ՍԱՐՍԱՓԸ ԲՈԼՇԵՒԻԿԵԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՆԿԻՒՆԱՔԱՐ
Ճիշտ այնպէս, ինչպէս 37-ն է ընկալւում իբրեւ պարզ մի թիւ որ բաժանւում է մէկի ու մէկ էլ ինքն իր վրայ, նոյնպէս եւ հաւատաքննութեան ընթացքին մարդու կրած նւաստացումներն ու չարչարանքներն են ընկալւում իբրեւ պարապ տակառի արձագանգ։ Մի երեւոյթ որ անուն ունի՝ բարոյական խլութիւն։
Առաջին անգամ ստորացնող այդ զգացումը մաշկիս վրայ զգացել եմ ուսանողական տարիներիս, երբ ԳՈՒԼագից նոր վերադարձած քաղտնտեսութեան դասախօս Ադո Ադոյեանը պատմեց, թէ քննիչը ինչպէս էր փունջ-փունջ պոկոտում քահանայի մորուքը՝ շարունակ պահանջելով՝ «Տէրտէր, ասա՛ որ Աստուած չկայ… Ասա՛ որ Աստուած չկայ»։ Եւ երբ քահանան համառել էր, նրա վարտիքը հանել ու՝ նստացրել էր գինու շշի վրայ։ Աղիները պատառոտուած քահանան ապրել էր եւս երկու օր եւ վախճանուել՝ այնպէս էլ չհրաժարուելով Աստծուց։
Վախը, սակայն, արմատակալել էր դասախօսի էութեան մէջ։ Նա այնպէս էլ չպատմեց որ Միացեալ Նահանգներ հաստատուած եղբայր ունի՝ Ոստանիկը։ Այո՛, հէնց ինքը՝ Ոստանիկ Ադոյեանը։
Քահանային ձերբակալել էին իբրեւ դասակարգային թշնամի ոչնչացնելու համար։ Մահապարտութիւնը անխուսափելի էր։ Բայց որպիսի՜ հաճոյք էր նրա մարդկային արժանապատւութիւն տրորելը, նւսատացնելը, որպիսի՜ անհամբերութեամբ էին սպասում այն պահին որ չդիմանալով ֆիզիկական տառապանքին, քահանան կը հրաժարւի Հաւատից… Եթէ հրաժարւէր՝ գուցէ գինու շշի վրայ չէի՞ն նստացնի…
Դերձակին իբրեւ դասակարգի թշնամի ոչնչացնելու էին որ սխալուել եւ ուրիշ աստառ էր կարել… Երաժշտին՝ որ պահանջել էր նուագախմբի շեփորահարին չուշանալ փորձերից… Բայց մահապարտին էլ ինչո՞ւ էին եռացրած ջրով հոգնայ անում։ Ինչո՞ւ էին փակում 50 սանտիմետրը 50 սանտիմետրի վրայ տարածութեամբ մենախցում եւ մարդուն դարձնում կատարեալ անասուն… Ժամեր շարունակ տեւող հաւատաքննութիւնների ընթացքին ինչո՞ւ թոյլ չէին տալիս արտաքնոց գնալ, քանի դեռ նախօրոք գրուած «խոստովանութիւնը» չի ստորագրել։ Ինչո՞ւ օրեր շարունակ թոյլ չէին տալիս քնել… Ծարաւից տառապող հարցաքննւողին ինչո՞ւ էին առաջարկում խմել զուգարանի ջուրը… Վերջապէս, այս ամէնը կատարւում էր որպէսզի «օրինականութիւն» ապահոված լինէին… ամբաստանւածի ինքնազրպարտութեամբ։ Փաստերի բացակայութիւնը լրացնելու էր ինքը՝ մահապարտը իր «անկեղծ խոստովանութեամբ»։
Մարդկային արժանապատուութիւնը ստորացնելու, տրորելու, մարդուն կատարեալ փալաս դարձնելու համար, անշուշտ, Վախը հզօր միջոց է։ Բռնադատուած բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի կինը՝ Նադեժդան պատմում է. «Իմ ներկայութեամբ քննիչը Օսիպին ասաց որ բանաստեղծի համար օգտակար է վախի զգացում ապրելը… Քանի որ այն կարող է դառնալ բանաստեղծական ներշնչանքի աղբիւր, եւ “բանաստեղծը վախը կ’ապրի իր ամբողջ կատարելութեամբ”»։ Որպիսի՜ շնականութիւն…
