суббота, 20 ноября 2010 г.

37 37 37 Շարունակութիւն





«ԱՂԱՍԻ ! ՄԻ՞ԹԷ ԻՄ ԱՆՈՒՆՆ ԱՆԳԱՄ ՀԱՐԿԱՒՈՐ Է ՋՆՋԵԼ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԻՑ»

Ահաւասիկ, մենք հասանք ոչ հեռաւոր պատմութիւնը խայտառակ կերպով աղաւաղելու ամէնից բացայայտ փաստին, որպիսին է այն դիցապատումը թէ Հայաստանի կոմկուսակցապետ Ա. Խանջեանի սպանութեամբ էր պայմանաւորւած Եղիշէ Չարենցի գլխապարտութիւնը։ Արդէն իսկ Ակսել Բակունցի եւ Վահան Թոթովենցի (իսկ եթէ մեր ընդգրկումը աւելի լայն լինէր, ապա Նաեւ Գուրգէն Մահարու, Զապել Եսայեանի եւ միւսների) հալածանքի եւ գլխապարտութիւնների նկատմամբ բացայայտ է կուսակցապետի դերը որ կոչուած էր հազարամեայ քրիստոնէական հայ մշակոյթը եւ նրա ժամանակակից մշակներին կուլտուրական ռեւոլիւցիայի աղօրիքի մէջ ոչնչացնելը։ Եւ երբէ՛ք զանց չառնենք այն իրականութիւնը որ Վ. Լենինի համաշխարհային յեղափոխութեան գաղափարին ուղն ու ծուծով նւիրուած վանեցի երիտասարդը նաեւ Ի. Ստալինի մտերիմն ու վստահելի անձն էր։ Մինչեւ Հայաստան գործուղւելը նա իրեն հրաշալի դրսեւորել էր Լենինգրադում իբրեւ նւիրեալ բոլշեւիկ։ Իսկ Լենինգրադը, ինչպէս քաջատեղեակ մարդկանց յայտնի է, այն վտանգաւոր շրջանն էր, որտեղ բացարձակ ու միահեծան իշխանութեան համար պայքարի մէջ Ի. Ստալինի պարտութիւնը անխուսափելի կարող էր լինել։ Լենինգրադում բաւարար չափով դիրքերը ամրացւած զգալով եւ իր թողած մի փշուր Հայաստանի մէջ տեսնելով ազգային ինքնուրոյնութեան եւ ազատութեան սերմերի փարթամ աճը, Ի. Ստալինը Երեւան ուղարկեց Ա. Խանջեանին, անշուշտ, խաղարկելով «ազգային» կերպարի համար բաւականին նպաստաւոր՝ նրա «Վանայ ծնունդը»։ Յամենայն դէպս, Հայաստան գաղթած վանեցիների հոծ զանգւածը խանդավառութեամբ եւ յոյսով ընդունեց իր երկրացու յայտնութիւնը իբրեւ գերագոյն իշխանութիւն։ Անհասկանալի այդ խանդավառութիւնը դեռ պահպանւել էր մինչեւ 70-ականներ, թէեւ երբ մանկութեան ընկերոջս հօրը՝ ընտիր վանեցի Քանքանեան Տիգրանին հարցում արեցի, թէ ի վերջոյ ի՛նչ էին ակնկալում Աղասուց, այնպէս էլ որոշակի ու հստակ պատասխան չստացայ։ Հաւանաբար, պարզապէս վանեցիներին հաճելի էր որ վանեցի է։ Ճիշտ այնպէս, ինչպէս թիֆլիսահայոց հաճելի էր որ Արուտինովը թիֆլիսեցի է, կամ զանգեզուրցիներին հաճելի էր որ Թովմասեանը զանգեզուրցի էԵւ այլն
Եղիշէ Չարենցը 1928-ին, այն ժամանակ, երբ Ա. Խանջեանը նշանակւեց փոխկուսակցապետ, արդէն խոշոր հեղինակութիւն ունեցող եւ ազգային գրականութեան ու արւեստի գեղագիտական ուղղւածութիւնը կանխորոշող առաջնորդն էր։
Միաժամանակ, նա յայտնի էր իր ազատամտութեամբ ու հախուռնութեամբ, ինչը իւրայատուկ է ոգեմիտ մարդուն՝ ընդհանրապէս։ Նոյնիսկ հասցրել էր «վերադաստիարակուել» կամ «ուղղուել» Երեւանի Ուղղիչ տանը։
Երեւանի բանտի մէջ։
Միայն թէ «նոր աշխարհ» կերտող արկածախնդիր կոմունիստները «բանտ» բառեզրը արդէն համարում էին անկարգ լեզուի բառիմաստ։ Նրանք յանցապարտներին «դաստիարակում եւ ուղղում» էին։ Մարդասիրութեան մի արտայայտութիւն, ինչը ձախողելու պարագային յանցապարտը առանց դատ ու դատաստանի գնդակահարւում կամ մշտական բնակութիւն էր հաստատում Ռուսաստանի սառնաշունչ հեռուներում։
