понедельник, 12 апреля 2010 г.

ՀԱՄԱՆՈՒԱԳ Op. Dei - ԲԱՐԵԳՈՒԹ ԱԼՈԻԶ ԱԼՑՀԱՅՄԵՐԸ ԵՒ ՄԵՐ ԵՐՋԱՆԻԿ ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ — Նստացոյց Եռաբլուրի գերեզմանոցում

Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ

ԲԱՐԵԳՈՒԹ ԱԼՈԻԶ ԱԼՑՀԱՅՄԵՐԸ
ԵՒ ՄԵՐ ԵՐՋԱՆԻԿ ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՀԱՄԱՆՈՒԱԳ
Opus Dei

A piena voce, որ անցում է կատարում Agitato եւ աւարտւում է Con brio - ով

Մի պատմուածք գրեցէք այն մասին, թէ ինչպէս քծնող պաշտօնամեծարութեամբ եւ այլոց մտքերին անվերապահ երկրպագութեամբ դաստիարակուած երիտասարդը… իր միջից կաթիլ առ կաթիլ դուրս է մղում ստրուկին եւ թէ ինչպէս մի գեղեցիկ օր արթնանալով, զգում է որ իր երակներով հոսում է ոչ թէ ստրկամիտի, այլ մարդկային իսկական արիւն»։
Ա. Սուվորինին գրած Ա. Չեխովի նամակից
7 Յունուար, 1889

ՆԱԽԵՐԳ
Քանի որ ձեռնարկել եմ այս «Համանուագը», ուրեմն եւ պէտք է ունենայ ոչ թէ նախաբան, այլ նախերգ։ Առաւել եւս, երբ գործ ունենք բարեգութ մէկի կամ արդէն բժշկական բառեզր դարձած Ալցհայմերի երեւոյթի, այդ երեւոյթով պայմանաւորուած մարդու ողբերգութեան, հետեւաբար նաեւ այն բացառիկ երջանիկ վիճակի հետ, որպիսին եղել է Դրախտային Պարտէզի մէջ եւ կը լինի եւս մէկ անգամ ու արդէն մշտնջենաւոր ժամանակով, երբ Արարիչի կամքով յայտնուենք այնտեղ, որտեղից արտաքսուեցին Առաջին Տղամարդն ու Առաջին Կինը։ Հէնց իրենց հիմարութեան պատճառով։ Իսկ այդ հիմարութիւնը ամէն բան իմանալու եւ, առաւել եւս Յիշելու, Չմոռանալու անիմաստ ու անհեթեթ ցանկութիւնն էր։
Ալցհայմերը իր անսահման գթասրտութեամբ ժամանակակից հայ մարդուն ստիպում է մոռանալ, չյիշել, ուրեմն դեռ իր երկրային կեանքի մէջ ապրել Դրախտի Պարտէզում։
Այսինքն ալցհայմերին յաջողուեց այն, ինչը չկարողացան անել կոմունիստները, որոնց բոլշեւիկ են նաեւ ասում, իսկ վերջերս խօսք բացուելիս ամօթխածութեամբ իրենց համարում են ձախլիկ։ Դէպի ձախ գնացող… Իսկ ձախ գնացող տղամարդուն, յայտնի բան է, ոչ Առաջին Կինն է յանդուրժել եւ ոչ էլ կը յանդուրժի վերջինը։

