզերի հանգամանքը, ներքին զգացողութեամբ, եւ գուցէ նաեւ ենթագիտակցօրէն համադրելով ամէն առաւօտ վառելիք բարձած ճերմակ էշն առաջներն արած,
դէպի հեռու բլուրները երեքով գնացող, բայց երկուսով
վերադարձողներին այն երիտասարդների հետ, որոնք կորչում էին նորանկախ յորջորջուող (ի՜նչ էլ բառ են յօրինել) երկրի մէջ, տանտէրը լրջօրէն անհանգստացաւ, թէ չլինի այնպէս, որ յանկարծ ինչ-ինչ դերձաններ իրեն կապեն քրէական անցուդարձի, առաւել եւս՝ ոստիկանութեան հետ: Յատկապէս ոստիկանութեան հետ նա որեւէ գործ ունենալ չէր ուզում, սարսափելով Գլխաւոր Ոստիկանից, որ իր «ներքին աշխարհը զարգացրել էր»  գիւղում, որ երբէք հէքիաթներ չէր կարդացել, որ թէեւ ուշ, բայց եւ այնպէս հասունացել էր քրոջ ուսերին նստած՝ ջուրն անցնել-դառնալիս, եւ հէնց այդ ուսերին էլ ունեցել էր առաջին սերմնահոսութիւնը, որ հմուտ էր գանգամաշկեր քերթելու մէջ, որ չէր հանդուրժում
ռոմանտիկը, այսինքն՝ վիպապաշտութիւնը, բանաստեղծականը, եւ որն իր այս յատկութիւնների շնորհիւ էլ տոհմազուրկների, գջլոտների ու անազատների իրականութեան հեղինակներից մէկն էր… Եւ յատկապէս ռոմանտիկի նկատմամբ անհանդուրժողականութիւնն էլ ամէնից սարսափելին էր մեր տանտիրոջ համար, քանի որ ո՛չ միայն կենսափորձով, այլեւ, ինչպէս ասացինք, ժամանակին լինելով կարդացած մարդ, շատ լաւ գիտէր ու հասկանում էր, որ այդ ախտը յատուկ է բոլոր նրանց, ովքեր «ներքին աշխարհը զարգացրել են» առանց հէքիաթների ու ընդամէնը հայրենի կոլխոզային բնաշխարհի մէջ, եւ որպէս այսօրինակ ինքնազարգացման ողբերգական հետեւանք՝ հոգեզուրկ են ու չկայացած:


Մենք չգիտենք, վստահ չենք, թէ սրտի հեղձուկից ծնւած խօ՞սք էր արդեօք, երբ իրեն այլեւս չզսպելով, ձայնը բարձրացրեց տանտէրն ու ասաց. «Եթէ նոյնիսկ Քրիստոսը գայ ու նորից խաչւի, միեւնոյն է, մեզ փրկութիւն չկայ»: Որովհետեւ այս խօսքը կարող էր նաեւ մարգարէութիւն լինել եւ, եթէ մարգարէացողը նոյնիսկ տանտէրն էր, ապա ոչ թէ թերահաւատօրէն պէտք է վերաբերէինք, այլ բացառիկ զգուշութեամբ, քանի որ նա նոյնպէս ապրում էր շարունակւող ներկայի մէջ եւ նոյնպէս դատապարտւած էր, ինչպէս ամէն ոք, ինչպէս ինքը՝ ժողովուրդը:
...Լուրը տարածւեց մի այնպիսի արագութեամբ որ կարելի էր կարծել, թէ գործում էին բոլոր հեռախօսակայանները, ձայնասփիւռը, հեռատեսիլը: Այսինքն լուրեր փոխանցելու եւ հաղորդելու բոլոր այն միջոցները, որոնք շարունակական ներկայի մէջ դադարել էին գործել ոչ թէ էլեկտրական հոսանք չլինելու, այլ միտումնաւոր անջատումների հետեւանքով:
Լուրն արագօրէն տարածւեց եւ նոյն արագութեամբ էլ դուրս կանչեց մարդկանց, որոնք շտապում էին րոպէ առաջ տեսնել խաչւած Քրիստոսին, եւ որոնք, չնայած իրենց էութիւնների դեռեւս դատարկ խոռոչներով կամ անձաւներով էին, բայց եւ այնպէս վստահ էին, թէ ար-դէն եկել կամ գալիս է զարհուրելի մղձաւանջից փրկւելու ժամանակը:
Յիրաւի՛, այլեւս ո՞ւմ է պէտք մեր պատմութիւնը սուտ Մարաշի սուտ առանձնատան սուտ ձեղնայարկի մէջ ապրող սուտ երիտասարդի մասին, երբ իրական Քրիստոսն է խաչւել իրական մի քաղաքի մէջ իրական մի ժողովուրդի մեղքերն իր վրայ առնելով՝ իրական փրկութիւն բերելու համար:
Մենք բնաւ անակնկալի չեկանք, քանի որ արդէն առիթներ ունեցել ենք տարբեր պատումների մէջ տեսնելու նորից եկած, հաւատաքննողների ձեռքին նորից տառապող ու նորից խաչուող Յիսուսին:
Եւս մի նոր խաչելութեան մասին մտքերի մէջ սուզւած թերթում էինք մեր բիբլիական պատմութիւնը որ թէեւ աւարտի իր ոտանաւորով նմանութիւն ունէր միջնադարեան նովելներին, բայց արդէն աւելորդ էր ու այդ պատճառով էլ անհետաքրքիր՝ լուր ստացանք, թէ խաչւած Քրիստոսի շուրջ հաւաքւում են նաեւ ոստիկանները: Եւ այդ ոստիկանները շատ շուտով գերազանցեցին նաեւ մարդկանց բազմութեանը իրենց քանակով:
Ոստիկանական տասնապետները աշխոյժ զրուցում էին իրար հետ, յետոյ իրարից բաժանւելով, մօտենում էին շարքայիններին եւ նոյն աշխուժութեամբ նրանց հետ էին շարունակում զրոյցը. թէ ինչի՛ շուրջ՝ մեզ յայտնի չէ: Յամենայն դէպս, ոստիկանական աշխուժութիւնը խաչւած Քրիստոսի շուրջ՝ սահմանափակւած էր այդ զրոյցներով միայն: Անհասկանալի էր, թէ ինչով էր թելադրւած այդ աշխուժութիւնը: Գուցէ նրանք ուզում էին վիճակ գցել, թէ ո՛ւմ ի՛նչ է հասնելու Փրկիչի հանդերձներից: Մի անգամ արդէն եղել էր սաղմոսերգուի նախազգացումը, եւ հիմա նորէ՞ն պէտք է կրկնւէր նոյնը:
«Հանդերձներս իրենց մէջ են բաժանում եւ վիճակ են գցում պատմուճանիս վրայ...»
Բայց գուցէ ուզում էին ճշտել, թէ արդեօք Յիսո՞ւսն է խաչւածը: Եւ, բնական է, առանց անձն ու նրա բնակավայրը հաստատող փաստաթղթի ոստիկանական այդպիսի ձեւականութիւնը դժւար էր, չասելու համար՝ անհնարին: Հաւանական է նաեւ, որ ոստիկանների նորանոր խմբերն աւելանում էին, որպէսզի միամիտ մարդիկ յանկարծ չկարծեն, թէ իրոք փրկւելու, առաւել եւս արդե՛ն փրկւել են իրենց եւ իրենց գլուխներին նստածների մեղքերից...