Բանտարկութեան մէջ Եղիշէ Չարենցը շատ կարճ ժամանակի մէջ հասկացաւ ու զգաց, թէ որպիսի իրականութեան մէջ է յայտնուել իր այն Հայաստանից, որի կառավարութիւնը, յանձին Նիկոլ Աղբալեանի՝ հովանաւորութեան տակ էր առել քսանամեայ բանաստեղծին՝ ոչ միայն բարոյական, այլեւ նիւթական իմաստով։ Նրա «այն Հայաստանը ոչ մի եզր չունէր այս Հայաստանի հետ», որ ուղղիչ տանը արտացոլւում էր իբրեւ ճշմարիտ թանձրապատում։
Բանտից դուրս գալուց յետոյ Եղեշէ Չարենցը գրեց «Երեւանի Ուղղիչ Տնից» վէպը որի առիթով զարմանալի, բայց գոնէ ինձ եւ ինձ նման ուղեղի լւացումի չենթարկուած առանձին անհատների համար միանգամայն հասկանալի անորոշութիւն է տիրում մինչեւ այսօր։
Բանտի իրականութիւնը, բարքերը, աշխատանքային եռանդը, թմբուկն ու շեփորը, նաեւ բանտարկեալների կենցաղը, նրանց հոգսերն ու տագնապները, ընդհանրապէս բանտային կեանքը իր բանտային ռեժիմովսովետական իրականութեան ճշգրիտ մանրակերտն է։
Եթէ կուզէք, թէեւ օրագրային ճշգրտութեամբ իրական, բայց ըստ էութեան այլաբանական վէպ է գրել Եղիշէ Չարենցը։ Եւ այդ վէպի ենթաբնագիրը որ բնաւ էլ քօղարկուած չէ, սովետական իշխանութեան ու կոմունիստական վարչակարգի բացայայտումն է։ Բանտարկութեան օրերը աւարտւում են եւ Եղիշէ Չարենցը դուրս է գալիս բանտիցոչ թէ ազատութիւն, այլ մտնում է շատ աւելի մէծ, աշխարհի վեցերորդ մասը զբաղեցրած բանտ։
Այս վէպը ռուսական իրականութեան մէջ ունի իր համազօրները։ Ես նկատի ունեմ Անդրէյ Պլատոնովի «Հիմնափոս» եւ «Չեւենգուր»  վէպերը որոնք արգելւած են եղել եւ լոյս են տեսել համապատասխանաբար՝ 1987 եւ 1988  թուականներին միայն։ Երկուսն էլ այլաբանական վէպեր են։ Կոմունիստական ուտոպիայի  խորհրդանիշ է «աշխատաւորական համայնական տունը» որի հիմնափոսն են փորում վէպի դերակատարները։ Այդ հիմնափոսը որ պէտք է լինէր «երկրային դրախտի» շինարարութեան հիմքը՝ դառնում է Նաստիա անունով աղջնակի գերեզմանը, ինչը եւ Ռուսաստանի անխուսափելի ապագան է։ Իսկ նոյնքան ուտոպիական Չեւենգուր քաղաքում մարդիկ սոցիալիզմ են կառուցում, որտեղ չէկիստները սպանում են բուժուաներին եւ կիսաբուրժուաներին, իսկ «պրոլետարիատը սնւում է բուժուազիայի սննդամթերքի մնացորդով»։
Եղիշէ Չարենցի վէպի մէջ ուտոպիական սոցիալիզմ կառուցողները իրական բանտարկեալներն են եւ նրանց առաջնորդն է բանտապանը։ «Նոյեմբերի 29-ի երեկոյեան Ուղղիչ տանը կայացաւ միտինգ որին ներկայ էին բոլոր կալանաւորներըՄիտինգը բաց արեց կուլտ-կոմիսիայի նախագահը որից յետոյ խօսեցին Ուղղիչ տան վարչութեան եւ կալանաւորների ներկայացուցիչներըՄիտինգից յետոյ կալանաւորները խաղացին երեք պիես՝ հայերէն, թուրքերէն, ռուսերէնԵրեկոյթից յետոյ տրուեց ընթրիք որ մեծ հաճոյք պատճառեց կալանաւորներին»։ Կամ՝ «Պետը, Ուղղիչ տուն մտնելով, նախ մօտենում էր նոր կառուցուող արհեստանոցներին։ Իւրաքանչիւր օր պատերը բարձրանում են. հէնց այդտեղ, բակում, շինում են դռներն ու պատուհանները, նոր եկած սայլերի վրայից կալանաւորները թափում են քարերը, միւսները հղկում են ու տաշում… (ի դէպ միայն երկու տասնամեակ յետոյ էր Ջորջ Օրուէլը գրելու «Անասնատուն» հէքիաթըԿԱՍ)։ Երբ պետը մօտենում է Համոյին՝ սա մի րոպէ թողնում է աշխատանքը, քիթը թեւով սրբում ու ժպտալով հարցնում. «Ընկեր պետ, էսա վերջացրինք, մաղարիչը ե՞րբ ես տալու…» Պետը միշտ միեւնոյն պատասխանն է տալիս. «Երբ որ վերջացրինք՝ լուսանկարիչ եմ կանչելու՝ բոլորս միասին նկարուենք…»