A PIENA VOCE

Մի օր էլ աչքներս բացեցինք ու տեսանք, որ դարձել ենք մէկ ազգ եւ երկու ժողովուրդ: Հայաստանը «անկախնանալուց» յետոյ Հայի այս կերպարանափոխութիւնը գրեթէ երկու տասնամեակ առաջ արձանագրեց Վահէ Oշականը:
Կարելի է մտածել նաեւ որ դարձել ենք մէկ ժողովուրդ եւ երկու ազգ։
Նայած թէ որպիսի հերթական շնորհանդէս են կազմակերպում սփիւռքի կոմերիտական նախարարութիւնում։
Երբ հմուտ եւ բանիմաց վարպետին յորդորում են համակարգիչի ստեղնաշարի համար «յօրինել» Ս. Մաշտոցի երկու գրերով մէկ տառ (խօսքը «ո» եւ «ւ» գրերի մասին է), ապա կարող ենք վստահ լինել, թէ հայերս դարձել ենք մէկ ազգ եւ երկու ժողովուրդ։
Բայց երբ քաջարի նախարարը իբրեւ սիրառատ թխսմայր ամբողջ հայութեանը իր փեշի տակ է որոշում հաւաքել հերթական մի գիւտով, որն է հայերէնից հայերէն թարգմանելու դարակազմիկը, այս անգամ համոզւում ես, թէ ինքներս մեզ դեռեւս մէկ ժողովուրդ կարծելով արդէն երկու ազգ ենք անհասկանալի ազգային երկու լեզուներով, որոնց թարգմանութիւնը պէտք է ռոբոտը (համակարգիչը, «մտածող» մեքենան) կատարի եւ ոչ թէ ուղեղի ծալքերից առայժմ բոլորովին չզրկուած հայաստանցի «ապեռոն» կամ տարաշխարհի «հայրենասէրը»։
Եւ ես, ելնելով արդէն բուն իրականութիւնից, շարունակում եմ այդ միտքը զարգացնել` նկատելով, որ մեզ փորձում են դարձնել ո'չ միայն երկու ժողովուրդ, այլեւ ընդհանրապէս մարդկային երկու տեսակ` մի քանի առումներով:
Ընդ որում` հակոտնեայ տեսակներ: Այսպես, օրինակ` «լաւատես» ու «յոռետես», «հարազատ» ու «oտար», «հայրենիքի բարեկամ» ու «հայրենիքի թշնամի»...
Ինձ համար բավականին տարօրինակ է լսել, երբ «հայրենասէրները», շատ լաւ հասկանալով, որ իմ դիմաց «ուրիշ խաղ չունեն» եւ չկարողանալով կիրառել միամիտներին ընդհանրապէս մոլորեցնող փաստարկները, սկսում են մտերմական մի երանգով յորդորել, թէ պէտք է լաւատես լինեմ: Եւ ընդհանրապէս «լաւատես լինելու» յանգամանքը այսօր Հայաստանի իշխանութիւնները դարձրել են բարոյական ստորոգութիւն, թէեւ ոչ լաւատեսութիւնը եւ ոչ էլ յոռետեսութիւնը բարոյական կողմնորոշումների բաղկացուցիչներ չեն եղել երբէք:
Ասելիքս այն է որ կորցնելով Բարոյական կողմնորոշումները, վերընձիւղուած աւատատիրութիւնը յանձին հարմարուողական զանգուածի, գտնում է այն հողը, որտեղ փորձում է սահմանել անբարոյելու իր ցանկասիրութիւնը կռապաշտական հարսանիքներով եւ «հայ» փղին ռուսաստանից բերուած կոյս փղի հետ ամուսնացնելով։ Ի դէպ, յաջորդ առաւօտ էլ կարմիր խնձորներ բաժանելով գազանանոց եկած ներկաներին։
Այնուհետեւ. Հանրապետութեան իշխանութիւնները` Նախագահի առաջնորդութեամբ, պարբերաբար սկանդալային աղմուկներ են բարձրացնում ոչ միայն քաղաքական մարզում իրենց անճարակութեան հետեւանքով, այլեւ հետապնդելով հասարակութեան ուշադրութիւնը հազար ու բիւր շիկացած խնդիրներից շեղելու նպատակ, խնդիրներ, որոնց նկատմամբ լարուածութիւնը կարող է վճռականութիւն հաղորդել հերթական անգամ ամորձատուած Հայաստանցուն...
Շիկացած խնդիրներից մէկն էլ Եռաբլուրի գերեզմանոցում զոհուած ազատամարտիկների հարազատների նստացոյցն էր, որ ինքնին արդէն իսկ մղձաւանջային մի իրողութիւն է...
Ալցհայմերեան գթասրտութեան երջանիկ մոռացութեամբ…
Յրաւի. ո՞վ է լսել գերեզմանոցային նստացոյցի մասին... Աբսիւրդի գրականութեան ո՞ր հեղինակի մտքովը կ’անցնէր գրել նման պատումով մի վէպ կամ թատրերգութիւն:
Ես, որ տարիներ շարունակ մղձաւանջային իրականութիւնը ամբողջ խորքով ու անհեթեթութեամբ բացայայտելու համար նուիրուել եմ անցեալի փաստական դերակատարներին կամ ապագայի անզուսպ մտապարիրներին, հիմա գրում եմ միայն իրապաշտ գործեր, եւ եթե արդիւնքը լինում աբսիւրդը, ապա պատճառը ոչ թէ իմ, այլ Հայաստանյան «լաւատես» իրականութեան մեջ պետք է որոնել:
Ուրեմն, լսենք նրանց` զոհուած ազատամարտիկների հարազատներին, որոնց հետ զրուցել է իմ դուստրը Լիլիթ Կ. Սիմոնեանը: Վերջերս ձեռքս անցաւ այդ ձայնագրուած ժապաւէնը, որ նորից լսելով, ինձ համար եւս մի նոր յայտնութիւն արեցի… Ճիշտ եւ ճիշտ երկու տասնամեակ առաջ մեր ժողովրդական երգացանկ մտած երգի առաջին բառերով. «Արդեօք ովքե՞ր են…» Յիշում էք, ի հարկէ, եթէ ալցհայմերը դեռ շատ չի առաջադիմել։ Եւ ինքնաբերաբար ծնուեց մի նոր շարունակութիւն… «Արդեօք ովքե՞ր են… Հանրապետութեան ազգային հերոսներից ոմանք, որ ի տարբերութիւն ճշմարիտ հերոսների, իրենց անուններով փողոցներ ու համերգային սրահներ ունեն»։
…Ես պահպանել եմ նստացոյցի բանաւոր խօսքի բնականութիւնը, կատարելով աննշան խմբագրումներ միայն` Հայերենի լեզուական օրենքերի սահանների մէջ։


