суббота, 20 ноября 2010 г.

37… 37… 37… Սկիզբ 1



O TEMPORA ! O MORES !

Ժամանակը սոսկ թիւն է։ Ժամանակները` կոմունիստական բռնատիրութեան առայժմ երկու եւ ապա յաջորդող տասնամեակներն են։ Ամէն մի եկող սերնդի հետ այդ տասնամեակները դառնում են աւելի վերացական, քան իրենք` թւանշանները, որոնք այնքան պարզ են որ բաժանւում են միայն մէկի եւ մէկ էլ իրենք իրենց վրայ։ Եւ ընդհանրապէս այդ տասնամեակները ժամանակակից Հայի համար արդէն դարձել են նոյնպիսի պարապ տակառից եկող արձագանգ, ինչպէս եւ ինքը՝ Հայրենիքը եւ Սէրը այդ հայրենիքի նկատմամբ։
Ինչ վերաբերում է բարքերին, ապա բարքերը այլասերւեցին արագօրէն եւ համապատասխան դեկրետներով ու հրահանգներով։ Եւ որքան 37-ը կորցնում էր իր բուն խորհուրդը եւ «անհատի պաշտամունքի դատապարտումով» բաւարարուած մեր Հայի գիտակցութեան մէջ դառնում վերացական մի պարզ թիւ, պարապ տակառից եկող արձագանգ, նոյնքան էլ բարքերը յառաջադիմեցին եւ ստեղծեցին էրզաց մշակոյթ։ Հայ մշակոյթի երեւոյթները ստացան էրզաց գնահատականներ, որոնք աւելի ու աւելի գետնաքարշ դարձրեցին մարդու Անհատականութիւնը, իսկ Ինքնութեան որոնումները՝ անիմաստ։
Ինքնուոյն մտածելու ընդունակ մարդուն, կրթւած մարդուն, այն անհատականութեանը որ կոչւում է մտաւորական, արդէն 37-ին ոչնչացրեցին իբրեւ պրոլետարական զանգուածներին անհարիր, օտար մի խաւ։
«Մտաւորականութեան նկատմամբ առանձին մի համակրանք չունեմ,—  խոստովանել է Վ. Լենինը.— “Վերացնել անգրագիտութիւնըմեր կագախօսը բնաւ չի կարելի մեկնաբանել այնպէս, թէ ձգտում ենք մի նոր մտաւորականութիւն ստեղծել։Անգրագիտութիւնը վերացնելանհրաժեշտ է սոսկ այն նպատակով, որպէսզի իւրաքանչիւր գիւղացի, իւրաքանչիւր բանւոր կարողանայ ինքնուրոյն, առանց կողմնակի օգնութեան կարդալ մեր դեկրետները, հրամանները, կոչերը։ Միանգամայն գործնական նպատակ է սա։ Եւ այսքան միայն»։
Այնուհետեւ. «Արուեստի մէջ ես ուժեղ չեմ։ Ինձ համար արուեստը մտաւորական կոյր աղի է եւ երբ մեզ համար անհրաժեշտ արւեստի քարոզչական դերը աւարտւի, մենք՝ չըրը՛խկ՝ այն կը կտրենք։ Որովհետեւ այլեւս պէտք չի գալու»։
1919 թ. Սեպտեմբեր 15-ին Մաքսիմ Գորկիին գրած նամակի մէջ Վ. Լենինը աւելի կոշտ է յայտնել իր կարծիքը. «Բանուորների եւ գիւղացիների մտաւոր ուժերը աճում եւ ամրանում են բուրժուազիային ու նրա կողմնակից ինտելիգենտիկներին, կապիտալի այդ լաքէյներին (նոքար) տապալելու պայքարի մէջ. բոլոր նրանց վերացնելու պայքարի մէջ որ իրենց կարծում են ազգի ուղեղ։ Բայց իրականի մէջ ոչ թէ ազգի ուղեղն են այլ ազգի քաքը»։