Ռուսաստանի մէջ դեռեւս 1565 թւականից մարդուն աքսորելու կամ մահապատժի ենթարկելու համար կարիք չի եղել ոչ դատ ու ոչ էլ դատասատան։ Իվան Ահեղը ստեղծել էր քաղաքական ոստիկանութիւն որ ժամանակին կոչուեց օպրիչնինա եւ ունէր շուրջ վեց հազար գործակալ։ Նրանք սարսափի մէջ էին պահում ժողովրդին։ Իսկ իւրաքանչիւր հերթական պատժիչ գործողութիւններից յետոյ Իվան Ահեղը Աստծոյ առաջ ապաշխարում էր։ Օպրիչնինան կատարելագործեց ու վերակազմաւորեց Պետրոս Առաջինը։ Այնուհետեւ Նիկոլայ Առաջինը անցեալի փորձի հիման վրայ ստեղծեց Երրորդ բաժանմունքը որ պէտք՝ լինէր ազգաբնակչութեան «հոգեւոր ապաքինողը», ինչը այսօրուայ ըմբռնումով պայքարն էր այլախոհութեան դէմ։ Յաջորդ կազմակերպչական կերպարանափոխութիւնը Օխրանկան էր՝ Պահնորդութիւնը, որ նոյնպէս գործում էր երբեմնի օպրիչնինայի ու Երրորդ բաժանմունքի փորձով, բայց առաւել կատարելագործուած լկտութեամբ։
Ռուսական քաղաքական գաղտնի ոստիկանութեան համար հիմնականը եղել է «ներքին համոզումը» որ ձեւաւորւում էր գործակալների հետախուզական տուեալների հիման վրայ։ Եւ բոլորովին պատահական չէ որ չէկիստներին անւանում էին «օպրիչնիկներ», իսկ Ի. Ստալինը գնահատելով օպրիչնինայի «առաջադիմական դերը», Իվան Ահեղին քննադատում էր Աստծոյ հետ ունեցած մշտական հարաբերութիւնների համար՝ տէրութեան «թշնամիներին» անընդմէջ գլխատելու փոխարէն։
Սարսափի տասնամեակները իրենց խորը, երբեմն նոյնիսկ թւում է՝ անջնջելի հէտքն են թողել մտաւորականների նոր սերունդների վրայ, որոնք իրենց մէջ ամուր նստած կենսաբանական վախից կորցրել են ներքին ազատութիւնը եւ դարձել չարիքի եւ ոճրագործութեան անմիջական մասնակից։
Այդ կենսաբանական վախը այսօր խանգարում է նրան Արժանապատւօրէն բա՛րձր պահել գլուխը եւ շիտակ նայել սեփական պատմութեանը…
«ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԹԱՐԳՄԱՆՆ Է ԵՂԵԼ ՄԵՐ ՑԱՆԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ»…
…ասել է Ակսել Բակունցը նախկին շարքային դաշնակցականների համահայաստանեան համագումարի հինգերորդ նիստի (Նոյեմբեր, 1923) ընթացքին։
Բանն այն է որ Հայաստանի վերանւաճումից յետոյ Մոսկուան անմիջապէս ծաւալեց ցարական Ռուսաստանի ազգերը ձուլելու հետեւողական քաղաքականութիւնը մի նոր, աւելի «առաջաւոր» մեթոդով, որն է՝ ապազգայնացնելը։ Գաղութային վիթխարի կայսրութիւնը որի գաղութները սահմանակից էին եւ ոչ թէ ծովերից ու ովկիանոսներից անդին, կարող էր պահպանուել համասեռ ազգաբնակչութիւն ունենալու պայմանով։ Մարքս-լենինեան դասակարգային «ուսմունքը», որ դարձել էր բոլշեւիկեան Ռուսաստանի «հաւատոյ յանգանակը», դիւրացնում էր այդ գործը։ Դեռեւս 1848 թ. Կոմունիստների կուսակցութեան մանիֆեստը հրապարակել էր թէ «աշխատաւորները հայրենիք չունեն»։ Իսկ մարքսիզմ-լենինիզմի երկրորդ բաղադրիչը՝ դիալեկտիկական մատերիալիզմը բացառում էր Հաւատը եւ աստուածամերժութիւնը դարձել էր իւրօրինակ կրօն։