AGITATO

ՆՍՏԱՑՈՅՑ ԵՌԱԲԼՈՒՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ

— Մենք զոհուած ազատամարտիկների ծնողներն ենք ու կանայք...
— Հաւաքուել ենք էստեղ, որովհետեւ 94 թւի գերեզմաններին տապանաքարեր դնելու փոխարեն հողով են ուզում ծածկել։ Շիրիմները բոստան են սարքում:
— Երեք օր ա էստեղ ենք: Պահանջում ենք, որ բոլորի գերեզմանները լինեն միատեսակ: Բոլորն էլ մեր Հայ ազգի երեխաներն են... Մեր հայրենիքի համար են զոհուել:
— Մինչեւ 93-ը գերեզմանները սարքուած են շատ գեղեցիկ, բազալտ քարով: Հիմա պէտք է բանջարանոցի նման լինի... Ասում են որ ծաղիկ ենք ցանելու կողքերը... Էդ մեզ պէտք չի... Մենք չենք կարողանալու մոտենալ գերեզմանին, որ համբուրենք... Հո մենք չենք տրորելու մեր հանգուցեալների ոտներն ու գլուխը...
— Մի րոպէ... Վազգեն Սարգսյանը եղել ա Եռաբլուրում: Ես անձամբ մօտիկացել եմ… Ասել եմ` ո՞նց հասկանամ... Ճանապարհից վերեւ շիրիմները ուրիշ տեսակ պիտի լինեն, իսկ ճանապարհից ցած` ուրի՞շ: Ծնողները կարող են իրենք սարքել: Իսկ դրանք ստից գործեր են անում: Բետոն են թափում, գերեզմանները ծածկում... Ուզում են, որ մինչեւ ապրիլի 24-ը մի բան հասցնեն, որ արտասահմանից գալողները տեսնեն որ գերեզմանները կարգի են բերել:
— 94 թուականի ընթացքում զոհուածներ կան, մօտ ութսուն հոգի, որոնց գերեզմանը 91, 92, 93 թւի պէս ա... Էդ ժամանակ մարդիկ ծանօթ գտան, դասաւորեցին, իրենց զոհուածներին ճանապարհից վերեւ թաղեցին...
— Մենք նստացոյցի ենք: Թող գան ու մեզ լսեն: Ես չեմ թոյլ տայ, որ իմ երեխայի շիրիմը այդպես սարքուի...
— Ինչի՞ իրենց էրեխեքին չեն ուղարկում կռուելու...
— Մենք գեներալ Աբրահամեանին դիմեցինք: Հեռախոսով խօսեցինք: Թո'ղ խօսողը պատմի: Տիկին, մօտեցէք...
— Այո'... Ես նրան ասացի որ չորս հարիւր զոհուած ազատամարտիկների կողմից ներկայացուցիչ եմ... Հարցրեց` ի՞նչ խնդրով: Ասացի` Եռաբլուրի գերեզմանների... որ բանջարանոցի են ուզում վերածել... Եւ մենք դէմ ենք... Ուզում ենք, որ մեր երեխաների գերեզմանները լինեն այնպես, ինչպէս եղել են միւսներինը: Բոլորն էլ զոհուածներ են, չէ՞: Մենք ուզում ենք, որ բոլորինն էլ հաւասար լինի: Ասաց` տիկին, ելոյթ մի' ունեցէք: Այո', ասաց` ելոյթ մի' ունեցէք... Դիմում գրէք...
— Ո՞մ մայրն էք:
— Շահինեան Գառնիկի մայրն եմ` Շահինեան Սեդա: Մինչեւ դիմումը դրանց հասնի, մեր երեխեքի գերեզմաններից բան չի մնայ...
— Ես էլ Բրիլանթ Արսենի Փափազեանն եմ, բուլղարահայ: Մենք մի oջախից երեք ֆիդայի ունենք... Եթէ իրանք իմ երեխու գերեզմանը միւսների պես չանեն, թող ինձ իմ երեխուս հետ ուղարկեն ետ` Պլովդիվ քաղաք... Էնտեղի հայութիւնը ոտի ա կանգնած, իմ երեխու շիրիմը շատ լաւ կը սարքի...