Լենինգրադից Հայաստան գործուղուած կուսակցապետի հետ առաջին հանդիպումից  Ե. Չարենցը  լաւագոյնս տպաւորւեց.  «Ես յիշում եմ հիմաերբ կոչեցի քեզ նաիրեան դոֆին»։
Այո՛, առնուազն՝ գահաժառանգ։
Բայց կարճ ժամանակ անց, բանից պարզւեց որ այս նորայայտ «գահաժառանգը» կուլտուրական ռեւոլիւցիան յաղթական վախճանի հասցնելու համար բնաւ էլ մտադիր չէ խնայել «ազգայնական» գրողների խմբին։ Ամէն անգամ հրապարակային հերթական «պրոլետարական քննադատութեան» ենթարկելուց յետոյ, նրանց շատ մարդկային տարակուսանքներին պատասխանում էր ճիշտ այնպէս, ինչպէս նրա յաջորդներն են բացատրել, եւ այդ բացատրութիւնը տւել են նաեւ անձամբ ինձ, թէ իբր այդ քննադատութիւնը անհրաժեշտ է «ի պաշտօնէ կուսակցական գիծը պահպանած լինելու», նոյնիսկ, ինչպէս խորհրդապաշտ մի երանգով ինձ ասուեց ժամանակին՝ «Մոսկուայի աչքին փոշի փչելու» նպատակով։
Ընդհանրապէս, երբ քննախոյզ հայեացքով ես նայում 30-ականների անցուդարձին, որտեղ գործող անձ է ոչ միայն «մեր վանեցին», այլեւ «ազգային արժէքներ գնահատող» Սահակ Տէր Գաբրիէլեանը, ապա հասկանալի է դառնում գրական աստղաբոյլի այն երանելի տեսիլքը, թէ կոմունիստ ղեկավարները, ինչո՞ւ չէ, կարող են նաեւ ազգային պատկանելութեան զգացում ունենալ։
Քննախոյզ եւ անաչառ հայեացքով դիտելիս բացայայտւում է նաեւ մի սոսկալի երեւոյթ որպիսին է խմբաւորումների միջեւ հակամարտութիւններ ներմուծելու ճարպկութիւնըԱրտաքնապէս «հովանաւոր» ներկայանալով՝ Ա. Խանջեանը պաշտօնապէս ջախջախում էր նրանց, իսկ հակառակորդ խմբավորումն էլ այդ քննադատութիւնից թեւեր առած՝ աւելի էր բորբոքում գրապայքարի կրակը։ Ընդ որում մենք նոյնպէս ականատես ենք եղել դրան։ 60-80-ականներին նւազ բախումներ ու խմբաւորումներ չկայինԵւ դրանց մէջ նշանաւոր «կոլխոզը» կամ «հողապաշտները»։ Բախումները դիւային մեթոդներով ստեղծում էր կոմկուսի կենտկոմը։ Եւ կուսակցական ղեկավարներն էլ հպարտանում էին, թէ «գրողները թող իրար գլուխ ուտեն, փոխարէնը իրենց գլուխն է հանգիստ մնում»։
Այս սադայելական քաղաքականութեան ապացոյցը Եղիշէ Չարենցի 1935 թ. Մարտ 8-ի դիմումն է գրողների միութիւնից դուրս գալու մասին. «Յայտնում եմ որ այսօրուանից դուրս եմ գալիս գրողների կորպորացիայից,— գրում է նա եւ աւելացնում.— Խնդրում եմ դիմումս ընդունել առանց յետին մտքերի, չտալ նրան քաղաքական բովանդակութիւն։Եւ դիմումն աւարտում է.— Վերջապէս, խնդրում եմ կրկին՝ չտալ դիմումիս քաղաքական իմաստ եւ այսօրուանից ջնջել իմ անունը գրողների ցանկից»։
Մի քանի օր անց քննում են Ե. Չարենցի դիմումը, գրեթէ միաձայն նրան ներկայացնում են քաղաքական մեղադրանք եւհեռացնում են։
Նրա անունը «գրողների ցանկից ոչ թէ ջնջում են», այլ իրենք են հեռացնում
Այս երեւոյթին նոյնպէս սեփական փորձով քաջածանօթ լինելով, կասկած անգամ չի կարող լինել որ՝ ոչ թէ ընկերներն ու բարեկամները դաւաճանեցին Ե. Չարենցին, այլ ստանալով համապատասխան հրահանգ, եւ վաղուց անտի գտնւելով ահ ու սարսափի թանձրացող մթնոլորտի մէջ, Ե. Չարենցի ընկերներն ու բարեկամները դաւաճանեցին իրենք իրենց
Եղիշէ Չարենցը գիտենալով, թէ ինչն ինչոց է, միեւնոյն է, չի խնայում իրեն դատողներին.

