Մէկ Հայրենիք ունեմ, որ ֆրանսերէն լեզուն է։
Ալբեր ԿԱՄԻՒ
...ԻՍԿ ԻՄ ՄԻԱԿ ՀԱՅՐԵՆԻՔԴ ՀԱՅԵՐԷՆՆ է
Իմ մայրենի Լեզուն է իմ Հայրենիքը։ Բայց թերեւս աւելի ճիշտ կը լինէր ասել որ մայրենի Լեզուն՝ Հայերէնը, իմ hայրերի ու նախաhայրերի ստեղծած ու ինձ ժառանգած երկիրը այս աշխարhի մէջ hաստատող գրաւականն է։ Ուստի եւ հէնց մայրենի Լեզուն է որ միշտ ենթարկւում է շահարկութեան, ինչպէս հայրերիս երկիրը։ Հայերէնը շահարկում են նրանք, ովքեր ընդհանրապէս չեն տիրապետում Հայերէնին, շահարկում են նրանք, ովքեր իրականի մէջ ամաչում են խօսել մայրենի լեզուով, շահարկում են նոյնիսկ նրանք, ովքեր հանապազօր իրենց հացը վաստակելու համար ընտրել են Հայոց լեզուն։
Ւնչպէս Հայրերի ու նախահայրերի երկիրը, նոյնպէս եւ Լեզուն է որ ենթարկուել է բռնութեան, լլկումի եւ ձեւախախտումների։
Ւնչպէս Հայրերի ու նախահայրերի երկիրը, նոյնպէս եւ Լեզուն է, որ ունեցել է իր շքեղ վերելքներն ու ողբերգական անկումները։
Ւնչպէս Հայրերի ու նախահայրերի երկիրը, նոյնպէս եւ Լեզուն է որ պաշտպանութիւն է աղերսում։ Նա պաշտպանուելու կարիքն ունի թէ՛ օտար ներխուժողներից եւ թէ՛ յօժարակամ լեզուափոխուող
իւրայիններից։
Եւ, վերջապէս, Հայրերի ու նախահայրերի երկիրը մի տարածութիւն է որ, ինչպէս քիչ թէ շատ գիտենք պատմութիւնից, Հայի համար եղել է շագրենի կաշի։
Բայց Լեզուն շագրենի կաշի չէ։ Աստանդական Հայը որտե՛ղ էլ յայտնուել է շարունակական իր դեգերումների ընթացքին, ամենուրէք իր հետ տարել է Հայրերի Երկրի իր յիշողութիւնները եւ մայրենի Լեզուն։ Եւ Հայրերի Երկիրը նրա Հետ մնացել է, եթէ կ’ուզէք՝ նրան պատկանել է այնքան ժամանակ, քանի դեռ այդ Աստանդական Հայը չի հրաժարուել մայրենի Լեզուից։
Եւ, ուրեմն, այսօր ինձ Համար որքան տարօրինակ է Հայի հպարտութիւնը իր շագրենի կաշիով, որ մեզնից երկու հազար տարի աոաջ հասնում էր մինչեւ Աւագն Անտիոք ու աւելի Հարաւ, նոյնքան եւ անհասկանալի է նոյն այդ Հայի անտարբերութիւնը իր Լեզուի նկատմամբ, որ մեր ժամանակներին գնացել հասել է մինչեւ իսկ էսկիմոսների ու պապուասների երկրներ։
Տարօրինակ է նաեւ Հայի հպարտութիւնը իր անսահման սիրոյ առարկայ Հայրենիքով, որ ոչ թէ Հայաստանը, այլ Հայկական սովետական ու սոցիալիսաականն է եղել։ «Հայաստան» գոյական եւ «Հայկական» ածականի այս տարբերութիւնը նոյնն է, ինչ ազատութեան ու գերութեան, կամ դրախտի ու դժոխքի, կամ աստուածային ճշմարտութեան ու սադայէլական կեղծիքի տարբերութիւնը։ Ուզում եմ ասել, որ սովեաական-սոցիալիսաականը Հայաստան, այսինքն Հայրենիք կարծելով, ասել կ’ուզի գոյականը ածականից չտարբերելով, այսինքն մայրենի Լեզուն զանց առնելով՝ Հայը ուրացել է իր Հայրերի ծննդավայրն ու նախնիների երկիրը։ Եւ Երկրի ծուէն-ծուէն եղած տարածքը շարունակում է մնալ նոյն շագրենի կաշին, որ միայն փոքրանում է ու փոքրանում։ Կարող է նաեւ որպէս շագրենի կաշի ընդհանրապէս վերանալ, եթէ նկատի ունենանք այն լուրերը, որ համառօրէն չեն լռում նախնիների Երկրի տարածքները «մէկ կիլոմետր այս կողմ կամ մէկ կիլոմետր այն կողմ» փոխանակելու կամ զիջելու մասին։ Յուսանք, որ լուրերը չարամիտ են։ Բայց որ Լեզուն է փոխանակուել ու շարունակում է փոխանակուելով վերանալ՝ բնաւ էլ չարամիտ լուրերի ոլորտին չէ պատկանում։ Լեզուն փոխանակել են երէկ՝ Հայկական-սովետական-սոցիալիստականի մէջ եւ շարունակում են փոխանակել այսօր։ Եւ ամէնից զաւեշտականը այն է, որ օրը ցերեկով փոխանակելու այս ընթացքին մամուլը, ձայնասփիւռն ու հեռատեսիլը տարփողում են Հայերէնի, Հայկականութեան, եւ Հայ-մշակութային «աննախընթաց վերելք»։ Ճիշտ այնպէս, ինչպէս ճահճալիճ դարձած Սեւանի «մակարդակը մի քանի սանտիմետրով բարձրանալն» աւետում են այն յոյսով, թէ իր կարճ յիշողութեան պատճառով Հայը վաղուց ի վեր մոռացել է տասնութ մետրերի անդառնալի կորուստը. մի որակեալ ոճրագործութիւն, որ մի ժամանակ քարոզում էին որպէս սոցիալիզմի եւ սովետական իշխանութեան պատմական յաղթանակ բնութեան դէմ։
Նոյն այս «տրամաբանութեամբ» որքան սաստկանում եւ ահագնանում են մեր տագնապները Հայերէնի, Այբուբենի եւ Ուղղագրութեան առիթով, այնքան փորձում են մեզ համոզել, թէ հէնց Հայերէնը, Այբուբենն ու Ուղղագրութիւնն են բարգաւաճել ու զարգացել երբեմնի սովետական եւ այսօրուայ ռուսական Հայաստանի մէջ։
Նաեւ արտասահմանի մէջ, քանի համատեղ ջանքերով մեր մէկ հատիկ Հայերէնից փորձում ենք երկու Հայերէն ստանալ, մէկ հատիկ Հայ մշակոյթը փորձում ենք տրոհել երկուսի, եւ եթէ ապահարզանային այս մտայնութիւնը շատ յառաջադիմի, ապա կը պարզուի որ ոչ թէ սոսկ երկու, այլ տասնեակ տարբեր մշակոյթներ են ունեցել Հայկական բարձրավանդակի եւ յարող շրջանների բնակիչները։ Կը պարզուի նաեւ, որ սխալ է նրանց Հայ կարծելը, քանի որ մշակոյթ կրողները վանեցիներ են ու սասունցիներ, արաբկիրցիներ ու մեղրեցիներ, արտաշատցիներ ու գիւմրեցիներ, պոլսեցիներ ու մոսկուացիներ, բաքուեցիներ ու թիֆլիսեցիները… Բայց ոչ երբէք Հայերը…
Հոգեւոր ու մշակութային տրոհումով Հային վերացնելու ճամբայ են ելել ոչ միայն Հայաստանի մէջ, այլեւ նրա սահմաններից դուրս։ Կարճատեսութի՛՞ւն է սա, թէ՞ մէկ ուրիշ բան, որ իր ճիշտ անունն էլ ունի... Կամ գուցէ մեր ժամանակների մէջ առատօրէն բարգաւաճող գրական-մշակութային գորշութի՞ւնն է ձգտում ստեղծել «տեղական» գոտիներ, իր սնափառութիւնը բաւարարելու եւ ինքնահաստատում ունենալու հասկանալի ձգտումով։ Բայց ինչի՛ եւ ո՛ւմ հաշուին...