Այսպիսով, բացառւում էր Հայրենիքը՝ ասել կ’ուզի Լեզուն, բացառւում էր Հաւատը՝ ասել կ’ուզի ազգային պատկանելութեան գրաւականը։
Ես յայտնագործութիւններ չեմ անում։ Պարզապէս յիշեցնում եւ ընդգծում եմ այն իրականութիւնը որտեղ յայտնուել էին ազգային մեր մտաւորականութեան ճշմարիտ անհատականութիւնները եւ հայ ժողովուրդը՝ ընդհանրապէս։
ՀՅԴ շարքայինների մէջ արդէն հեղինակաւոր դէմք էր Ակսել Բակունցը որ ազգային հանրապետութեան կառավարութեան մէջ որեւէ դերակատարում չէր ունեցել։ Հետեւաբար հէնց նրան էլ յանձնարարեցին համագումարի կազմակերպչական գործը, ուրեմն նաեւ համագումարը նախագահելու պարտականութիւնը։ Այնպէս որ, Հայաստանում իրականացնում էին լենինեան սկզբունքը՝ մտաւորականին օգտագործել քարոզչութեան համար եւ երբ դառնայ արդէն աւելորդ՝ իբրեւ կոյր աղի — կտրել ու դեն նետել…
Կոմունիստների նենգաբարոյ էութեան անծանօթ եւ անփորձ Ակսել Բակունցը (եւ ոչ միայն նա) դուրս էր եկել դէպի «կոյր աղի» դառնալու ճամբայ։
Որպէսզի այսօր էլ հայաստանեան սինլքորները յայտարարեն, թէ «Բակունցը հնացած գրող է»։
Հայաստանի ՀՅԴ շարքայինները, անշուշտ, բոլորն էլ հրահանգւած ու թելադրւած, իրենց պատրաստակամութիւնը յայտնեցին դատապարտելու կուսակցութիւնը։ ՀՅԴ-ն լուծարելու յանձնարարութեամբ Զանգեզուրի շրջան մեկնած քարոզիչը գրում է. «Մի միտք եւ ցանկութիւն է իշխում գիւղացիութեան մէջ՝ օգտուել խաղաղ պայմաններից, ստեղծել բարի դրացիական հարաբերութիւն եւ հարեւան թուրք աշխատաւորութեան հետ վերաշինել երկիրը»։ «Խոզանավար գիւղի նախկին դաշնակցականները… հետեւեալն են ասում. “…Առաջարկում ենք արտասահմանի դաշնակցականներին թէ բաւական է ինչքան խաղացին հայ ժողովրդի բախտի հետ… Մենք վաղուց ենք երես դարձրել բախտախնդիրներից”»։ Բայանդուրի նախկին դաշնակցականները արձանագրել են. «Դաշնակ կառավարութիւնը մեր լայն ճանապահներն էր կապել, եւ կտրել մեր փոխ-յարաբերութիւնը հարեւան թուրքերի հետ։ Հիմա լսելով որ արտասահմանում մէր անունից գործ են անում, առաջարկում ենք որ մենք վաղուց ենք մոռացել նրանց եւ թող մեր անունից չգործեն»։
Ի դէպ այս եւ նման «գնահատականները» հանկերգուեցին կոմունիստական ապազգայացւած իշխանութեան եօթնանասուն տարիներին, եւ դեռ աւելին. այս նոյն գետնաքարշ բնորոշումները նոյն ձեւակերպումներով կրկնուեցին 1994 թուականի Դեկտեմբեր 28-ին, երբ թեւերը քշտած, իր սահմանափակ մտաւոր կարողութիւններով եւ կատարեալ գորշ մի անձնաւորութիւն Հայաստանի մէջ արգելեց ՀՅԴ կուսակցութեան գործունէութիւնը, որից յետոյ «ոստիկանական պետութիւնը Հայաստանում վերաճեց համապարփակ բռնատիրութեան» (մէջբերումը իմ «Խեղդում են ազգային ազատագրութեան ոգին» յօդուածից է որ իր ժամանակ լոյս տեսաւ Արտրերկրի եւ Երեւանի պարբերականների մէջ)։