«Говно» — հէնց այդպէս։
1919 թ. Նոյեմբերին «Կարմիր տերոր» պարբերականի մէջ չէկայի ղեկաւարներից մէկը՝ Լացիսը գրել է. «Հետաքննութեան մէջ մի՛ որոնէք նիւթեր կամ ապացոյցներ, թէ մեղադրեալը խօսքով կամ գործով սովետական իշխանութեան դէմ է։ Առաջին հարցը որ պէտք է տանք նրան այն է, թէ ո՛ր դասակարգին է պատկանում, ինչպիսի՛ ծագում ունի, ինչ կրթութիւն, դաստիարակութիւն կամ մասնագիտութիւն։ Հէնց այս հարցերն էլ պէտք է որոշեն մեղադրեալի ճակատագիրը»։ Այնուհետեւ՝ «Չէկան թշնամուն ոչ թէ դատում, այլ ջախջախում էՆա կա՛մ ոչնչացնում է առանց դատ ու դատաստանի կա՛մ մեկուսացնում հասարակութիւնից՝ համակենտրոնացման ճամբարների մէջԱյս է կարմիր տերորի իմաստն ու էութիւնը»
Նաեւ մի փաստաթուղթ։
Մտաւորականներին երկրից վտարելու մասին Վ. Լենինի հետ ունեցած զրոյցից յետոյ Ֆ. Ձերժինսկին1922 թ. Սեպտեմբեր 4-ին հետեւեալ նշումն է արել.
«Յոյժ գաղտնի.
Վ.Ի. Լենինի հրահանգները.
Շարունակել հակասովետական ինտելիգենցիայի հետեւողական վտարումը արտասահման։ Բծախնդիր կերպով ցուցակներ կազմել»…                                                                                                                      
20-ականների վերջերին երկրով մէկ սկսուեց կուլտուրական ռեվոլիւցիան որ տեւեց շուրջ տասը տարի եւ այդ տարիներին իրականացուեց նաեւ զանգուածային մաքրազարդումը։ Կոմկուսի քաղբիւրոյի անդամները հանրապետութիւնների եւ մարզերի մաքրազարդումները իրականացնում էին անմիջական մասնակցութեամբ։ Յայտնի են Կագանովիչի «գործուղումը» Չելեաբինսկի, Եարոսլավլի մարզեր, Ժդանովինը՝ Բաշկիրիա, Թաթարստան եւ Օրենբուրգեան մարզ, Միկոյեանը գլխաւորում էր Հայաստանի վերջնական մաքրազարդումը, Անդրեեւը՝ Ուզբեկստանը, Թաջիկստանը, Խրուշչեւը՝ Ուկրաինան եւ այլն
Վ. Լենինի եւ չէկիստների պարզաբանումների համաձայն ինտելիգենտ (մտաւորական) էին բոլոր նրանք ովքեր կրթուած էին, գրագէտ, եւմասնագէտ։ Կոմունիստները ոչնչացնելու էին նրանց եւ ստեղծելու էին համատարած գրաճանաչութիւն՝ առանց մարդուն կրթելու եւ վստահելով միայն նորայայտ «գրագէտների» դասակարգային պատկանելութեանը։
Ահաւասիկ, երկու խօսքով, այսպիսին էր մտաւորականութեան շուրջ ստեղծուած կոմունիստական անհանդուրժողականութեան ընդհանուր եւ անողորմ մթնոլորտը։
Այն մթնոլորտը որտեղ յայտնուել էին Չարենցը, Բակունցը, Թոթովենցը, Եսայեանը, Մահարին եւ ուրիշներ։