Լինի նիւթական կամ հոգեւոր, բայց բոլոր դէպքերում ամենայն Ազգայինը փոխանակելու, զիջելու կամ նուիրելու թունամշուշը վաղուց է ներթափանցել մեր էութեան, մեր գիտակցութեան մէջ, որպէս «ժողովուրդների բարեկամութիւնը» եւ մասնաւորապէս ռուսների նկատմամբ մեր իգացած սէրը փաստող միամիտ առյաւատչեայ։ Եւ մեծապետական գաղութարարութիւնը քօղարկող այս բացարձակ սուտ կարգախօսով անբուժելիօրէն ախտահարուած եւ սովետական հիւանդ հոգեբանութեամբ Հայը մի գեղեցիկ օր անպայման կանգնելու է իր Հոգեւոր Հայրենիքը եւ պապենական նիւթական երկրի մնացորդները կորցնելու փաստի առաջ։ Լուռ ու մունջ փոխանակութեան է հանելու նախնիների արիւնով ոռոգուած Հողը, քանի որ մանկութիւնից ներշնչուած է շա՜տ «հայրենասէր բանաստեղծուհու» յորդորով, թէ եղբայրութեան նոր (այս նորը, անշուշտ, սովետականն է եւ կոմունիսաականը) գաղափարներին զինուորագրուած՝ աւերակ Վանի փոխարէն կարելի է ապրել նաեւ սոցիալիստական Երեւանի մէջ.
Դու պիտի վրէժ առնես ապրելով,
Աւեր Վանի դէմ քո Երեւանով։
Բայց, քանի որ Հայերէնն է Հայի մշտնջենաւոր Հայրենիքը եւ Հայերէնով է հաստատուել Երկրի երբեմնի վիթխարի տարածքները եւ գոնէ առայժմ՝ հայերէնով են պահպանուած մեր ժառանգութեան ծուէնները, ապա մարդ ապշահար է մնում այն անտարբերութիւնից, որ գոյութիւն ունի վիթխարի կորուստների նկատմամբ։ Կորուստներ, որոնք նոյն մեր Լեզուի, Այբուբենի եւ Ուղղագրութեան այլասերումի հետեւանքներն են։ Ուզում եմ ասել, որ Հայը բացայայտ կեղծիքն ընդունել է որպէս ճշմարտութիւն։ Եւ նա վստահ է, խորապէս համոզ¬ուած է, թէ սովետական Հայերէնը, սովետական այբուբենը եւ սովետական խեղագրութիւնր ճշմարիտ արժէքներ են։ Եւ մտքի ծայրով իսկ չի անց կացնում, թէ Հապա ինչո՛ւ «անկախ» Հայաստանի «դեմոկրատական» եւ «ազատ» մամուլին արգելուած է որեւէ տող հրապարակել ազգային Լեզուի, ազգային Այբուբենի եւ ազգային Ուղղագրութեան մասին։ Ւնչո՛ւ են մասնաւորապէս արգելւում Հայոց Լեզուի նկատմամբ կիրառուած սովետական ռեպրեսիաների մասին յօդուածների հրապարակումները այն Հայաստանի մէջ, որտեղ իշխանութիւնների եւ պետական իրաւակարգի մասին գրում եւ հրապարակում են անողօք ճշմարտութիւնից մինչեւ թեթեւսոլիկ ու խանդավառ օվսաննաներ... Ւնչո՛ւ Հայոց լեզուի մասին նոյնպիսի անողօքութեամբ ճշմարտութիւնը բացայայտելու, «ժողովուրդի թանձրացած ոգու» վրայ կախուած վերահաս աղէտի մասին Հայ մարդուն ճշմարիտ տեղեկութիւններ հաղորդելու փոխարէն մամուլն ու եթերը ջուր են առել բերանները...