«Դաշնակ» բառեզրը արդէն 1923 թ. դարձաւ քաղաքական մեղադրանք եւ հայհոյանք։ Յաջորդ մէկ ու կէս տարիների ընթացքին ոչ միայն նախկին դաշնակցականները, այլեւ ՀՅԴ շարքային բնաւ չեղած հազարաւոր, տասնեակ հազարաւոր մարդիկ դարձան բոլշեւիկեան մաքրազարդումների զոհեր։ Նրանց բոլորի տեղն արդէն լաւ գիտէր չէկան։ Չէկան նաեւ չէր մոռացել Ակսել Բակունցի այն խօսքը որ բերել եմ վերը, իբրեւ ենթախորագիր։
Շատ շուտով բոլշեւիկեան Մոսկուան, կոմունիստական կուսակցութիւնը (եւ ոչ թէ այս կամ այն անհատը) անցնելու էր մաքրազարդումների նոր փուլի։ Միեւնոյն ժամանակ միահեծան եւ անպարփակ իշխանութեան համար Կրեմլի մէջ ծայր էին առել ներքին անողորմ հակամարտութիւններ որոնք աւարտւելու էին քաղաքական սպանութիւններով, խայտառակ դատավարութիւններով, վերից մինչեւ վար անվստահութեան ու վախի թունաւոր մթնոլորտի մէջ զանգւածներով ստրկամտօրէն ծախւելու բարոյալքւածութեամբ։
Հայաստանի այս մթնոլորտը ստեղծելու եւ կուլտուրական ռեւոլիւցիան ու մաքրազարդումներն իրականացնելու համար իրեն Լենինգրադում փայլուն դրսեւորած Ա. Խանջեանը 1928 թ. Օգոստոսից արդէն նշանակուել էր հայկոմկուսի կենտկոմի երկրորդ, իսկ 1930 թ. Մայիսից արդէն առաջին քարտուղարն էր։ Այս շատ կարեւոր յանգամանքը միշտ զանց են առնում բոլոր նրանք ովքեր առանձին մի սէր ունեն դիցականացումների նկատմամբ։ Ուզում եմ նաեւ ասել որ այսօրինակ խեւ դիցականացումը սովետական հայրենասիրութեան հիմք էլ դարձաւ։
Եւ այդ հիմքը գոյութիւն ունի մինչեւ այսօր։
…Ինչ վերաբերում է գրական անցուդարձին որին դարձեալ չարամտօրէն տրուեց քաղաքականացուած «խմբակայնութիւն» անունը, ապա երեւոյթը բացառութիւն չի եղել Հայաստանի մէջ, բացառութիւն չի եղել ոչ 19-րդ եւ ոչ էլ 20-րդ դարի այլ եւ այլ ժողովուրդների արուեստի եւ գրականութեան համար։ Բայց նորից յիշեցնեմ որ մտաւորականութիւնը բոլշեւիկների համար շարունակում էր մնալ իբրեւ «բուրժուազիայի լաքէյ» եւ ենթակայ էր արմատախիլ լինելու։
Բոլշեւիկները գրական խմբաւորումներին սադրում էին քաղաքական փոխադարձ մեղադրանքների եւ դա նրանց յաջողւում էր։ Խելակորոյս այդ պայքարի մէջ որ իսկապէս կենաց եւ մահու հարց էր (ինչպէս եւ 37-ը ապացուցեց), ոչ միայն նւազ, այլեւ զօրեղ գրողները առանց բացառութեան գործածում էին պայքարի այն միջոցները, որպիսիք նրանց ձեռքն էր տալիս կոմկուսի կենտկոմը իբրեւ խանջեանական հովանաւորութիւն։
Գռեհիկ քաղաքական աստառ տալով եւ ծայրահեղօրէն հակառակ կարծիքները բորբոքելով, կուսկենտկոմը սկսել էր իր բիրտ միջամտութիւնները։ Կուսակցական եւ գրական մամուլի նախապատրաստական աշխատանքից յետոյ կուսկենտկոմը յատուկ որոշումով «վերջին նախազգուշացումով խիստ յանդիմանութիւն է անում ընկ. Բակունցին» (Օգոստոս 20, 1930 թ.,)։ Գրեթէ միաժամանակ կոմկուսի կենտկոմը որոշում ընդունեց «Հայպետհրատի իդեոլոգիական անկայունութեան մասին», արգելուեցին Ե. Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուն, Ե. Չարենցի եւ Ա. Բակունցի կազմած «Հայոց գրականութեան քրեստոմատիան», եւ հրատարակչութեան գեղարուեստական գրականութեան բաժնի վարիչ Ե. Չարենցին հեռացրին է իր պաշտօնից։