ԱԶԳԱՅԻՆ ՍՏՐԿԱՄԻՏՆԵՐԻ ՄՏԱՒՈՐԱԿԱՆ ՇԵՐՏԸ

Հայաստանում կուլտուրական ռեւոլիւցիան յաջողութեամբ սկսեց եւ իրականացրեց Ա. Խանջեանը (տե՛ս ՀՍՀ, հ. 5, էջ 13, 1979)։ 30-ականների սկզբին հայ մտաւորականները դեռ հեռու էին «սովետական» լինելուց։ Նրանք ուզում էին հաւատալ, թէ իսկապէս Հայաստանի վերագաղութացումը, թէկուզ եւ պապենական հողատարածքները բոլշեւիկեան քամիներին տալով, փրկել է հայ ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից։ Նրանք շատ էին ուզում հաւատալ, թէ հայի միակ ապագան պայմանաւորուած է բոլշեւիկեան կանխագծումներով։
Գրողները գիտէին, տեսնում էին թէ ինչպէս է խորտակւում քրիստոնէական Հաւատն ու մշակոյթը, ինչպէս է բնաջնջւում հոգեւորականութիւնը, ինչպէս է խորտակւում գիւղը, ինչպէս է բնաջնջւում գիւղացիութիւնըՆրանք տեսնում էին, թէ ինչպէս է ժողովուրդը դառնում իրաւազուրկ ստրուկների ամբոխ։ Բայց մարդկանց տիրել էր անասնական վախը։ «Մարդը իրեն զգում էր իբրեւ ճիճու, նա սողում էր ու թաքնւում խորը ճեղքերի մէջ, իրեն ձերբազատում էր ամենայն մարդկայինից ու դառնում էր վերջին սրիկայ» (Ե. Ալբաց)։
Այս դժոխային իրականութեան մէջ, 1934 թ. ստեղծուեց սովետական գրողների միութիւնը։ Սա գրական կոմիսարիատ էր, մինիստրութիւն, աւելի ճիշտ՝ փարախ որտեղ հաւաքեցին բոլոր նրանց, ովքեր մնացել էին երկրի մէջ եւ արդէն հարմարուել էին իրենց վախեցած կացութեանը. բոլոր նրանց, ովքեր լինելով աւելի երիտասարդ՝ իրենց ճշմարիտ տաղանդը պաշտպանելու համար ստեղծել էին խմբաւորումներ՝ Վախը խմբովի յաղթահարելու համար. բոլոր նրանց, ովքեր այդ խմբաւորումներին յարել էին իբրեւ նոյնքան վախեցած միջակութիւններ որոնցից միշտ պակասել է գեղարուեստը։
Ազգային ապագայի նկատմամբ ունեցած հաւատը արուեստագէտների մոլորութիւնն էր, նրանց գայթակղութիւնը։ Այդ երեւոյթը իր անունն էլ ստացաւ՝ «սոցիալիստական գայթակղութիւն»։
Բայց
Եթէ սովետահայ մտաւորականութեան զանգուածը տառապում էր «սոցիալիստական գայթակղութեան» ախտով, ապա որպէս բնական օրինաչափութիւն, կային Անհատականութիւններ, ովքեր փորձում էին միայն քօղարկուել իբրեւ գայթակղուածներ։
Հայ իրականութեան մէջ այդպիսիներին ձեռքի մատների վրայ կարելի է հաշուել եւ, ինչպէս դէպքերի ընթացքը ցոյց տուեց, գրական կոմիսարիատը բաւականին զգօն էր, չէկան ինչպէս միշտ՝ աչալուրջ, իսկ իտելիգենցիայի նկատմամբ լենինեան վերաբերմունքը քաղաքական մշտնջենաւոր ուղեցոյց որ հայ իրականութեան մէջ իր նշանակութիւնը պահել է մինչեւ այսօր՝ խնամքով կատարուած դիմահարդարով։
Թէեւ արդէն հասել ենք երրորդ հազարամեակի շեմին, եւ թւում էր  թէ Հայի համար 21-րդ դարն սկսուեց 88-ով, բայց ապիկար մտաւորականների ջանքերով հազիւ հոգեւոր ստրկութեան շղթաները թոթափելու պատրաստուող մեր ազգը իր ճշմարիտ ընտրանու հետ նորից մինչեւ կոկորդը խրուեց Վախի հասարակութիւն ստեղծած Սարսափի իրականութեան մէջ։
Եւ սա այն իրականութիւնն է որն հայ գրականագէտները միշտ զանց են առել 37-ին գլխապարտութեան ենթարկուած մեր հզօր գրողներին ճանաչելու հարցում։
Շարունակելի