Յամենայն դէպս, ոստիկանական խմբերի անդադար աւելանալը լաւ բան չէր խոստանում: Յատկապէս, եթէ նկատի ունենանք մի օրինաչափութիւն որ յայտնագործել են մեզնից շատ առաջ, քանի որ ինքը՝ այդ օրինաչափութիւնը եւս հին է նոյնքան, որքան մարդկութիւնը: Ամենատարբեր հասարակութիւնների մէջ էլ, որոնք կառավարւելը գերադասում են չկառավարուող թոհուբոհից, անպայման յայտնւում են ոճրագործ մարդկանց խմբակներ եւ այդ խմբաւորւած մարդիկ հանդէս են գալիս իբրեւ կարգ ու կանոնի նուիրեալներ, որպէսզի յանկարծ թոհուբոհ չսկսուի: Եւ երբ ճանկում են իշխանութիւնը, իրենք իրենց, առաւել եւս հասարակութեանը ներշնչում են, թէ «հայրենասիրական» գործ են անում, երբ իրաւաբանական սպանութիւններով կանխում են ենթադրւող արիւնահեղութիւնները: Ճիշտ այդպէս էլ համոզւած էին ոստիկանների խմբերը, նրանց տասնապետներն ու հարիւրապետերը, առաւել եւս Գլխաւոր Ոստիկանը, որ իր ներքին աշխարհը զարգացրել էր գեղում, որ երբէք չէր հանդուրժել ռոմանտիկան. որ իր առաջին սերմնահոսութիւնն ունեցել էր քրոջ ուսերին նստած՝ գիւղի ջուրն անցնել‐դառնալիս, որ նաեւ հմուտ էր գանգամաշկեր քերթելու մէջ: Եւ երբ կեսօրից քիչ առաջ Խաչւածի մօտ յայտնւեց նաեւ նա, ապա այլեւս որեւէ կասկած լինել չէր կարող, որ պոռթկացող հայրենասիրութեամբ յագեցած Գլխաւոր Ոստիկանը հերթական անգամ կանխելու է ժողովուրդին սպառնացող մի վտանգ...
Ուրեմն, խաչի շուրջ հաւաքւած ոստիկանները «Բարե'ւ քաջերին» ողջոյնին պատասխանեցին միաձայն ու խանդավառութեամբ՝ «Բարե'ւ քաջին», որից յետոյ այդ քաջը, Գլխաւոր Ոստիկանը, մօտեցաւ Խաչւածին որ ինչպէս եւ առաջին անգամ, այնքան էլ բարձր չէր գետնից. մօտեցաւ ու անթարթ նայեց նրան. յետոյ ծուռ հայեացքներ նետեց մէկ ձախ, մէկ աջ. հայեացքներ նետեց հիացմունքով իրեն նայող հարիւրապետերի վրայ, հանեց ատրճանակը, նշան բռնեց ու կրակեց:
Եւ գնդակը խոցեց Խաչւածի կուրծքը ճիշտ այնտեղ, որ որտեղ ժամանակին խոցել էր հռովմեացի լեգիոնականի գեղարդը:
Խաչւածը նոյնիսկ չհասցրեց ասել. «Կատարուե՜ց»:
Նրա մարմինը մի քանի անգամ ջղաձգւեց: Եւ թուլացած գլուխը հակւեց կրծքին:
Ո՛չ խաւարում եղաւ ու ո՛չ էլ երկրաշարժ:
Որովհետեւ երկրաշարժն արդէն եղել էր, իսկ խաւարը վաղուց էր իջել մարդկանց վրայ:
Ուրեմն, այս է ճշմարիտը, եւ ոչ թէ երկարուձիգ, անսկիզբ ու անվախճան բիբլիական մեր պատմութիւնը, որտեղ ամէն բան սուտ է ու անիրական:
Այս ճշմարտութիւնը հաստատւում է Քրիստոս Յիսուսի կուրծքը խոցած կապարէ գնդակով որը, ցանկութեան դէպքում, կարելի է տեսնել նոյն պահոցի մէջ, որ-տեղ ամփոփւած է Առաքեալի՝ Հայաստան բերած գեղարդը:

Վիէն
Յունիս-Սեպտեմբեր, 1994

Комментариев нет:

Отправить комментарий