Հայկոմկուսի առաջին քարտուղար Ա. Խանջեանը տարբեր առիթներով Բակունցին եւ Չարենցին որակաւորեց քաղաքական պիտակներով որոնց մէջ ամենից ծանրը «նացիոնալիզմն» էր։ 1934 թ. Յունուար 20-ի զեկուցման մէջ խօսքը մասնաւորեցնելով յատկապէս նրանց նկատմամբ, Ա. Խանջեանը ասաց. «Անցեալի կուլտուրական ժառանգութեան հարցերը շոշափելիս` մենք ամենից առաջ մօտենանք այդ խնդիրներին` նացիոնալիզմի դէմ պայքարն ուժեղացնելու տեսանկիւնով»։
Ա. Բակունցը հանդէս եկաւ «Տեղական նացիոնալիզմի մի քանի արտայայտութիւնները մեր գրականութեան մէջ» զեկուցումով, որտեղ բացայայտեց ոչ միայն ի՛ր, սեփական կոպիտ սխալմունքը, այլեւ նացիոնալիզմի որոշ արտայայտութիւններ նշեց Գուրգէն Մահարու եւ Վահան Թոթովենցի երկերի մէջ։
Մարդու, արւեստագէտի արժանապատւութիւնը ստորացնելու կուսակցական իշխանութեան հերթական քայլ էր սա։
Կուլտուրական ռեւոլիւցիան իրականացնող Ա. Խանջեանը դժգոհ մնաց զեկուցման մէջ քննադատուած գրողների ելոյթներից, որովհետեւ նրանք հանդէս չէին բերել «ծաւալուն ինքնաքննադատութիւն»։ Իրենց հերթին քննադատւած գրողները` Չարենցը եւ Մահարին հրապարակեցին միանգամայն հասկանալի անհամաձայնութիւն Բակունցի զեկուցման դրոյթների նկատմամբ` նշելով զեկուցողի թոյլ տուած սխալները…
Մի խօսքով, ինչպէս տեսնում ենք, արդէն ստեղծւած սարսափի մթնոլորտի մէջ բռնատիրութիւնը տաղանդաւոր ու ազնիւ անհատականութիւններին ստորացնելով եւ նւաստացնելով, փորձում եւ յաջողում էր նրանց զրկել մարդկային առաքինութիւններից։ Այն առաքինութիւններից, որոնցից վաղուց զրկուած էին իրենք՝ կուսակցական ու պետական գործիչները…
Այս նոյն շրջանում Ա. Բակունցը արդեն հրատարակել էր «Խաչատուր Աբովեանի “անյայտ բացակայումը”» (1932)։
Ես կը յիշեցնեմ մի քանի դրուագ միայն։
Վկայակոչելով ականատեսներին, Բակունցը գրել է. «Հայաստանի ամենաուժեղ եւ ամենավնասակար թշնամին, որ… իր վնասակար, բարոյազրկող եւ տեւական ազդեցութիւնը ունեցաւ հայ ժողովրդի վրայ,— դա ի բնէ անտի Պարսկաստանն է եղած։ Նորագոյն ժամանակներում այդ դերը իր վրայ է առել Ռուսաստանը եւ հաւատարմօրէն շարունակել այն, պարսկական իմաստով»։
«Այն ժամանակից սկսած, երբ Ռուսաստանը իր երկգլխանի արծիւը մինչեւ Երեւանի հովիտը առաջացրեց… երկրամասի առեւտուրը որ առաջ ծաղկած վիճակ ունէր, բոլորովին քայքայուեց»։
«Ռուս պետական գանձարանը մի կողմից, եւ այստեղ հարստացած պաշտօնեաները՝ միւս կողմից, իւրաքանչիւր տարի կէս միլիոն ռուբլի են դուրս տանում Երասխի հովտի այդ աղքատ երկրամասից, ոչինչ չտալով դրա փոխարէն»։