Օ. խե՜ղճ մարդուկներ,— օ, ստորաբար
Գարշապար լիզող գերիներ քսու,
Դուք ոչ թէ արդէն գրող էք ու մարդ,
Այլճորտեր միայն ցնցոտիաւոր

Եւ ապա.

«Գրողները» ինձ «դուրս են շպրտում»
«Դրաստամատեան Գրական Տնից…»
Իսկ վերից Խանջեանն ինքն է յոխորտում,
Թէ ինձ «կը հանի՛ իմ հիմար քնից…»
.  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .
Է՜հ, վաղո՜ւց եմ ես «քնից» արթնացել,—
Արդ դո՛ւք էք, աւա՜ղ, քնած մնացել

Իմ խորին համոզմամբ որ հիմնուած է այն փաստերի վրայ, թէ ինչպէս էր գրողների հետ «կատուի խաղ՝ մկան մահ» սարքում Ի. Ստալինը (Բուլգակով, Պաստերնակ, նոյնիսկ՝ Գորկի, որի հաւատարմութեան նկատմամբ կարծէս թէ չէր կարող որեւէ կասկած լինել), միանգամայն մոլորութիւն է կարծելը, թէ երբ նա հայ գրողների հետ հանդիպելիս Ստեփան Զորեանի ելոյթը ընդհատելով հարցում է անում Չարենցի մասին, նկատելով որ նրան նեղում են՝ ունեցել է «բարի նպատակ»։ Ըստ էութեան այդ «մտահոգութիւնը» արդէն իսկ ազդանշան էր, թէ բացառիկ հեղինակութիւն ունեցող յանդուգն, բացառիկ եւ ճշմարիտ բանաստեղծի եւ ընդհանրապէս նրա շրջապատի հարցը յայտնի է առաջնորդին եւ պէտք է լուծել։ Եւ ոչ միայն գրողների, այլեւ ընդհանրապէս ժամանակն է լուծել «բուժուազիայի եւ կապիտալի լաքէյների՝ այդ ինտելիգենտիկների» հարցը։
Խանջեանական հովանաւորութեան մասին առասպելը ինձ համար տարօրինակ է նաեւ այն իմաստով որ Եղիշէ Չարենցը իր ամբողջ կեանքը ապրեց անտուն-անտէր վիճակի մէջ։ Նա գիշերում էր բարեկամների տները կամ հիւրանոցում։ Միայն ձերբակալութիւնից մէկ տարի առաջ նա տուն ունեցաւ, բայց քանի որ «չգնահատեց» կուսակցութեան այդ հոգատարութիւնը, իր նոր տան մէջ դարձաւ կալանաւոր։ Նրան ենթարկեցին տնային բանտարկութեանԻ դէպ նրա «հովանաւոր ու համախոհ» Ա. Խանջեանը դեռ իր նժոյգի վրայ էր։
Գրողների միութիւնից դուրս գալու դիմումը, որ փոխարինուեց նրան վտարելու ցինիկ՝ շնական որոշումով, ունէր շատ աւելի խորն իմաստ, քան սոսկ շնականութիւնն է։ Եւ այդ բացայայտում է 1935 թ. Մարտ 22-ի Ներքին գործերի ժողկոմատի պետանվտանգութեան վարչութեան պետ Գեւորգովի՝ «Եղիշէ Աբգարի Չարենցի լրացուցիչ հարցաքննութեան արձանագրութիւնից»։ Հարցաքննողը Եղիշէ Չարենցին բացատրում է. «Խորհրդային գրողների կորպորացիան մեկուսացուած բնագաւառ չէ եւ ղեկավարւում է դրա համար նախատեսուած խորհրդային կառավարութեան համապատասխանբ օրէնքներով» եւ եզրակացնում. «Հետեւաբար կորպորացիայից, իսկ ըստ էութեան նաեւ խորհրդային միութեան գրողների միութիւնից Ձեր դուրս գալը հակախորհրդային քայլ է»։
Վերջերս լոյս տեսաւ «Վերջին խօսք» խորագրուած եւ «գիրք-մատեան» անուանակնքուած Եղիշէ Չարենցի անտիպների ժողովածուն, որն ունի նաեւ լուսանցքային միջամտութիւններ։ Դրանցից մի քանիսը վերնագրուած են «Գրական բարքեր» եւ չարենցեան բացառիկ այս ժողովածուն փորձում են դարձնել նաեւ ոչ միայն Ա. Խանջեանին դիցարանի մէջ հաստատուն պահելու, այլեւ նրա տիրակալութեան տարիներին բոլշեւիկեան իրականութեան մղձաւանջը ազգային բարգաւաճումի շրջան ներկայացնելու միջոց։
Ի հարկէ, բանաստեղծի բարեկամական շրջապատը հերոսութիւն չի դրսեւորել Հայաստանը «ինտելիգենտիկներից» եւ մնացեալ «հակա-յեղափոխական էլեմենտներից» մաքրազարդելու տարիներին։ Ինքը՝ բանաստեղծն է գրում եւ գրում է Ա. Խանջեանի հետ իր «մտերմութեան» եւ նրա կողմից «հովանաւորուելու» տարիներին, այս դէպքում՝ 1934-ին.