Ես վստահ եմ, որ հարկադրաբար են լռում։ Ես համոզուած եմ, որ Հայաստանեան մամուլի եւ եթերի մարզերի մէջ աշխատում են ազգային նկարագիր ունեցող մարդիկ, ովքեր գիտեն, հասկանում են եւ ասելիք էլ ունեն։ Բայց վարչակարգի ենթակայութեան տակ զրկուած են ազատ խօսքի հնարաւորութիւնից։
Գրողների միութեան նախագահը Հայոց Լեզուի նկատմամբ մեր նախանձախնդրութիւնը մի առիթով ներկայացրել է որպէս «սփիւռքահայ մամուլի մղած անհաշտ պայքար» (այս արտայայտութիւնը ձուլուած է «բուրժուական մամուլի անհաշտ պայքար» բոլշեւիկեան կաղապարի մէջ), նաեւ յորդորել է Համատեղել «գրական երկու ուղղութիւնները» ու «մեր երկու լեզուների գոյութեան իրաւունքը»։ Գրականութեան հետ սոսկ որպէս պետական ֆունկցիոներ առնչութիւն ունեցող սոյն «հեղինակութիւնը», բանից պարզւում է, Հայոց Լեզուից ու Հայ մշակոյթից բոլորովին անտեղեակ մէկն է։ Կամ եթէ գիտակ է, ապա նրա գիտելիքները մնացել են սովետական եղծուած գիտութեան մակարդակին։ Այբուբենի եւ Ուղղագրութեան զեղծումները սրբագրելու մեր պահանջը նա նենգափոխում է որպէս ոտնձգութիւն «մեր երկու լեզուների գոյութեան իրաւունքի» դէմ։ Յուսանք գոնէ, որ «երկու լեզու» ասելով նկատի է ունեցել գրական երկու լեզուները։ Այլապէս, եթէ պետական այս պաշտօնեան իսկապէս կարծում է, թէ երկու Հայոց Լեզու գոյութիւն ունի, ապա վաղ թէ ուշ կատարելու է նաեւ յաջորդ քայլը, յայտնաբերելով մի երկրորդ Հայ ժողովուրդ։ Այդպիսի քայլը կատարելու պատրաստ յանձնառուները քիչ չեն թէ՛ Հայաստանի, եւ թէ՛ արտասահմանի մէջ, որոնք մամուլն ու ձայնասփիւռը յաջողութեամբ գործածում են իրականացնելու համար Հային անդամահատելու երրորդ փուլը՝ թուրք եւ ռուս յեղափոխականներից յետոյ։
Ւսկ ամենից սահմռկեցուցիչն այն է, որ ազգային գրականութեան համար մէկ անգամեան պատահական այս գրական մինիստրը, որի կեանքն անցել է կուսակցական հլու պաշտօնավարութեան մէջ, յանդգնում է արգելել գրողին, թոյլ չտալ նրան, որպէսզի գրական մի ժողովի ընթացքին խօսուի ոչ թէ պատմական քաղաքը աւերող ճարտարապետների, ոչ թէ ազգային տնտեսութիւնը խափանած իշխանութիւնների, ոչ թէ կրթութիւնը օտար դասագրքերով իրականացնող եւ հայի զաւակին օտար մշակոյթից ներխուժած որսորդներին յանձնող «լուսաւորութեան գործիչների», այլ Լեզուի մասին… Պատկերացնո՛ւմ էք, Լեզուի մասին, որ գրողի գործիքն է, գրողի միտքը բացայայտող միակ միջոցը, գրողի ոգեղենութիւնն արտայայտելու եզակի հնարաւորութիւնը... Գրական հերթական մի մինիստր, անշուշտ, կարող էր թոյլ չտալ։ Հէնց դրա համար էլ նրան նստեցրել են այդ աթոռին։ Բայդ որտե՞ղ են հայ գրողները, որոնդ արուեստի Այրը եւ Բէն Հայերէն Խօսքն է, Հայոց Լեզուն։ Մի՛թէ պետական մրցանակներ ու շքանշաններ փախցնելու մարմանջը նրանց դարձրել է սովորական սպառող։ Մի՛թէ նրանք այնպէս էլ չեն հասցրել ըմրռնել, որ մրցանակներն ու շքանշանները որեւէ արժէք չեն ներկայացնում Նորին Մեծութիւն Ազգային Մշակոյթի Համար։