— Ես մի տղայ ունէի, գնաց զոհուեց: Եւ այսօրուայ հայրենիքը աչքաթող ա արել... Ոչինչ չեմ խնդրում: Ոչ փող, ոչ ուտելիք... Ես վարձով ապրող կին եմ... Երկու որբեր եմ պահում իմ տան մեջ... Խնդրում եմ իմ որդու շիրիմը տապանաքարով սարքեն...
— Երկու անչափահաս, հինգ ու եօթը տարեկան երեխեն հետս ամբողջ օրը Եռաբլուրում նստած եմ եղել...
— Ստեփանեան Գագիկ... Երեխաս է, իմ տղաս է... Զոհուել է 94 թուի մարտի 16‐ին... Էս թաղումը կատարել են կառավարական... Նա էդքան յարգանք ունէր, որ թաղումը կատարեն կառավարական... որովհետեւ նա հերոս ա: Առաջին աստիճանի Մարտական Խաչի հերոս ա...
— Սուսաննա, դու խօսա:
— Երկու անչափահաս երեխայ ունեմ: Ապրում եմ վարձով: Զոհուել ա 94 թւի մայիսի 5-ին: Միայն թօշակ են տալիս մեզ: Առայժմ որպես oֆիցերի ընտանիք` 4705 դրամ ենք ստանում: Երեք շնչով այդքան ենք ստանում: Բայց արդէն ապրիլի 15‐ն ա, մենք մարտ ամսուայ թօշակը չենք ստացել: Եղել ա, որ երկու ամիս իրար վրայ մենք թօշակը չենք ստացել: Ինչո՞վ պէտք է ես ապրեմ: Մտնում եմ զինուորական կոմիսարիատ, ասում եմ` թօշակը տուէք: Ասում է` չկայ, աղջիկ ջան, ու գրպանից հանում ա 1000 դրամ, ասում ա` գնա ապրի, երբ թօշակ ստանաս, իմ պարտքը կը տաս: Բա ես էդպես ո՞նց կարող եմ ապրել...
— Քսանմէկ տարեկան որդուս կորցրել եմ: Որդուս տուել եմ հայրենիքին: Զոհուել ա: Բայց սա ինձ համար հայրենիք չեմ համարում:
— Իմ երեխան երեսուներկու տարեկան էր: Ժառանգ էլ չունի: Մինուճար երեխայ էր: Կամաւոր գնացել ա... Շուշիի կռուին ու ազատագրմանը մասնակցել ա: Լաչինին մասնակցել ա: Արծուաշէնին մասնակցել ա: Կրասնոսելսկի պաշտպանութեանը մասնակցել ա: Ջոկատի հրամանատար ա եղել: Վիրաւորուելով, արնաքամ լինելով, չի թողել իր ջոկատը... Զոհուել ա... Բերել թաղել են ու հիմա նրա շիրիմին տապանաքար էլ չեն ուզում դնել:
— Երբ իմացանք, թէ գերեզմանները պիտի սարքեն, ես դեռ չէի պատկերացնում, թէ ի'նչ աշխատանք պիտի անեն... Էդ նոր ձեւը, որ արել են` իմ ամուսնու վրայ ա սկսուել: Ասացին` սա աւելի գեղեցիկ ա լինելու, քան հները... Երբ որ գնացի ու տեսայ, որ ցեմենտ‐բետոնը թափել են... Խնդրեցի, որ մի քիչ բարձրացնեն: Երկու կողմերինը բարձրացրել են, իմը մնացել ա փոսի մեջ: Անձրեւ որ գայ ջուրը հաւաքուելու ա: Գիտէ՞ք ինձ ի'նչ պատասխանեցին: Ասացին` «Չգիտենք, թէ դուք իրա ինչն էք: Կորցնելուց յետոյ սրա մասի՞ն էք մտածում»... Բա դա պատասխա՞ն է զոհուածի կնոջը...
— Ես ուզում եմ իմ երեխայի վերջի գրած ոտանաւորը արտասանել...
— Հա', Հա'... Կարդա'...
— «ԳՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ».
«Այսօր նորից եմ կռիւ գնալու
Միտք չունեմ հողը թշնամուն տալու,
Մնաք բարով, սիրուն աղջիկներ,
Սիրտս ծաղիկ է, առէք ձեզ նուէր:

Դու էլ իմ քաղաք, տխուր ու փոքրիկ,
Հաւերժ կը մնաս իմ հոգուն մօտիկ,
Ծառեր, ծաղիկներ, կանաչով զուգուէք,
Ճամբաս հեռու է, հաւատով լցուէք...

Արեւ ոսկեշող, երկինք կապուտակ,
Լոյսով գուրգուրէք աստղս միակ,
Այսօր նորից եմ կռիւ գնալու,
Հողս կանչում ա իր գիրկն առնելու»

...Հողը իր գիրկը առաւ տղայիս: Որ մենք էլ ըսենց մրմուռ սրտով նստենք իրա սիրած հայրենիքի պատերի տակ... փողոցներում արցունք թափենք...
— Բոլորն էլ գնացել զոհուել են յանուն իրանց մայրերի, քոյրերի, իրանց ծնողների, ոչ թէ դրանց նման էդ թափթփուկների, որ հիմա ոտատակ են տալիս շիրիմները... Ռայսովետը ասում ա` դուք պէտք է oգնութիւն ստանաք, դուք կցուած էք հիմնարկի, գնացէ՛ք: Մենք էլ գնում ենք հիմնարկ, գնում ենք տրոլէյբուսի պարկ: Գնում ենք եւ արժանանում ենք մի այնպիսի՜ արհամարհանքի… Յետոյ էլ, թէ՝ էս oգնութեան համար պիտի վճարէք 800 դրամ: Եթե oգնութիւն է` ինչի՞ պէտք է 800 վճարեմ...
— Աշոտ Աղաջանյան: Տղաս Ղափանի շրջանում ա կռուել: Ազատամարտիկ: Զոհուել ա... Իմ հարցը որն ա... Ես ոչ աշխատում եմ, ոչ թօշակ եմ առնում: Գոնէ թօշակ ստանամ... Տղաս էլ ամուսնացած ա եղել: Մի հատ էլ երեխայ ունի... Էլի իմ անունով` Աշոտ... Բայց գրանցուած չեն եղել: Էդ երեխեն ու կինն էլ ոչինչ չեն ստանում: 93 թուի Օգոստոսին զոհուել ա... Մինչեւ հիմա գերեզմանը էապէս մնում ա... Էն ով 94-ին ա զոհուել, արդէն նրանը պատրաստ ա...
— Էսպէս շտապում են, որ հիւրերին ցոյց տան: Միշտ հիւրեր են բերում: Բայց դեռ չի եղել, որ գան ու հարգեն էս գերեզմանները... Ես չեմ տեսել նման բան...
— Ես զոհուած ազատամարտիկի ծնող եմ... Դիլանեան Հրաչեայի պապան եմ... Զոհուել ա 94 թուի Մայիսի 11-ին: Ես խնդրում եմ... որ եթե սարքում են, ուրեմն թող Եռաբլուրը սարքեն ինչպես սարքել են 91 թուին, 92 թուին: Բոլորը թող հաւասար լինեն:
— Ուզում են Հայ ազգը վերացնեն... Երիտասարդներին տանում են փչացնում... Չորս տարի երեխայ չեմ ունեցել, յետոյ էս տղես ա ծնուել: Աչքի լուսի պես եմ պահէլ մեծացրել, որ մի գերեզման էլ չունենա՞յ...
— Երեւի լսել ու տեսել էք... Մարդիկ որ իբր ազատամարտիկների ծնողներ են, ռադիոյով ու հեռուստատեսութեամբ դասալիքներին կոչեր անում գնալ ու հայրենիք պաշտպանել... Բա սա մեր հայրենի՞քն ա, որ պաշտպանեն: Բա հայրենիքը իր համար զոհուածների գերեզմանները էքսկավատորո՞վ ա շուռ տալիս ու քանդում...
— Առաջ տապանաքարեր են դրել, իսկ հիմա գերեզմանի վրա միայն հող են փռում, որ ծաղիկ ցանեն ու բոստան սարքեն: Ինչո՞ւ պիտի իմ տղան տապանաքար չունենայ:


CON BRIO

Հասկանալի է, որ ազատամարտիկների հարազատները «դրանք» ասելով, նկատի ունեն իշխանութիւններին: Հասկանալի է նաեւ, որ շարադրանքը չի հաղորդում հարազատների ողբն ու վիրավորանքի լացը, որ արձանագրուած է ձայներիզի վրա: Թէ առիթ լինի` կարող ենք միասին լսել...
Բանից պարզւում է որ «ֆինանսական միջոցներ չլինելու պատճառով», իշխանութիւնները որոշել են էժանացնել զոհուած ազատամարտիկների` պետութեան հաշուին կատարուող յուղարկաւորութիւնները: Տապանաքարերի փոխարեն` «գեղեցիկ ծաղիկներ»: Բայց այդ ո՞ւմ հաշուին են միլիարդներ կուտակւում զանազան «դմբո»ների, «գռփո»ների, «լեւիկ»ների, «սեռոժների», «բդո»ների ձեռքում։ Ո՞ւր են գնում ժողովրդի սեփականութիւնը «պարտքի դիմաց» (այդ ո՞ր պարտքի) վաճառուած եւ «բարեկամական օգնութիւն» ցուցաբերող Ռուսաստանի ջոջապետերից եկած միլիոնները…
Գերեզմանային նստացոյցի մասին իմ այս հրապարակումը թող ոչ ոք չհամարձակուի ժամանակավրեպ համարել նոյնիսկ անուղղակի կերպով։
Ապագայ «ազգային հերոսը», որի հերոսական արարքը ընդամէնը Ազգային Ժողովի բեմահարթակին նստած եղածն է եղել, նոյնպէս ներկայ է այս փաստագրութեան մէջ։ Նա, ով մարդորսութեան խայտառակ գործողութիւններով երիտասարդութեանը հաւաքելն ու առանց ռազմական գիտելիքների կրակի բերան դուրս բերելով` կոտորել տալը, նպատակ էր հետապնդում վերացնել մօտիկ ապագայում նաեւ իրենից հաշիւ պահանջողներին: Եւ նրանք վերացան…
Զոհուելով, հեռանալով, կամ պարզապես մնալով ու բարոյալքուելով:
Եւ ամէնից սոսկալի ստահակութիւնը… Բանից պարզւում է նաեւ, որ զոհուած ազատամարտիկների գերեզմանոցը ընդամենը «տեսարժան մի վայր» է պաշտօնական հիւրերի համար, եւ յիշատակի օրն էլ ուզում են հարմարեցնել Ապրիլ 24-ի խորհուրդին:
Իսկ Ապրիլ 24-ի խորհուրդը, ինչպես արդէն քաջատեղեակ ենք նախագահական հրամանագրերից, չարաբաստիկ մի ազդեցութիւն ունի հայ մանուկների ու պատանիների առողջութեան վրայ: Արդեօք որեւէ ներքին կապ կա՞յ այս երկու երեւույթների միջեւ: Արդեօք ազատամարտիկների յիշատակը Ցեղասպանութեան զոհերի յիշատակին համադրելը չի՞ նշանակում արդեօք, թէ Ազատամարտի նիւթը նոյնպէս ցանկալի չէ Հայաստանի դպրոցներում:
Մի՞թէ հնարաւոր է, որ մի պետութիւն եւ նրա կառավարութիւնը այնքան անկեալ լինի, որ մերժի Ազատութիւնը որպես Բարոյականութեան գլխաւոր ու հիմնական ստորոգութիւն:
Այո' հնարաւոր է:
Քանի որ չենք ուզում յիշել, ապա մոռանալը թեթեւացնում է մեր կեանքը։ Անցեալը ուրանալը ձերբազատում է մարդուն Պատասխանատուութիւնից։ Եւ բանն այնտեղ է հասել որ բեմահարթակային հերոսների բացայայտ յանցագործութիւնները մոռացած, ազգաբնակչութեան կեանքի ասպարէզի մէջ վաղուց պտտւում է մի կարուսել։ Այդ կարուսելի ձիաններին հեծնել են երեք հոգի միայն։ Երջանիկ ողբերգութեամբ եւ իր ստրկամիտի արիւնով գոյութիւն քարշ տուող երկ-ազգանի ժողովուրդը կամ երկ-ժողովրդեան մէկ ազգը յառաջիկայ տասնամեակների համար բացի այդ երեք «ջիգիթներից» ուրիշ որեւէ մէկին, երկուսին… երեքին… հինգին… յիսունին չի գտնում իբրեւ առաջնորդ։ Առաջնորդ եւ ոչ թէ բալետմայստր։ Առաջնորդ եւ ոչ թէ սովետական նենգութիւններով ծրագրաւորուած մի ռոբ… այո’, մի ռոբոտ… Առաջնորդ եւ ոչ թէ ֆութբոլային դիւանագիտութեան ու դիւանագիտական աճպարարութեան անշնորհք մի դերակատար…
Բայց սա արդէն մի նոր Համանուագի մեղեդի է…

Փարիզ
2010