Այնքան մաղձ կայ իմ սրտում, այնքա՜ն դառնութիւն.
Ես միայն վիշտ եմ տեսել, ե՛ւ թախիծ, ե՛ւ թոյն

Չգիտեմ՝ ե՞ս եմ մեղաւոր, թէ մեր
Կեա՛նքն է եղել մեղաւոր, ու մռայլ. ու նեռ

Ոչ բարեկամ ունեցայ, ոչ թշնամի մե՛ծ.—
Բարեկամը հեռացաւ, թշնամինտեւեց։

Համայնական էր թէկուզ կեանքը մեզանում
Ամէն ոք շուրջս, սակայն, իր թելն էր մանում

Եւ էլ մենակ մանեցի իմ թելը կեանքնում
Ինչքան որ ուժ ունէիանխոնջ ու անքուն։

Թոյն շահեցի սակայն ես վաստակիս համար
Եւ մնացել եմ այսպէս դառնացած հիմա

Իսկ 1935-ին «Պոէտի վիշտը» բանաստեղծութեան մէջ այսպէս ասած՝ «անցնում է» իր բարեկամների վրայով.

«Ես ինչպէ՞ս խօսեմ
Զօրեանի հետ այն
Որ խեղճ ու նսեմ
Մի Կիրովական
Աշխարհն է նրա

Ես ինչպէ՞ս խօսեմ,
Ի՞նչ լեզուով արու՝
Պոէտի հետ մէր
Գուրգէն Մահարու,—
Որ աշխարհում ողջ,
իր քթից բացի՝
Տեսել է միայն
ճաշ որբանոցի

Իսկ ի՞նչ է տեսել
Վշտունին Ազատ՝
Վանի լճաձեւ
Երգիչն հարազատ՝
Որ հագած այսօր
Քղամիդ կարմիր
Դարձել է բոսոր,
Շիկացած մարմին

Զարեանն է արդեո՞ք,
Զարեանն է, որ մեր
Նորոգ աշխարհին
Բերում է նորմեր

Ախ. նոյն արջն էք դուք
Որ հին օրերում
Ձեր պետն է երգել
Իր «Մթնաձորում»։

Հայ գրականութեան գիտակի համար չէ, որ յիշեցնում եմ, թէ «Մթնաձորի» հեղինակը եւ վերոյիշեալ «խմբապետը» Ակսել Բակունցն է։
Եւ աւարտին.

Իմ վիշտը միայն
Ես ինքս գիտեմ
Կանգնած անագան
Այս նախիրի դէմ

«Գրական բարքե՞ր…» Այս արտայայտութիւնը որ շարունակ ծնգացրել են իմ ականջին 60-ականներից ի վեր, արդէն չորս տասնամեակից աւելի է, ինչ շարունակւում է մեր մշակութային, մասնաւորապէս գրական մթնոլորտի մէջ։ Դեռ առիթ կունենամ անթիւ-անհամար վկայութիւններ տալու թէ որպիսի արագութեամբ են առատօրէն պղպջակուել այդ «բարքերը»։ Այդ «բարքերի» մէջ եղել է նաեւ գրողին գրական նախարարութեան ցուցակից «անունը ջնջելու» մի նոր փաստը։ Բայց հիմիկ ու հիմա պատասխանենք այն հարցին, թէ. «Եղե՞լ են արդեօք նմանօրինակ բարքեր 19-րդ դարի հայ գրական մթնոլորտի մէջ, եւ ընդհանրապէս եղե՞լ են եւ կա՞ն արդեօք նման բարքեր Արեւմուտքի գրական մթնոլորտի մէջ»։
Երբէ՛ք չեն եղել։
Չի եղել մի դէպք որ տարբեր հարթութիւնների եւ տարբեր գետինների վրայ կանգնած գրողների ասուլիսներն ու վիճաբանութիւնները ունեցած լինեն ողբերգական հետեւանքներ թէ՛ արուեստագէտի եւ թէ՛ գրականութեան ու արուեստի համար։
Եւ մի՞թէ «գրական բարքեր» սահմանումի տակ կարող է դիտուել հէնց իր՝ Եղիշէ Չարենցի երկու բանաստեղծութիւնները որոնք, ափսոս, տեղ չեն ունեցալ այս «Վերջին խօսք»ի  մէջ։
Երկուսն էլ գրուած են 1937-ին, եւ երկուսն էլ արդէն բանտում։