Եթէ ժամանակին կրեմլեան տիրակալները գոնէ արտաքուստ ձեւանում էին, թէ Լենինեան, Ստալինեան, Պետական մրցանակներով ու շքանշաններով «գնաՀատում» են ինաելիգենտի ծառայութիւնը», հիմա հերթական մի դրածոյ՝ Սուրբի անունով շքանշան է կախում տաղանդաւոր երգասացի վզից, ասելով, թէ «Քեզ պարգեւատրում եմ, որպէսզի աւելի լաւ քննադատես»։ Եւ այդ շքանշանի փայլը նոյնիսկ մեր օրերին այնպէս է շլացնում մարդուն, որ շնորհակալութեամբ ընդունում է այն, անգիտանալով, թէ հէնդ այդ պահին էլ դարձաւ... պալատական խեղկատակ։
Ծաղրածո՚ւ։
… Հայերէնի պաշտպանութեան համար ծայր առած պայքարը բացայայտեց իրական մի պատկեր, որպիսին պէտք է սարսափեցնի իւրաքանչիւր Հայի, եթէ նա դեռ չի կորցրել իր ազգային պատկանելութեան զգացումն ու մարդկային արժանապատւութիւնը։
Այդ իրական պատկերը Հայոց Լեզուն սպանելով՝ «Հայկական Հարցը» վերջնականապէս օրակարգից հանելն է։
Եւ կամ՝
«Հայաստանն առանց Հայի» թուրք-ռուսական կամ ռուս-թուրքական ծրագիրն իրականացնելը։ Հաշտուելով երկիրը շագրենի կաշի դարձնելով՝ այն վերջնականապէս վերացնելու իրականութեան հետ, պալատական ծաղրածուներ դարձած գրողներ, բանաստեղծներ, դերասաններ, երգիչներ, լեզուաբաններ, պատմաբաններ, իրաւաբաններ, տրամաբաններ եւն, եւն, իրենց ահաբեկող ամբոխային մեծամասնութեամբ հիմա էլ ամենուրէք պատրաստակամ են կորցնելու մեր միակը, մեր սքանչելին, Հայեցի մեր էութիւնը՝
Հայերէնը, որ մեր Հայրենիքն է։
Փետրուար, 2001
Նէապոլ-Փարիզ
Լոյս է տեսել Փարիզի «Յառաջ» օրաթերթի, Մոնրեալի «Գրական Հորիզոն»-ի եւ Փարիզի «Եկեղեցին Հայկական» ամսագրի մէջ։
Յ.Գ. Այսօր Հայերէնը կանգնած է անդունդի եզրին։ Հայաստանի եւ Հայութեան վախճանը անմիջականօրէն կապուած է Հայերէնի սպանութեան հետ։ Երկու տասնամեակի ընթացքին ասպարէզ եկաւ մի նոր սերունդ եւ նրա պարտքն է զօրաւիգ լինել Հայոց Լեզուին, եթէ հարկ լինի յիշէլ սրբազան 451-ը եւ1918-ը…
Այս սերունդը այնքան ուժ եւ կարողութիւն ունի, որ պէտք է գիտակցի այն ճշմարտութիւնը, թէ Հայաստանի ապագան պայմանաւորուած է իրենցից դուրս եկած առաջնորդով։ Այսօրուայ 50 եւ աւելի տարիքն ունեցողները, որոնք գալիս են սովետա-ռուսական խանձարուրից եւ որոնք իրենց փառասիրութեամբ, իրենց արծաթասիրութեամբ եւ իրենց՝ օտարի առաջ իգանալու նրբագրգիռ ցանկասիրութեամբ Հայերենն ու Երկիրը հասցրեցին այս աղէտալի վիճակին, այլեւս որեւէ անելիք չունեն։