Ա. Բակունցը մէջբերել էր նաեւ Բազարջիւղ գիւղի բնակիչների գանգատը, թէ՝ «Թէպետ կամօք եւ ուզելով Ռուսաստանի մէծ կայսեր հպատակ ենք… եւ թէպետ քիւրտերէն այնչափ կը վախնանք, ի վերայ այսր ամենայնի աւելի յօժարութեամբ կ’ուզենք մէր առաջին բնակութեան տեղուանքն ըլլալ, ուր անօթութիւն չէինք զգար, ուր երկիրն ա՛յսպէս ապերախտ չէր… եւ մենք հարկահանները կրնայինք գոհ ընել, ու ծեծ ուտելէն վախ չունէինք, ինչպէս հոս՝ ռուսաց մէջ ունինք, եւ ընդհանրապէս անանկ դառն թշուառութեան մէջ չէինք, ինչպէս հոս…»
«Պարսիկը մեր կրօնին, մեր ստացուածքին, մեր կենաց թշնամին է ասացինք, հեռացանք իրմէ… ռուսականի կողմը բռնելով։ Սակայն սրա պահանջած զոհն աւելի ծանր է. մեր եկեղեցւոյ անկախութիւնը կ’ուզէ գնել, հեղինակութիւնը ջնջել, ազգային ընտանեկան կեանքի սարք ու կարգ, վարքն ու բարք փոփոխել, լեզուն արմատախիլ անել… Եթէ հայոց ազգէն առաջ այս բարձրասարաս կաղնին չի բեկանի, չի խորտակուի, վա՜յ է մեզ»։
«Ռուս կառավարութիւնը ո՛չ ընդունակութիւն ունի, ո՛չ էլ կամք՝ մի ժողովրդի մտաւոր պահանջներին ընդառաջ երթալու։ Թէ՛ Եւրոպայում եւ թէ՛ Ասիայում նա մէկ կէտ նպատակի է ձգտում, — կամազուրկ ստրուկներ դարձնել իր հպատակներին»։
Եւ, վերջապէս.
«Սարդարի եւ ֆարրաշի փոխարէն ժողովրդի վզին նստել էր մի դաժան ադմինիստրացիա որ Ռուսաստանի խորքերից քշւում էր ծայրամասեր, եւ որի կամայականութեանը չափ ու սահման չկար։ “Օրհնեալ ռուս” եղան Նիկոլայ Առաջինի սատրապները եւ գրաֆ Բեկենդորֆի ժանդարմերիան»։
Ակսել Բակունցի եւ նրա բարեկամների ու հակառակորդների մտքի ծայրով իսկ չէր անցնում, թէ ըստ էութեան ոչինչ, ՈՉԻՆՉ չի փոխուել Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ «հիւսիսի արծւի» քաղաքականութեան մէջ։ Բանն այն է որ գունափոխւած Ռուսաստանը շարունակում էր իր գաղութային քաղաքականութիւնը, բայց հիմա արդէն ժողովուրդների բարեկամութեան եւ եղբայրութեան, պրոլետարական ինտերնացիոնալիզմի եւ կոմունիզմ շինելու անհեթեթ կարգախօսներով ու խոստումներով։
Քանի որ եթէ պարտադրաբար տառաճանաչութիւն սովորած ժողովուրդը սահմանափակուած էր սոսկ բոլշեւիկեան դեկրետներ ու հրամաններ կարդալով, իսկ գրագէտ ու բարեկիրթ ինտելիգենտը որեւէ կերպ կարողանում էր ճշմարիտ խօսք հաղորդել, ապա, լենինեան դրոյթներին հաւատարիմ կոմունիստները, օրինաչափօրէն բնաջնջելու էին Անհատականութիւններին եւ փոխարէնը, իրենց քարոզչութիւնը իրականացնող անկիրթ, տգէտ եւ ծախու մի խաւ էին ստեղծելու եւ այդ խաւը կոչուելու էր ոչ միայն սովետական ինտելիգենցիա, այլեւ սովետական հայրենասէրներ։
Իսկ մի քանի տարի անց Ակսել Բակունցին, այդ դաշնակին, իր սխալները հրապարակօրէն ընդունած, բայց եւ միաժամանակ ռուսական գաղութարարութիւնը դիմակազրկող հրոսակ գրողին ձերբակալելու եւ ապա նրա գլխապարտութեան համար որեւէ մատնիչ հարկաւոր չէր։
Ա. Բակունցը աւելի քան պէտք էր՝ լի ու լի մատնել իր ինքն իրեն։
Մատնել ու յայտնուել էր այն մսաղացի մէջ որ կոչւում էր կուլտուրական ռեւոլիւցիա եւ որը Հայաստանի մէջ իրականացնում էր բոլշեւիկեան Մոսկուայի սատրապը։
Շարունակելի
Комментариев нет:
Отправить комментарий