ԹԻՖԼԻՍԻ ԿԻՆՏՈՆ

Բազմել է ցարերի գահին
Թիֆլիսի նեղճակատ կինտոն,
Խրոմէ սապոկներ հագին
Եւ գահը արել է ֆայտոն։

Սեւ կառքի կառապան լկտի
Բազմել է ցարերի գահին,
Լափում է որձակը մեր մտքի,
Զրկում է մեզ հունտից ազգային։

Օ, ո՞ւր էք, աստղեր, արեւներ,
Իջնում է ազգիս երեկոն,
Եւ եղաւ չլսուած մի նեռ
Թիֆլիսցի նեղճակատ կինտոն

Եւ ապա՝

        ՆԵՐԲՈՂ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ՝ ԻՈՍԻՖ ՍՏԱԼԻՆԻՆ

Լեռնանման, անդրդուելի բարձրաբերձ՝
Գրանիտեայ կամքն ես երկրի դու մեր մեծ։
Մի՞թէ զազիր, ուխտադրոյժ, դաւաճան
Որդե՞րն են այս որ պիտի քեզ սասանեն,
Օ, ղեկավար մեր անսասան եւ անկեղծ
Չնչին, ինչպէս Արարատին նետուած քար՝
Դաւերն այդ սեւ, քստմնելի եւ կամկար
Չհասնելով քղանցքներին անգամ քո
Վայր են թափւում համայնացուած մեր կամքով,
Եւ անտէրունչ կորչում անզօր ու անկար
Ինչպէս անհաս Արարատին նետուած քար

Երբէ՛ք «գրական բարքեր»ի արտայայտութիւններ չեն այս բանաստեղծութիւնները, այլ հետեւանք են նոյն Վախի ու Սարսափի. որի անմիջական հետեւանքը Նւաստացումն է։
Եւ Եղիշէ Չարենցին նւաստացրե՜լ են
Ա. Խանջեանի «հովանաւորութեամբ» են նւաստացրել
Յետ գնանք մի քանի էջ եւ նորից կարդանք «Սարսափը՝ բոլշեւիկեան իրականութեան անկիւնաքար» ենթագլուխը։ Եւ կիսախուփ աչքերով սուզուենք մեր էութեան խորքերը՝ փորձելով վերապրել կամ գոնէ պատկերացնել այն ահաւոր մարմնական չարչարանքներն ու բարոյական տառապանքները որ կրել են Եղիշէ Չարենցը, Վահան Թոթովենցը, Ակսել Բակունցը, Զապել Եսայեանը, Գուրգէն Մահարին, Ազատ Վշտունին, Վաղարշակ Նորենցը, Վահրամ Ալազանը չէկա-կագէբէի բանտային մեկուսարաններում եւ հարցաքննութիւնների ընթացքին
Այո՛, նաեւ այն Նորենցի ու Ալազանի որոնց առիթով Եղիշէ Չարենցը գրել է.

Ով Վարուժան, Մեծարենց
Ի՞նչ էք կերել երգակից
Որ Ալազան ու Նորենց
Երգ են շինում ձեր քաքից։

Ես բնաւ չէի անդրադառնայ Եղիշէ Չարենցի «Վերջին Խօսք» գրքի «Գրական բարքեր» խորագրուած միջամտութիւններին, եթէ չլինէր ե՛ւ նրա եւ թէ՛ բոլոր միւս ֆիզիքական ու բարոյական զոհերի (որովհետեւ Նաիրի Զարեանը կամ Հրաչեայ Քոչարը այդ բարոյական զոհերի շարքերն են լրացրել) կողքին, 189-րդ էջի վրայ պատկերուած Աղասի Խանջեանի լուսանկարը՝ սրբապիղծ կեղծիքով, կատարեալ ստախօսութեամբ մի մեկնաբանութիւն. «Հայրենանուէր այս գործիչը 1930 թ. ընտրուել է ՀԿ(բ)ԿԿԿ առաջին քարտուղար։ Այդ տարուանից Ա. Խանջեանը եւ Ե. Չարենցը եղել են համախոհներ եւ մտերիմներ»։
Մի կողմ թողնենք տրամաբանութիւնը, թէ ինչպէ՞ս կարող էին համախոհներ լինել  «լուսապայծառ ճակատներ»ով Նարեկացու եւ Քուչակի արմից սերած ու մեր ժամանակների Չարենցը դարձած Եղիշէն եւ բոլշեւիկեան ռուսաստանի սատրապ Խանջեանը որ Հայաստանի մէջ «յաջողութեամբ իրականացրել է կուլտուրական ռեւոլիւցիան»  (նաեւ ՀՀՀ, հ.4, 2003, էջ 120)։
Այդ ովքե՞ր են այս պիղծ մտայնութեան հեղինակները որ շարունակում են Չարենցին ու Խանջեանին նոյնացնել
Նոյնացնել Զոհին  ու Դահիճին
Եւ Դահիճին իբրեւ Զոհ՝ բազմեցնել հայ երեւելիներ դիցարանի մէջ
Այս ի՞նչ կաֆկայական մղձաւանջ է
Հարցնում եմ՝ ովքե՞ր
Անշուշտ, նրանք, ովքեր շարունակում են խնկարկել «ռուս-հայկական դարաւոր բարեկամութիւն» յորջորջուող անհեթեթութիւնը. նրանք, ովքեր պատմական իրականութեան մէջ ռուսական գաղութացման աւելի քան մէկուկէս դարերի ընթացքին եւ յատկապէս 1920-ից ի վեր դարձել են ծրագրուած ճերմակ ցեղասպանութեան զոհեր. նրանք, ովքեր դարձել են ամենայն ռուսականը ջատագովներ. ի վերջոյ՝ մուտանտներ՝ ծինաբանօրէն որակափոխուածներ։
 Ա. Խանջեանի «ազգային գործիչ» կամ «Չարենցի համախոհ» լինելու դիցապատումը ծայր է առել նրա չարամիտ սպանութիւնից յետոյ։ Նոյնիսկ երեւոյթների ժամանակագրութիւնը խախտելով, սովետահայ գրականագէտները Եղիշէ Չարենցի նկատմամբ շարունակական հալածանքները մոռանալով, նրա եւ միւս զոհերի ձերբակալութիւնները ներկայացնում են իբրեւ Խանջեանի ֆիզիկական բացակայութեան հետեւանք։ Եւ ընդհանրապէս Եղիշէ Չարենցի առաքինութիւնն ու յիրաւի քրիստոնէական բարոյականութիւնը զանց առնելու, աղաւաղելու, պղտորելու գնով փորձում են «անմեղ զոհ»ի կերպարանք տալ նաեւ Մոսկուայի սատրապին։
Կուլտուրական ռեւոլիւցիայի թորած արեան գետերի մէջ իրենց մկրտութիւնը ստացած հասարակութիւնը, կամ պարզապէս մուտագենեզի ենթարկուած ժողովուրդը պատրաստ էր քաղաքական պայքարի մէջ կատարւած սպանութիւնը այնպէս սրբացնել որ նոյնիսկ նրա «համախոհ ու մտերիմ» լինելու առասպելով վարկաբեկէին յանուն ռուսական կոմունիզմի յաղթանակի զոհաբերուած Չարենցին եւ ընդհանրապէս ազգային ուղեղը կրողներին։ Նորից յիշենք թէ բոլշեւիկների համար ի՛նչ էր այդ «ազգի ուղեղ» կոչուողը։
Այս տարօրինակ երեւոյթը, որ իր տեսակի մէջ հոգեխախտումի տեսակ է՝ կրկնուեց նաեւ մեր ժամանակ, մեր օրերին։ Ազգային Ժողովի սրահի մէջ տեղի ունեցած նոյնքան ցինիկ սպանութիւնները իբրեւ ոճիր գնահատելուց զատ, բանից պարզուեց նաեւ որ յանցագործութեան զոհերը նաեւհերոսներ են։ Ազգային հերոսներ։ Մի՞թէ անհեթեթութիւն չէ քաղաքական այս հերթական եւ ստոր սպանութեան զոհերին ոչ աւելի ու ոչ պակաս ազգային հերոսներ կոչելը, երբ նրանցից մէկը յամենայն դէպս 1975-ից ի վեր մինչեւ պաշտօնազրկումը Հայաստանի մէջ իրականացրել է վերջնական հոգեզրկութիւնը, իսկ միւսը 1996-ին զէնքը ձեռքին կատարել է պետական յեղաշրջում, անամօթաբար յայտարարելով, թէ նախագահութեան թեկնածուն միւսից ոչ թէ աւելի, այլ հարիւր տոկոսով ինքը ստացած լինէր քւէները, միեւնոյն է, իշխանութիւնը չէին յանձնելու
Եւ եթէ նրանք են ազգային հերոսները, հապա ովքե՞ր են Դրաստամատ Կանայեանը, Գարեգին Նժդեհը, Անդրանիկ Օզանեանը, Ռաֆայէլ Աւագեանը, Շաւարշ Սմբատեանը, Ստեփան Զատիկեանը, Մովսէս Գորգիսեանը, Սամուէլ Շահմուրադեանը 
Այդ նոյն հիւանդագին, ախտահարուած մտածողութեամբ «ազգային գործիչներ» եւ «հերոսներ» են նաեւ Կիրո՞վը, Բուխարի՞նը, Զինովիե՞ւըորոնք իշխանութեան համար մղուող պայքարի զոհերն էին ընդամենըԻսկ եթէ այդպիսի մի զոհ լինէր Ստալի՞նը
Հետեւաբար, նոյնքան ախտահարուած, «մորմոքուած ուղեղի» (Ե. Չարենց) վիժում է այն հանկերգը, երբ մեր դիմաց շարունակ յայտնւում է «Ստալինի եւ Բերիայի զոհեր» բանաձեւը։ Ախտահարուածներին ապաքինելն անհնար է։ Բայց մենք, անշուշտ, գոնէ շատ լաւ գիտենք որ 37-ը սոսկ խորհրդանիշ է. որ համաշխարհային յեղափոխութեան բագինին արիւնը հեղուել է շարունակ եւ անդադար. որ ճիշտ այնպէս, ինչպէս մարդկութեան դէմ կատարուած ոճիրների համար Նիւրնբերգում դատապարտուած միայն Գեորինգը, Հիմլերը եւ այլոք չէն, որ յանցագործ են, այլ նացիոնալ-սոցիալիստական կուսակցութիւնըՆոյնպէս եւ հարիւր միլիոնից աւելի բռնաճնշումների զոհերի ոճրագործները Ստալինով ու Բերիայով չեն սահմանափակւում։ Յետոյ ի՞նչ որ 1956-ին Ն. Խրուշչեւը իր եւ իր բազկակիցների ոճրագործութիւններն էլ բարդեց Ի. Ստալինի վրայ՝ անունը դնելով «անհատի պաշտամունք»… Յետո ի՞նչ որ կոմունիստական կուսակցութիւնը ռուսական նացիոնալիզմի շնորհիւ չունեցաւ իր ՆիւրնբերգըՅետո ի՞նչ որ այսօրուայ Ռուսաստանը շարունակում է ապրել իր Լենինով այնպէս, ինչպէս Թուրքիան ապրում է իր Աթաթուրքով
Յետո ի՞նչ
Եւ մեզ ի՞նչ
Չէ՛, իսկապէս որ մեր հասարակութիւնը, մեր ժողովուրդը, յամենայն դէպս իր մեծամասնութեամբ յաջողութեամբ ենթարկուել է կամ հոգեւոր ցեղասպանութեան եւ կամ մուտագենեզի
Այս ի՞նչ երկու չարիքներ են միաժամանակ
Իրականի մէջ միայն մէկ Չարիք է եղել եւ այսօր էլ շարունակում է իր գոյութիւնը ժամանակակից հայի գիտակցութեան կամ նոյնիսկ ենթագիտակցութեան մէջ։
Այդ Չարիքը կոմունիզմի կառուցման, ազգերը հոգեզրկելու եւ արմատից կտրելու, ազգային արժէքները նենգափոխող ու ազգերը ձուլելով «սովետական ժողովուրդ» ստեղծելու եւ մէկ ընդ միշտ միասեռ կայսրութիւն հաստատելու ռուսական հիւնաւուրց ծրագիրն է։
Մեր հայը դեռեւս չի ուզում ընկալել այն վաղնջական ճշմարտութիւնը որ միշտ զօրաւիգ է եղել նրան ճակատագրական ժամանակներին՝ ժողովուրդների բարեկամութիւնը սոսկ գեղեցկախօսութիւն է եւ այդ գեղեցկախօսութեանը հաւատացողները նմանում են այն նապաստակին որ պիթոնի հիպնոսացնող «բարեկամական» հայեացքին տրուած շտապում են վայրկեան առաջ նետուել նրա երախի մէջ։
Մեր միակ փրկութիւնը այդ Չարիքը կտրականապէս մերժելն է իբրեւ ազգային սեփական  պատմութիւն. եւ ազգային մեր ընթացքը շարունակելն է առանց այդ Չարիքի փորձանքների ծանր պարկը մեր շալակին առած։
 Շարունակելի 

Комментариев нет:

Отправить комментарий